Քաղաքականություն

«Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի». Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն արձանագրել է՝ այս ընթացքում Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի: 

Շնորհավորելով ԶՈւ շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ Փաշինյանը նշել է, որ նա զինված ուժերում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև էլ ավելի կբարելավվի մեր օրակարգը, խնդիրների լուծման որակը, և Զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ: 

«Անկեղծ ասած, այս ընթացքում, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր մի արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է ՀՀ-ում: Այսօր այն մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությունը մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելիության ամենակարևոր երաշխիքն է: Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, ՀՀ-ը նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները: Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են: ՀՀ կառավարությունը՝ ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլև որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել ԶՈւ համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար», - անդրադառնալով Զինված ուժերի դերակատարությանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈւ իմիջը և ԶՈւ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈւ-ում ծառայության իմիջը ԶՈւ-ի միջին հավասարեցնելը կամ առնվազն էականորեն մոտեցնելն է: «Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա: Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես բոլոր քաղաքացիները, առավել ևս՝ զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: ՀՀ-ը, կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈւ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան: Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար կամք, ներուժ, ընկալում՝ այս խնդիրը և սրանից  բխող մյուս խնդիրները լուծելու համար: Պարոն Դավթյան, կրկին շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար: Ինձ հաճելի և հետաքրքիր է եղել Ձեզ հետ աշխատելը: Պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման առիթով և մաղթում եմ հաջողություններ՝  ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *