Քաղաքականություն

Սպիտակի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայքնի ավագանին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հայտարարությունը՝ ստորև.

«Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝

Անհեռատես քաղաքականություն

Տապալված դիվանագիտություն

Պարտված պատերազմ

Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ

Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս

Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ

Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ

Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ

Ապագայի նկատմամբ հավատի կորուստ

Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ  խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),

միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը,  որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն  Հայաստանի և Արցախի ժողովրդի»:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 25 համայնքներ և 149 բնակավայրեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *