Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կմնա կալանավորված (տեսանյութ)

Երևանի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած բողոքարկման վերաբերյալ որոշման քննությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Եվ մերժել էր Քոչարյանին՝ գրավի դիմաց որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբանական խումբը վերաքննիչ դատարանին բողոք էր ներկայացրել:

Քիչ առաջ դատարանը որոշեց չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նա կմնա կալանավորված:

«Սա քաղաքական որոշում էր։ Իրավաբանական կոմպոնենտը զրո էր», – ասում է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ անգամ համոզվեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ալումյանը վստահեցրեց, որ բողոքարկելու են որոշումը ոչ միայն վճռաբեկ դատարան, այլև այս կապակցությամբ բողոք են ուղարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՄԻԵԴ ուղարկվելիք բողոքի մեջ ընդգրկվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հանգամանքը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *