ԱՐՑԱԽ

Մարզպետարանը «չեկ» է տվել, որպեսզի ներկայացնեմ մաքսային

 Մամուլում լուրեր տարածվեցին առ այն, որ Լոռու մարզպետարանը Վանաձորի «Կենտրոն» համատիրության նախագահին վարկ է տրամադրվել՝ անձնական մեքենան մաքսազերծելու համար:

«Լոռի» հեռուստաընկերությունը զրուցել է Վանաձորի «Կենտրոն» համատիրության ղեկավար Տարոն Ֆարմանյանի հետ.

-Պարոն Ֆարմանյան, մամուլը գրում է, որ Լոռու մարզպետարանը ձեզ վարկով գումար է տրամադրել, որպեսզի ձեզ պատկանող վրացական համարանիշներով փոխադրամիջոցը մաքսազերծեք,  ինչպե՞ս է դա եղել:

-2011 թ. երբ արգելվեց ՀՀ տարածքում առանց մաքսազերծման վրացական պետհամարանիշներով մեքենաների շահագործումը, ինձ համար, ինչպես նաև բազմաթիվ վարորդների համար դա չսպասված անակնկալ էր, քանի որ գումար չունեինք մեքենաների մաքսազերծման համար: Այդ ժամանակ դիմեցինք մարզպետարան, կառավարություն, որ այս հարցին ինչ-որ լուծում գտնվի, ինչ-որ աջակցություն լինի: Կառավարության կողմից համապատասխան որոշում եղավ, որ մենք կարող ենք այդ գումարները ստանալ մարզպետարանից: Ես և ինձ հետ շատերը դիմեցինք Լոռու մարզպետարան, քանի որ այդ գործառույթը մարզերում պիտի իրականացնեին մարզպետարանները: Մարզպետարանը ցուցակագրեց փոխադրամիջոցների տերերին և կնքեց համապատասխան պայմանագրեր:

-Իսկ պայմանագիրը ինչի՞ մասին էր, ի՞նչ պարտավորություն ունեիք դուք:

Պայամանգրով  ես պիտի ստանայի իմ ավտոմեքենայի մաքսազերծման համար անհրաժեշտ գումարը և որոշակի ժամանակահատվածում ետ վերադարձնեի մարզպետարանին:

-Ումի՞ց պիտի ստանայիք, ինչպե՞ս և ո՞վ տվեց ձեզ այդ գումարը:  

Մարզպետարանը ինձ առձեռն գումար չի տվել, այլ տվել է չեկ, որը ես պիտի ներկայացնեի մաքսային մամիններին, որը և արեցի:

-Իսկ ինչո՞ւ հետագայում Լոռու մարզպետարանը դիմեց դատարան, դուք չէի՞ք կատարել պայմանագրային պարտավորությունները, և ո՞ր մասով չէիք կատարել:

Սկզբում ես մի որոշակի գումար վճարեցի, հետո չկարողացա վճարել, գումար չունեի:

-Իսկ ինչպե՞ս էիք կատարում վճարումը՝ առձե՞ռն, թե՞…

Մարզպետարանը ինձ հաշվեհամար էր տվել, հավանաբար իրենց հաշվեհամարն էր, որին ես բանկի միջոցով կատարել եմ փոխանցում, հետո չեմ կարողացել և տույժ ու տուգանքներ են առաջացել: Դրանից հետո մարզպետարանը դիմել է դատարան և դատարանը վճիռ է կայացրել առ այն, որ ես պարտավոր եմ վճարել միայն մայր գումարը, իսկ տույժ-տուգանքները՝ ոչ: Ես վճարեցի մնացած գունարը և այս պատմությունն ավարտվեց:

Իսկ պայմանագրում կա՞ր տույժ-տուգանքների մասին կետ կամ չվերադարձնելու դեպքում ինչպե՞ս պիտի ետ գանձեին գումարը:

Պայմանագի բովանդակային մասը չեմ հիշում, բայց տոկոսով չի եղել:

-Ստացվում է, որ դատարանը որոշել է, որ մարզպետարանը իրավունք չի ունեցել տույժեր և տուգանքներ ավելացնելու մայր գումարին, որովհետև ինքն այդ իրավասությունը չունի՞:

Երևի այդպես էլ եղել է, ես հիմա չեմ էլ հիշում մանրամասները:

-Իսկ ո՞վ էր այդ ժամանակահատվածում մարզպետը:

Արամ Քոչարյանն էր:

-Կարծո՞ւմ եք, որ մարզպետարանը ապօրինություն է արել, հանդես գալով որպես վարկային կազմակերպություն կամ բանկ:

Չեմ կարող ասել, ես չեմ խորացել այդ ամենի մեջ:

Զրուցեց՝ Նարինե Ավետիսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *