Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը ի՞նչ պետք է ասի որ. Մարուքյանը Սերժ Սարգսյանի ասելիքին սպասողներին

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հեգնանքով արձանագրեց, որ դրանք փայլուն են: Դրա վառ ապացույցը՝ Ռուսաստանում հայ վարորդներին  հայկական վարորդական իրավունքով մեքենա վարել չթույլատրելն է:

«Վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս  հայկական վարորդական իրավունքով վարել մեքենան: Այս հարցը մինչև հիմա Կառավարությունն ասում է, որ  հարցը լուծվում է: Այդ պրիմիտիվ հարցը մինչև այսօր իշխանությունը չի կարողացել լուծել: Հազարավոր նամակներ եմ ստանում, չգիտեմ այդ մարդկանց ինչ պատասխանեմ»:

Պատգամավորը կառավարությանը կոչ արեց այդ հարցով զբաղվել:

Մարուքյանը անդրադարձավ նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելուն: Պատգամավորը նկատեց՝ մնում է լրագրող դառնա, որպեսզի կարևոր հարցերի պատասխանը ստանա: 

«Մեկիդ մոտ հարց չի առաջանում, Միհրան Պողոսյանը ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: 1 տարի է գիտենք, որ նա պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Մեր նախաքննության մարմինները այնքան սպասեցին, որ այդ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանանա՞ն բռնել: Մեկդ այդ հարցը չեք բարձրացնում՝ էդ ո՞նց գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ գնաց, ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց»:

«Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները  նրան չեն տա  քաղաքական ապաստան, հուսանք, այո: Հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, նրանք կարծում եմ չեն տա, բայց, եթե տվեցին այ դա՝ այ-այ-այ, շատ վատ»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

 Մարուքյանի համար նաև զարմանալի թվաց, թե ինչո՞ւ  են վերջերս Սերժ Սարգսյանի խոսքին սպասում:

«Ի՞նչ պետք է ասի որ, մանկապարտեզները սեփականաշնորհած իշխանությունը ի՞նչ պետք է ասի, ի՞նչ եք ուզում, որ ասի»,- դիմելով լրագրողներին շեշտեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *