ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց՝ ամիսներ առաջ կյանքից հեռացավ 104-ամյա այն կինը, ով իր գործընկերոջը տվեց առաջին մանդատը:
«Ես մտովի ցանկանում եմ պատկերացնել՝ այդ կինն իր կյանքում ինչ է տեսել քաղաքական իշխանությունների հերթափոխի ժամանակ: Նա տեսել է հերթափոխող ղեկավարներ, ովքեր հիմնականում փնովել են նախորդին, գուցե արդարացի և հիմնավոր, բայց չեն հրաժարվել նախորդների ձեռքում կուտակված իշխանության վերաբաշխումից»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ անընդհատ նույն իրավիճակն է ստեղծվում, և իշխանության բացարձականացումը կամ կենտրոնացումը որևէ անձի կամ որոշ անձանց ձեռքում լավ բանի չի տանում: Նա ներկայացրեց այդ էվոլյուցիոն ճանապարհը:
«Սկզբնական շրջանում ժողովուրդը սիրում է իշխանությանը, նրան պարգևում այդ կարևոր որոշումներն ընդունելու հնարավորություն, հաջորդ փուլում իշխանությունը սկսում է ինքն իրեն սիրել, քանի որ ավելի շատ է հայելու մեջ նայել, հաջորդ փուլում իշխանությունը սկսում է զարմանալ, որ ժողովուրդն իրեն չի սիրում, և սկսում է օտարման պրոցեսը»,- ասաց պատգամավորը:
Սրանից խուսափելու ճանապարհն, ըստ Սիմոնյանի, վերահսկողական և հաշվետվողական մեթոդների ու ինստիտուտների զարգացումն է:
0 Մեկնաբանություն