«Շարմազանովին և Շահնազարյանին ասեք՝ տղանե′ր, գոնե ձեր պատկերը չերևա»,- Վերին կարմիրաղբյուրցիներն այսպիսի դժգոհությամբ դիմավորեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին: Հիշեցնենք՝ «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը: Այսօր երևանյան քարոզարշավին զուգահեռ կուսակցությունը քարոզարշավ անցկացրեց նաև Մովսես, Բերդ, Հաղարծին, Դիլիջան, Սևան համայնքներում: Արձագանքելով Վերին կարմիրաղբյուրցիներին այն խնդրանքին, թե այնպես արեք, որ Շարմազանովն ու Շահնազարյանը չխոսեն, Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է. բոլորը պիտի ունենան խոսելու իրավունք: Ում չեք ուզում լսել, անջատեք: Իսկ եթե չեք ուզում այդ մարդկանց տեսնել խորհրդարանում, հիմա ձեր ձեռքերում է, իրենց մի ընտրեք»: Այնուհետև հարցրեց՝ ո՞վ է այստեղից ընտրելու ՀՀԿ-ին, ոչ ոք դրական պատասխան չտվեց: Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարն էլ վրդովված հայտնեց, թե իրենց համար ցավալին այն է, որ նոր իշխանությունն ընդունում է խոշորացումը. «Ոչ մեկ մեզ խոշորացման համար չի հարցրել, մեր համաձայնությունը չեն ստացել: Լավ օրենքներ բերեք խորհրդարան, որ մենք կարողանանք մեր վարչական շրջանում տեղական հանրաքվե անել»: Այնուհետև ասաց, թե ցանկանում են, որ Էդմոն Մարուքյանն իր դիրքն ունենա խորհրդարանում: Գյուղի բնակիչներից մեկն էլ խնդրեց. «Իջևանից մեզ ազատեք, մեկ էլ ուզում ենք, որ կադաստրի, նոտարի հետ կապված խնդիրներ չունենանք»: Էդմոն Մարուքյանը բարձրացված խնդիրների առիթով հայտարարեց՝ ովքեր հանդգնել են ոտնձգություն կատարել համայնքների նկատմամբ, նրանց պետք է դուրս շպրտել համակարգից. «Մարդկանց հետ իմիտացիոն քննարկումներ են արել և որի արդյունքում որոշել են խոշորացնել: Մենք դեմ ենք խոսել ու քվեարկել այդ խոշորացմանը: Դրան գումարած բարձրացրել եմ, որ տեղական ինքնակառավարման մասին և հանրաքվեի մասին օրենքի և Եվրոպական խարտիայի խախտումներով է ՀՀ-ում իրականացվել համայնքների խոշորացումը: Եթե մի բան որպես գաղափար Շվեդիայում աշխատել է ու գործել, դա չի նշանակում, որ նույն արդյունքները կարող է Շամշադինում լինել, որտեղ ադրբեջանցիները մեզ վրա կրակում են»: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ես Սերժ Սարգսյանի երեսին ասել եմ, թե դուք ինչքան բարեփոխում արեցիք, այնքան երկրի վիճակը վատացավ, և այդ բարեփոխումներինց մեկն էլ այս խոշորացումն է: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ գյուղական, քաղաքային փոքր ու մեծ համայնքներն իրենց կյանքի որակով ավելի մեծ համայնքներից, առավել ևս Երևանից չպետք է տարբերվեն: Ըստ նրա՝ դոտացիայի համակարգը պետք է փոփոխության ենթարկվի: Նա վստահեցրեց՝ «Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ռեֆորմը, քանի որ, ակնհայտ է, որ այն եղել է թշնամություն, սաբոտաժ համայնքների դեմ:
Նյութը՝ «Առավոտ»-ի։
0 Մեկնաբանություն