Քաղաքականություն

«Սասնա Ծռեր»-ը սկսում է ստորագրահավաք

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին։

ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 2018 թ. կազմակերպված քննարկումների ժամանակ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը համակարգող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ, որտեղ գլխավորների թվում ներառել էր Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը:

Հայտնի պատճառներով այդ բարեփոխումներն առկախվեցին, սակայն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակում է առանցքային լինել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման օրակարգում:

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԿԸՀ-ին:

Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված և դիմումն ստորագրող ՀՀ քաղաքացիները, իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝

ա) իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում,

բ) սահմանված կարգով Արցախում ձևավորել ընտրական տարածքներ և ընտրական տեղամասեր, ինչպես նաև կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *