Պոստֆակտում

Եթե հեղափոխությանը մասնակցությունը քայլարշավին, երթերին մասնակցելն է, ապա հայտարարում եմ, որ, այո՛, ես չեմ մասնակցել հեղափոխությանը։ Պոստֆակտում՝ Գագիկ Ժամհարյանի հետ

-Պարո՛ն Ժամհարյան, չե՞ք առարկի, որ ասեմ, որ որպես Վանաձոր քաղաքի ինտելեկտուլ երիտասարդությանը ներկայացնողներից մեկը, բավականաչափ պասիվ եք եղել նախորդ տարիների ընթացքում։ 

 -Կա այդպիսի ճշմարտություն։ Կփորձեմ պատասխանել որպես պատմաբան և մարդ, որը ավելի շատ ներգրավված է գիտության մեջ։ Որպես կանոն՝ Հայաստանում կա միտում, որ գիտությամբ զբաղվողները չեն սիրում հանրային տիրութում երևալ: Ես ուրախ եմ, որ այդ կարծրատիպը վերջին տարիներին կոտրվում է, որովհետև համեստ գիտնականի, անխոնջ գիտության մշակի կերպարին չի խանգարում որոշակի հանրային ճանաչելիությունը: Ես փորձել եմ չխախտել համեստության թույլատրելի սահմանները, որոնք իմ արժեհամակարգին, իմ դաստիարակությանը չէին հակասի։ Ինքս որոշակի մեծամտությամբ կամ փառասիրությամբ չեմ տառապում: Միգուցե սա է նաև խանգարել, որ փորձել եմ չլինել այնտեղ, որտեղ ես ասելիք չեմ ունենա կամ որոշակի տեսակետներ չեմ ունենա արտահայտելու: Նկատի ունեմ՝ զուտ լուսանկարվելու կամ եթերից երևալու ու նմանատիպ խնդիրներ չունեմ: Իսկ որպես սեփական անձը գնահատող և գիտակցող մարդ՝ ես արդեն ինձ կայացած եմ համարում:Բայց ընդունում եմ նաև, որ, այո, ժամանակները փեխվել են, նոր մարտահրավերներ կան մեր հասարակության դիմաց:

-Այս տարի Հայաստանում լուրջ իրադարձություն տեղի ունեցավ՝ հեղափոխություն կատարվեց։ Ես չեմ ուզում շոշափել Ձեր քաղաքական հայացքներն ու ճաշակը, համենայնդեպս, ենթադրում եմ, որ տարիներ անց այս օրերի մասին մենք պիտի կարդանք որպես պատմություն։ Պատմաբան Գագիկ Ժամհարյանը կզբաղվի՞ արդյոք արդի պատմությամբ՝ որպես պատմաբան վերլուծելով տեղի ունեցածը։

-Նախ՝ մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում են գիտությամբ, որոշակի պատմական ժամանակաշրջան ներկայացնելու և այդ ժամանակաշրջանի իրողությունները հետազոտելու և վերլուծելու խնդիր պետք է չունենան։ Պատմաբանը կարող է որոշակի նախասիրություն ցուցաբերել այս կամ այն ժամանակաշրջանի վերաբերյալ։ Այդ առումով պատմական գիտության այն ճյուղը, որով ես եմ զբաղվում՝ սոցիալական պատմություն,առօրեականության պատմություն, կարծում եմ՝ ահռելի գիտական նյութ ունի քաղելու հենց ապրիլյան, մայիսյան իրադարձություններից, մասնավորապես՝ թավշյա հեղափոխությունից, որովհետև պատմագիտության ուսումնասիրությունների այս ուղղությունը զբաղվում է հենց սովորական մարդկանց կյանքը ուսումնասիրելով անսովոր պայմաններում, տարբեր տիպի պետական, միջպետական մարտահրավերների շրջանակում, հասարակության սովորական անդամների, քաղաքացիների ներգրավվածությունը պետական խնդիրներին, պետական գործընթացներին։ Այնպես որ, տարիներ հետո ինձ հաստատ կհետաքրքրի նաև թավշյա հեղափոխության առօրեականությունը։ Կարող են լինել անգամ հենց այսպիսի վերտառությամբ ուսումնասիրություններ։

-Անձամբ մասնակցե՞լ եք հեղափոխությանը, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին։

-Ճիշտն ասած՝ ես այդ հարցին սպասում էի, որովհետև երբ կարդում էի ֆեյսբուքյան էջում Ձեր արած հայտարարության մեկնաբանությունները, այնտեղ օգտատերերից մեկը հարց էր հնչեցրել՝ թե ես որքանով եմ մոտ եղել հեղափոխությանը։ Հեղափոխությունը ինքը այնպիսի պատմական հասարակական գործընթաց է, որն ընդգրկում է ամբողջ հասարակությանը։ Հակառակ դեպքում՝ դա հեղափոխություն չէր լինի։ Յուրաքանչյուր անհատ, որն ապրել է ՀՀ-ում, կամ նույնիսկ եղել է ՀՀ-ից դուրս, անկախ նրանից՝ ինչ գործառութային մասնակցություն է ունեցել հեղափոխությանը, ինքը հաստատ մասնակիցն է թավշյա հեղափոխության։ Համենայնդեպս, ինձ շատ հոգեհարազատ է այն ուղերձը, որ այս հեղափոխությունը կատարել է ժողովուրդը։ Ես ինձ համարում եմ այդ ժողովրդի մասնիկը։ Ինչ վերաբերում է մասնակցության կոնկրետ ձևաչափին, ապա ես նման մանր հարցերի պարզաբանմամբ չեմ զբաղվում, որովհետև հեղափոխության մասնակցությունը որոշակի ձևաչափ չի ենթադրում։ Ես նույնիսկ կարող եմ հիշել դրվագներ իմ մասնագիտական կյանքից, որ ես մասնակցում էի հեղափոխությանը մինչև հեղափոխությունը։ Այն երիտասարդությունը, որն իրագործեց հեղափոխության գործընթացների և գեներացիան, և դրանց որոշակի բյուրեղացումը որոշակի ձևաչափերով, այդ երիտասարդները եթե գաղափարական, գիտակցական նախապատրաստություն անցած չլինեին մինչև հեղափոխությունը, նրանք չէին կարող դա անել։ Որպես մանկավարժ՝ ես կողմնակից եմ եղել ազատ մտքին, երեխայի կողմից սեփական պոտենցիալի անընդհատ խթանմանը, այդ պոտենցիալի դրսևորմանը։ Ես մասնակից եմ եղել իմ ուսանողների, աշակերտների անհատական, մասնագիտական աճին, փորձել եմ օգնել։ Եթե հեղափոխությանը մասնակցությունը քայլարշավին, երթերին մասնակցելն է, ապա ես հիմա կհայտարարեմ, որ, այո՛, ես չեմ մասնակցել հեղափոխությանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև ֆեյսբուքի օգտատերերի կողմից բաձրացված հարցերը։

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *