Պոստֆակտում

Մենք կառուցում ենք մեր երազած Հայաստանը. Պոստֆակտում՝ Կարեն Ադամյանի հետ

Ի՞նչ տրամադրություն ունեք այս շրջանում, հեղափոխությունից հետո, իրադարձություն, որի համար դուք անձամբ տասնյակ տարիներ պայքարել եք:

-Ես տեսնում եմ փոփոխություններ, ես տեսնում եմ առաջընթաց, ես տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի և միջանձնային հարաբերությունների մեջ դրական տեղաշարժ, Հայաստանը նոր շունչ  է ապրում, Հայաստանի պետականությունը նոր ամրություն է ձեռք բերում:

Դուք տարիներ շարունակ ՀՀՇ կուսակցության անդամ եք և ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ ճնշումների եք ենթարկվել ու չեք հրաժարվել կուսակցությունից: Հիմա հեղափոխություն է տեղի ունեցել, դուք ձեզ համարո՞ւմ եք այս հեղափոխության շահառուն:

-Ես կարծում եմ, որ այս հեղափոխության արմատներում բոլոր այն շարժումներն են, որոնք մեր պետությունը ապրեց: Իմ կարծիքիով այս հեղափոխությանը նպաստեցին նաև մարտի մեկի ցավալի դեպքերը, էլեկտրիկ Երևանը, տրանսպորտի թանկացման հետ կապված խնդիրները: Ընդհանրապես, «Հանրապետական» կուսակցության թիվ մեկ ընդդիմադիրը միշտ եղել է ՀԱԿ-ը, և այդ գաղափարական պատերազմը շարունակվեց, որը պիտի մի օր հանգուցալուծում ունենար, և այդ հանգուցալուծումը այս կամ այն չափով ձևավորվեց, հասունացավ և դրսևորվեց այս հեղափոխության տեսքով: Բնականաբար, լինելով ընդդիմադիր՝ նախորդ  իշխանություններին, պիտի ինչ-որ չափով իմ լուման ունենայի, թեկուզ միայն իմ մտքերով, իմ գաղափարներով, իմ արտահայտչամիջոցներով և ես այն ուրախացողներից մեկն էի, որ իրավունք ուներ այս հեղափոխության մեջ նաև իր վաստակը տեսնելու: Հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք կառուցում ենք մեր երազած Հայաստանը:

Հիմա շատերն ասում են. «Մասնակցել եմ, քայլ եմ արել, մերժել եմ», բայց դժգոհ են,  իրենց շահառու չեն զգում, հավանաբար ակնկալում են գործ, պաշտոն… Դուք և՞ս ակնկալիքներ, սպասելիքներ  ունեք որպես բժիշկ, մենեջեր, ու եթե ձեզ առաջարկ չարվի՝ դո՞ւք էլ կդժգոհեք:

-Երբեք, ես որևէ ակնկալիք չեմ ունեցել, ես դեռ այն ժամանակ, երբ հեղափոխություն չկար, ասացի, որ մեր սերունդը չկարողացավ այդ հեղափոխությունը անել, երկիրը ճիշտ ուղու վրա դնել:

Բայց արեցիք, դու ձեզ ծեր ե՞ք զգում, այս հեղափոխությունը երեք սերունդ արեց, չէ՞:

-Ո՛չ, այս հեղափոխությունը սկսեց, հաղթեց և շարունակելու է մեր պայծառ երիտասարդությունը:

Ձեր սերունդը չի՞ մասնակցել:

-Մեր սերունդը մասնակցեց այնքանով, որքանով որ գաղափարներ, հիմք, բազա, մենք էինք ստեղծել, փոխկապակցված բազմաթիվ անկյուններ, բազմաթիվ եզրեր կան, որոնք օրգանական շարունակություն են ստեղծում, այսինքն նրանց հանրագումարն է բերում հեղափոխության: Մարդիկ, որոնք ժամանակին արել են, աշխատել են այս ուղղությամբ՝ նրանք ևս իրենց դերն ու լուման ունեն, բայց շարժիչ ուժը այս հեղափոխության՝ երիտասարդությունն էր, որովհետև նրանք կարողացան անել այն, ինչը մենք չկարողացանք:

Երբեք ու երբեք դուք չմտաք ՀՀԿ, նույնիսկ այն պարագայում, երբ գործազուրկ էիք դառնում և կարող էիք ընդամենը մեկ դիմումով հանգիստ ապրել, ղեկավարել… 

-Մարդն իր էությունը, սկզբունքը չպիտի փոխի, և եթե մենք մեր ցանկություններին կարողացանք հաղթել՝ մնալով նույնը, սկաբունքային, ապա մենք շատ ավելի ուժեղ ենք, քան այն մարդիկ, որոնք կարողանում են շատ արագ կերպարանափոխվել: Խայտառակ տգեղ է ինձ համար այն երևույթը, որ տեսնում եմ, թե ինչպես երեկվա հանարապետականը այսօր փորձում է ինչ-որ կերպ մտնել, սողոսկել կամ արանք գտնել ՔՊ շարքերում տեղավորվելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *