Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:
Նշենք, որ նախագիծն արդեն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որպեսզի ԱԱԾ պետի և ոստիկանապետի տեղակալների նշանակումը նույն ընթացակարգով տեղի ունենա։ «Ի պատասխան մենք առաջարկել ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նույնպես մտցվի փաթեթի մեջ, որով առաջարկում էինք, որ խմբակցության իրավունքների մեջ ավելացվեր այս հետևյալ իրավունքը, որ ՀՀ կառավարությանը, վարչապետին, նախարարներին ենթակա մարմինների ղեկավարները՝ խմբակցության գրության հիման վրա գրությունն ստանալուց 3-օրյա ժամկետում պարտավոր է ներկայանալ ԱԺ և պատասխանել պատգամավորների հարցերին»,- ասաց պարոն Մարուքյանը և հավելեց, թե ինչո՞ւ են ընդգրկել նաև նախարարների տեղակալներին, որովհետև նրանք Կառավարության անդամ չեն համարվում, հետևաբար ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ չէին ներկայանում և սա խորհրդարանական վերահսկողության հավելյալ լծակ է խորհրդարանական խմբակցությունների համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ այն համակարգը, որը շարունակում է մնալ, հնարավորություն չի տալու այս մարմիններին բարեփոխվելու համար։
«Մեր մտահոգությունները շարունակում են մնալ ուժի մեջ, բնականաբար մենք նոր նախագիծ կբերենք խմբակցությունների իրավունքների ընդլայնման համար։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ կապված, ապա Սահմանադրական փոփոխությունների նախագիծ կբերենք, որը միտված կլինի Կառավարության կառուցվածք վերադարձնելու, խորհրդարանին ավելի հաշվետու դարձնելու, և այս մարմիններում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա հավելեց, որ մտավախություն կա խորհրդարանին շատ լծակներ չտալու հետ կապված։ «Խորհրդարանական երկիր հայտարարվածը բովանդակային իմաստով կյանքի չի կոչվում, այլ շարունակում է մնալ վարչապետական երկիր, որտեղ խորհրդարանն ունի ցածր դերակատարում, և ըստ էության գործադիրը շարունակում է մնալ դոմինանտ իշխանություն»,- եզրափակեց նա։
0 Մեկնաբանություն