Ունենք վստահություն ունեցող ԱԺ եւ նրա կողմից ձևավորված կառավարություն: Դատական իշխանությունում, մենք այդ վստահությունը դեռեւս չունենք: Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով նախաձեռնության պատրաստած բարեփոխումների հայեցակարգում ամրագրված դատաիրավական բարեփոխումների իրենց տեսլականը: Նրա համոզմամբ, օրակարգում մնում է դատական իշխանության` քաղաքական գործընթացներում ներգրավվածության հարցը. «Գործադիր իշխանությունը հրապարակավ զերծ է մնացել դատական իշխանությանը թելադրելու կամ միջամտելու գործառույթից, բայց դատական իշխանությունն իր բովանդակությամբ չի փոխվել: Եվ մարդու իրավունքների նախկին պաշտպանի (Կարեն Անդրեասյան) զեկույցը դատական իշխանության մասին, որի համար ինքը ենթարկվեց բուռն հետապնդման, մնում է օրակարգում: Այնտեղ խոսքը գնում էր կոռուպցիայի մասին`դատական իշխանությունում եւ այս վերջին դեպքը՝ դատավորի ձերբակալումը եւ կալանավորումը, իրապես վկայում է, որ դատական իշխանությունը պետք է փրկել»: Հակառակ պարագայում,եթե չլինի լեգիտիմ դատական իշխանություն, բանախոսի հավաստմամբ, խորհրդարանի եւ գործադիր իշխանության ամենաբարձր լեգիտիմության պարագայում է, բոլոր բարեփոխումները ձախողվելու են: «Թե գործադիր, թե օրենսդիր իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ նախկին կառավարման համակարգի տրամաբանության մեջ: Երբ ասում ենք`մոտեցումների, վերաբերմունքի առումով տրամաբանություն է փոխվել, բայց իշխանության տարանջատման եւ զսպման գոյություն ունեցող մեխանիզմը չի փոխվել: Այսինքն, ունենք բոլորովին այլ հարաբերություններ եւ մեխանիզմ, որը անպիտան է ժողովրդավարական կառավարման, իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից»,- ասաց բանախոսը` հավելելով, տրամաբանության փոփոխությունը պետք է արտահայտվի նաեւ հարաբերությունների, գործառույթների, կառավարման մեխանիզմների փոփոխությամբ, ոչ թե սուբյեկտիվ մոտեցումներով: Սա, ըստ նրա, վերաբերվում է ե՛ւ դատախազությանը, ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ ԱԱԾ-ին, ե՛ւ ՔԿՀ-ներին, ե՛ւ ԴԱՀԿ-ին, ե՛ւ փաստաբանական ծառայություններին: Սա Արթուր Սաքունցը համարում է իշխանությանն ուղղված հրապարակավ պահանջ, իսկ հապաղելը`զգուշացնում է`հղի է լուրջ խնդիրներով: «Զտման վերաբերյալ պետք է լինի քաղաքական որոշում: Պատժողական մոտեցմամբ չեն կարող բարեփոխումներ լինել, չեք կարող մարդկանց անընդհատ բռնեք կաշառքի կամ այլ բանի վրա, համակարգը պետք է փոխվի, որ վստահությունն էլ առաջանա»,- ասաց նա:
Նյութը՝ «Առավոտ»-ի։
0 Մեկնաբանություն