ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ նիստում պատասխանեց պատգամավորների՝ կառավարության օպտիմալացման նախագծի վերաբերյալ հարցադրումներին, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց մտահոգությունները փարատված չեն: Նա նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանն այդպես էլ հստակ պատասխան չունի հետեւյալ հարցադրումներին՝ քանի՞ մարդ է կրճատվելու կառավարության օպտիմալացման հետեւանքով, ի՞նչ սկզբունքով է կրճատվելու, ի՞նչ ժամանակահատվածում, եւ ի՞նչ ասել է «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցներ, որոնք եւս կրճատվելու են: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին հարցադրումներին ճշգրիտ պատասխանել հնարավոր չէ, բայց իրենք գնահատել են իրավիճակը եւ ունակ են ռիսկերը կառավարել: Նախարարը նշեց միայն, որ «հավելյալ արժեք չստեղծող» են համարվում այն աշխատողները, որոնք անում են ոչ թե պակաս արդյունավետ աշխատանք, այլ ոչինչ, այսինքն՝ նրանց ստեղծած արդյունքը չի ծառայում որեւէ բանի. «Հարցի պատասխանը կգտնվի, եթե պարզվի, թե որքան մարդ է վարձատրվում պետբյուջեից՝ միաժամանակ աշխատանք չկատարելով: Խնդիրը ոչ թե կրճատումն է, այլ արդյունավետությունը»: Էդմոն Մարուքյանն այնքան էլ չհամաձայնեց՝ նկատելով՝ նախորդ իշխանության օրոք ինչո՞ւ նրանց աշխատանքն արդյունավետ չէր դարձվում, գուցե հիմա՞ է հնարավոր այդպես անել: Դա հաշվի առնելով՝ Էդմոն Մարուքյանն Ատոմ Ջանջուղազյանին ասաց. «Եթե դուք եք զբաղվում սրանով, վարչապետը ձեզ պետք է ազատի պաշտոնից: Վարչապետը բան է հանձնարարում, իսկ կատարողը՝ ձախողում այն: Այստեղ անձնական որեւէ բան չկա»: Ապա Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ԼՀԿ-ն ԱԺ-ին առաջարկում է ընդունել Ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու որոշում: Կարդացեք նաև Ջանջուղազյանն ափսոսում է, որ կասկածի տակ են դնում իր աշխատանքը Բազմաթիվ պետություններում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից. ՊԵԿ-ը՝ Մարուքյանին «Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ-ի ղեկավարը կդառնա նախարար ու կդառնա վտանգավոր, դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք, էդ ի՞նչ ասելու բան է». Մարուքյան ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ այդ առաջարկը քննարկման կդրվի ԱԺ վաղվա նիստում: Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր սկսել է քննարկել կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, որով առաջարկվում է 17 նախարարությունից թողնել 12-ը:
0 Մեկնաբանություն