Մենք, ցավոք սրտի, կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ երկրում հաստատված է բավական ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք,- պարետատան նիստից հետո հայտնել է ՀՀ վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Նա նշեց, որ խնդիր կա կանոնների պահպանման որակի հետ:
«Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն, 3-րդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,-ասել է նա՝ նշելով, որ այդ կանոնները պահելը շատ կարևոր է և պարտադիր:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության տարբեր հատվածներում՝ ֆիզիկական անձանցից մինչև իրավաբանական անձինք ու տնտեսվարողներ: Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որ ստուգվի՝ արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և կանոնները խախտելու դեպքում, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,-ասել է նա և ավելացրել, որ ամեն դեպքում իրենց հիմնական անելիքն այս հարցում համարում են քաղաքացիների հետ երկխոսությունը:
0 Մեկնաբանություն