ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, անցկացրեց հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 47 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող, 3՝ գաղտնի:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ նախագիծը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:
Այս նախագծի շահառու են այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ,-ներկայացրեց ՊԵԿ նախագահը:
«Թիրախավորվել են 3 խումբ՝ 1-ինը՝ նրանք, ովքեր 2019 թ. հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սույբեկտ, 2-րդը՝ անձինք, ովքեր 2019 թ. չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր և հարկային օրենսդրության առումով համարվել են ինքնազբաղված, և 3-րդը՝ այն անձինք, ովքեր չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2020 թ. հունվարի 1-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատեր դառնալու վերաբերյալ հայտ և իրենք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ են, իսկ 2019 թվականի ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր չեն եղել հաշվառված»,-ներկայացրեց Անանյանը:
Այս ծրագրի շահառուները, ըստ կառավարության հաշվարկների, մոտ 6000 են, նրանք ստանալու են միանվագ աջակցություն 2020 թվականի հուվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց իրացումից՝ հասույթների 10 %-ի չափով՝ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136.000 դրամ):
Նաև միանվագ աջակցություն են ստանում (նվազագույն աշխատավարձի՝ 68000 դրամի չափով) այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են միկրոձեռնարկատեր և անհատ ձեռնարկատեր չեն, ինչպես նաև այն անձինք, ովքեր 2020 ապրլի 1-ի դրությամբ ՊԵԿ-ի ՀԴՄ-ների ներդրաման գրասենյակ են ներկայացրել ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:
Վարչապետն էլ ընդգծեց՝ ամեն ինչ անում են, որ այս ծրագրերն ունենան ռազմավարական կոմպոնենտ:
«Այն միկրոբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պարտաճանաչ ներկայացրել են իրենց գրանցած առևտուրը ՀԴՄ-ների միջոցով, նրանք ավելի շատ կստանան աջակցություն։ Նրանք, ովքեր ընդհանրապես ՀԴՄ չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա»,- նշեց նա:
0 Մեկնաբանություն