Քաղաքականություն

Վարչապետը ներողություն խնդրեց «Լուսավոր Հայաստան»-ից (տեսանյութ)

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում, և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել»,- ԱԺ-ում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը ներողություն խնդրեց կուսակցությունից՝ ասելով.

«Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ապա ես ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք՝ խոսքը մայիսի 2-ին կառավարության նիստում տեղի ունեցածի մասին էր: «Լուսավոր Հայաստանը» «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։

Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։

Սակայն կառավարությունը չէր ընդունել ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը՝ համարելով, որ այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ:

«Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ո՞վ ա լավ կրակում, ամենավատը ո՞վ ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ո՞նց ա ավելի համար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, իհարկե, մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, և, եթե էսպիսի անհրաժեշտություն զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք», - որպես օրինագիծը չընդունելու հիմնավորում ասել էր վարչապետը:

Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր վարչապետին, որ հրապարակավ հերքի իր հայտարարությունները:

Մանրամասն` «AYSOR TV»-ի տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *