Պոստֆակտում

Մարզպետարանի կողմից ճնշումների եմ ենթարկվում, որովհետև նախկինների հետ աշխատել եմ. Կիմիկ Պետրոսյան

Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանն ասում, էր որ մարզային իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվում և Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն իրեն ասել է, որ  ինքը նախկինների հետ աշխատել է և ձորի՝ Ալավերդու տարածաշրջանի դպրոցների տնօրեններից պիտի ազատվեն:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրավոր նկատողություն է արել՝ հղում անելով դեկտեմբերի 4-5-ին «կատարած» աուդիտի արդյունքները: Պետրոսյանն ասում է, որ այդ ժամանակահատվածում աուդիտ չի եղել, որովհետև աուդիտը կազմակերպվում է նվազագույնը երեք տարին մեկ, իսկ վերջին աուդիտը դպրոցում կատարել են ուղիղ մեկ տարի առաջ, որի արդյունքերի, արձանագրված խախտումների վերաբերյալ տնօրենը շտկումներ է  արել, բայց նրանից չեն պահանջել հաշվետվությունը թերությունները վերացնելու ուղղությամբ: Փոխարենը՝ կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն է առանց զգուշացնելու այցելել դպրոց, շրջել դասասենյակներում, ինչ-ինչ «ստուգումներ» իրականացրել, որի իրավունքը չուներ օրենսդրությամբ, նա պիտի զգուշացներ…  Չունենալով որևէ այլ հիմք տնօրենին գրավոր նկատողություն տալու՝ մարզպետը չհամարակալած, չթվագրված մարզպետարանի ձևաթղթի վրա նկատողություն է անում, որպեսզի ազատվի տնօրենից:

Ըստ Պետրոսյանի, դպրոցի բարձր դասարանցիների միջև տեղի ունեցած դանակահարության փաստը ևս օգտագործվում է իր դեմ, մինչդեռ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ գործը դեռևս գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տիրույթում և տնօրենի մեղավորությունը այս դեպքի հետ կապված միայն դատարանի ուժի մեջ մտած վճռով կարող է փաստվել:

Հ.Գ. Ուսումնասիրելով Կիմիկ Պետորսյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերը, աչքիցս չվրիպեց, այն որ տնօրենի պաշտոնին հավակնողներից Նելլի Թամազյանը «տնօրեն» բառը ո-ով էր գրել՝ «տնորեն», իսկ մյուս թեկնածուն, որի նշանակմանը շահագրգիռ է Լոռու մարզպետը՝ «օրինակ» բառն էր ո-ով գրել՝ «ստացա մեկ որինակ»: Այսպիսի գրագիտությամբ նոր տնօրեններ կունենանք Նոր Հայաստանում:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *