ԱՐՑԱԽ

Վանաձորի դպրոցների տնօրենները «բռնվեցին դեպքի վայրում» /տեսանյութ/

Թիվ 3 դպրոցում հավաքվել էին Վանաձորի դպրոցների տասնյակ տնօրեններ: Վերջիններս այստեղ էին մարզպետարանի ցուցումով, նրանք պիտի միահամուռ կերպով հերքեին մամուլում տարածված, ապա նաև ԱԺ-ում հնչեցված տեղեկատվությունն, առ այն, որ իրենցից մարզպետարանը պարզաբանում է պահանջել  «Քաղաքացու օր» միջոցառամանը չմասնակցելու համար:

Մեզ մոտ կանգնած տնօրեններից մեկն ասաց, որ այս անգամ մարզպետարանի կրթության վարչության աշխատողները զգուշավորություն են ցուցաբերել, անձամբ չեն զանգել տնօրեններին, այլ իրենց վստահելի 1-2 տնօրենի հանձնարարել են բոլորին հավաքել մի տեղում՝  3-րդ դպրոցում և հերքման տեքստ պատրաստել:

Մեր նկարահանող խումբը րոպեներ անց տեղում էր, բայց դուռը պահակը չբացեց՝ հրահանգված էր չբացել, նույնիսկ չհետաքրքրվեց, թե ինչո՞ւ ենք եկել, ի՞նչ ենք ուզում, փոխարենը՝ մեզ էր նկարում ու հեռանում՝ հավանաբար մեր լուսանկարները հրամցնելու ժողովի մասնակիցներին, նրանք էլ՝ վերադասին:

Քիչ անց, մեզ ներսից հաղորդագրություն ուղարկեց տնօրեններից մեկը, ով տեղեկացրեց, որ մենք խոչընդոտեցինք հավաքի բուն նպատակն իրականացնելը: Ավելին, մեզ մոտ կանգնած տնօրեններն ասում են, որ մարզպետարանի համապատասխան պաշտոնյան տեղեկանալով, որ մենք բակում ենք և մամուլում արդեն հրապարակումներ կան հավաքի մասին՝ կարգադրել է չեղարկել ժողովի օրակարգի միակ թեման՝ հերքումը և «ցրվել»:

Քիչ անց տնօրենները դուրս եկան ու շտապ հեռացան, իսկ հարցին, թե ինչո՞ւ էին հավաքվել, հումորով պատասխաններ էին տալիս, միաժամանակ բարեմաղթանքներ հղում մեզ:

Հ. Գ. Փոքրիկ միջադեպ էլ տեղի ունեցավ «անձնվեր» պահակի հետ, ով վերցրել էր օպերատորից միկրոֆոնն ու ետ չէր տալիս, պատճառաբանելով, որ աշխատանքային օրն ավարտված է, հետո էլ գանգատվեց, որ օպերատորն իրեն հայհոյել է և ինքն այդ կադրերը հեռախոսով նկարել է: Երբ պահանջեցի ցույց տալ նկարահանումը, որտեղ օպերատորը հայհոյում է՝ պարզվեց, որ չկա նման բան, հետո էլ ասաց, որ «ձեռքով» է հայհոյել…

«Լոռի» հեռուստաընկերություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *