Չխորանալով դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործի մանրամասների մեջ՝ Լոռի TV-ն ներկայացնում է նախկին և ներկա մարզետների միմյանց ուղղված մեղադրական և պաշտպանական «ստատուսները»:
ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ- Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջ 13.03, ժ. 23:50
Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները: Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:
Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին: Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման , նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում։
ԿԵՂԾ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԻ՛ ՏՐՎԵՔ- Արթուր Նալբանդյանի ֆեյսբուքյան էջ
Իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել…
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի «Սրբապղծություն» բարձրագոչ վերտառությամբ գրառումը ոչ միայն «մեղմ ասած» վրդովմունքի առիթ դարձավ, այլև, ի տարբերություն ոմանց, մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր էր ինձ համար: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք):
Իսկ հիմա՝ ըստ էության: Լոռու ներկայիս մարզպետը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դիմել է Լոռու մարզի դատախազությանը՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանությունների կողմից մարզպետի տնօրինմանը հանձնված սոցիալական աջակցության ֆոնդից քաղաքացիներին հատկացված գումարների հասցեականությունը: Ու գործը դեռևս նախաքննության փուլում՝ Ա. Ղուկասյանը հայտարարում է, որ բացահայտում է արված և պնդում (կրկնում եմ գործը նախաքննության փուլում է, իսկ նախաքննական գաղտիք բացահայտելը պատժելի արարք է), որ նախկին իշխանությունները ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքի համար դուրս գրված 50.000 դրամի դիմաց տրամադրել են 30.000 դրամ: Ստոր կեղծի՛ք և սուտ: Նախ՝ ինչու է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն: Երկրորդ՝ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը…
Ինչպես կարողացա պարզել մարզպետի նախկին օգնականներից և տեղակալից, ովքեր հարցաքննվել էին, խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: Վստահեցնում եմ ձեզ՝ ապրիլյան քառօրյայում Ջրաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել:
Եվ ինչ՝ որևէ մեկը կարծում է, որ մարզպետարանի որևէ մի աշխատակից իրեն թուլ կտար նման ստոր քայլի դիմել, այն էլ՝ այն դեպքում, երբ շատուշատ ընտանիքների աջակցություն էր ցուցաբերվում անձնական միջոցներից: Հուսամ՝ արձագանքողներ կլինեն…
Որոշ մարդիկ ի վերջո պետք է դադարեն իրենց հեղինակության բարձրացման փորձերը այլ մարդկանց հեղինակազրկելու միջոցով: Դա ձեզ մոտ չի ստացվի: Ես իմ հեղինակությունը վաստակել եմ տարիներով, իմ նվիրումի ու աշխատանքի միջոցով: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս արդյունք ենթադրող աշխատանքով ու բարի, կրկնում եմ, բարի գործերով կերտել ձեր հեղինակությունը:
Կեղծ պոպուլիզմի մի՛ տրվեք, կեղծ դիվիդենտներ մի հավաքե՛ք: Դրանք շատ շուտ փշուր-փշուր կլինեն: Այսօր շատերդ մերժված եք անգամ ձեր կուսակիցների կողմից(հաճախ ենք ստիպված լինում կարդալ ձեր «յուրայինների»՝ ասածս հաստատող գրառումները), և այժմ փորձ եք անում շահել ժողովրդի վստահությունը և ստի միջոցով ամրապնդել ձեր դիրքերը: Այդպես չի լինում: Ես դեռ հավատում եմ, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է և սուտ լուրեր, զրպարտություններ տարածելը դեռ քրեորեն պատժելի արարքներ են :
Իսկ ես շարունակում եմ գլուխս բարձր քայլել իմ երկրի, իմ մարզի, իմ քաղաքի փողոցներով, որովհետև հարգված ու սիրված եմ շատերի կողմից ու իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել:
ԿԵՂԾՎԵԼ ...-Ի ՄՈՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ- Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջ
Ի սկզբանե առաջնորդվելով պաշտոնական գործունեության հետ կապված խնդիրները անձնական դաշտ չտեղափոխելու հստակ գործելաոճով, զերծ կմնամ Լոռու նախկին մարզպետի սեռային դիտարկումներին համապարփակ գնահատական տալուց, իսկ վերջինիս ի պաշտոնե կատարած աշխատանքի գնահատականը պարբերաբար տալիս են ինձ դիմող քաղաքացիներն ու վերջինիս ենթակայությամբ աշխատած աշխատակիցները ամենագունեղ պատմություններով, որոնց մի քանիսի մասին դեռ առաջիկայում կլսենք:
Ինչ վերաբերում է մարզպետի ֆոնդից կատարված հատկացման արդյունքում ապրիլյան պատերազմի մասնակցի հարազատին փաստաթղթային ձևակերպմամբ 50.000, իսկ առձեռն՝ 30.000 դրամ տրամադրելու մասին տեղեկատվությունը հրապարակային դարձնելով նախաքննական գաղտնիք բացահայտելու մասին վերջինիս պնդումներին, հարկ եմ համարում նշել, որ տիրապետելով առավել մեծ ծավալով տեղեկատվության, հրապարակել եմ դրա մի փոքր մասը միայն՝ զերծ մնալով որևէ մանրամասն նշելուց և որևէ նախաքննական գաղտնիք բացահայտելուց:
Նախաքննական գաղտնիքի տարրեր այս դեպքում, պարունակում է նախկին մարզպետի գրառումը, ով մատնանշել է համայնքը, որի բնակիչը ստացել է տվյալ սոցիալական աջակցությունը:
Եվ քանի որ արդեն իսկ համայնքը մատնանշված է և բոլորը գիտեն, որ խոսքը Ջրաշեն համայնքի մասին է, առանց նախաքննական գաղտնիքի տարրեր ներկայացնելու հրապարակում ենք այն փաստաթուղթը, որը հավաստում է, որ «առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ.-ի ապրիլ ամսվա ընացքում ՀՀ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձիք շահադիտական դրդումներից ելնելով ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ...-ի անվամբ ելքագրված դրամական օգնության ԳՈՒՄԱՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԻՏԱՎՈՐՈՒՅԱՄԲ, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «ՀՀ Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն ստացած քաղաքացիների» ցուցակում ԿԵՂԾԵԼՈՎ ...-ի մոր ստորագրությունը, վերջինիս հատկացրել են տրամադրվելիք 50.000 ՀՀ դրամից պակաս՝ 30.000 ՀՀ դրամ գումար, ապա բովանդակությամբ ԿԵՂԾ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են Լոռու մարզպետարան...», .... ուստի որոշվել է դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:
Ապրիլյան պատերազմի մասնակցին հատկացված գումարի կեղծման հիմքով քրեական գործի հարուցման մասին այս ողջ պատմությունը իմ՝ առաջնագծում ծառայածիս համար չափազանց ցնցող էր ու զարմանալի: Միտքը, որ Լոռիում հնարավոր է արյան գնով հայրենիքը, հողը, երկիրը պաշտպանած զինվորին, սպային հատկացվելիք գումարից գողացած լինեն, ինձ երեկվանից հանգիստ չի տալիս:
Ու թերևս դա է պատճառը, որ հայրենիքի պաշտպանից գողանալուն վերաբերող այս դեպքով տեխնիկական վրիպակ ունեցա. գողանալու մեղադրանքը ապրիլյան պատերազմում վիրավորված, բայց բարեբախտաբար, ողջ մնացած զինծառայողի մասով է: Եվ սակայն կա՞ արդյոք էական տարբերություն, վիրավորի՞, թե զոհվածի ընտանիքից են գողացել: Չէ՞ որ երկուսն էլ կռվել ու պաշտպանել են հող հայրենին՝ արյան, կյանքի գնով:Իհարկե՝ ոչ:
Վստահ եմ, հարուցված քրեական գործն իր բնականոն հունով կգնա և կարճ ժամանակ անց ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ կհրապարակվի:
Ինչպես միշտ, այս դեպքում ևս ի տարբերություն որոշ այրերի, զերծ մնալով թե Լոռու նախկին մարզպետին, թե որևէ այլ պաշտոնյայի անձնական մեղադրանք կամ անձնական վիրավորանք հասցնելուց, վստահեցնում եմ, անկախ նրանից, դա որոշներին դուր է գալիս, թե՝ ոչ, ես շարունակելու եմ իմ որդեգրած սկզբունքային աշխատելաոճը ուղղված Լոռու մարզում օրինականության հաստատմանը, արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, որակյալ աշխատակիցներով համալրմանը՝ անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելիությունից:
Լոռին օրինապաշտության ու տնտեսական հեղափոխության ճանապարհին է ու այդ ընթացքն այլևս անկասելի է...
Իսկ առջևում դեռ կլինեն նոր ու առավել հետաքրքիր բացահայտումներ ինչպես մարզպետարանը ներկայացրած/ներկայացնող որոշ անհատների, այնպես էլ մարզային ենթակայության կառույցների ու դրանց տնօրենների գործունեության մասին:
Խմբագրության կողմից
Մենք կապ հաստատեցինք Լոռու մարզպետարանի նախկին պաշտոնատար անձանցից մեկի հետ, ով մեզ ասաց, որ մեղադրանքը մտացածին է, քանի որ 50000-ական դրամներ տրամադրվել են զոհվածների ընտանքիներին, իսկ 30000-ական դրամներ՝ վիրավոր զինծառայողների ընտանքիներին, իսկ բացահայտվածը վիրավոր է եղել:
Քանի որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արդեն իսկ հրապարակել է նախաքնական գաղտնիքը՝ քրեական գործ հարուցելու և քննիչին հանձնելու մասին փաստաթղթի տեսքով՝ մեզ մնում է կատարել մեր սեփական հետաքննությունն այս մութ պատմությունը բացահայտելու ուղղությամբ:
0 Մեկնաբանություն