Քաղաքականություն

Շարունակվում է Քոչարյանի դատը

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, շարունակվում է քննվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքը։

Նիստից առաջ փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն պնդմանը, թե ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել «Մարտի 1»-ի գործով ճշմարտության բացահայտմանը՝ Ալումյանը հարցադրում արեց, թե. հետաքրքիր է՝ քանի՞ տարբեր կարծիք  կարող է ունենալ մի պետական մարմինը։ «Օրինակ՝ քննիչը էստեղ է և պնդելու է, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն կարող է խոչընդոտել, այլ՝ իրենք պնդում են, որ նա կարող է թաքնվել քննությունից», – ընդգծեց նա։

Սասուն Խաչատրյանը, ըստ Ալումյանի, ասում է, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, սակայն որևէ բան չի ասում նույն համակարգի այն պնդման մասին, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից։ «Այսինքն՝ իրենք իրենց մեջ էլ վերջնականապես չեն որոշել, որ, ի վերջո, ինչ են համարում», – մտքերը ձևակերպում է փաստաբանը՝ համոզված ասելով, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլ նաև՝ չի թաքնվի քննությունից։ Եվ որպես փաստարկ, պաշտպանը բերում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և քննությանը խանգարող որևէ գործողություն չի կատարել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *