Հասարակություն

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ մեղադրյալի կարգավիճակում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ 2014թ.-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400 ՀՀ դրամով:

Ըստ մեղադրանքի` հիշյալ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29.400.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանումը ղեկավարած Դերենիկ Գևորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակությունից փոխել «գյուղատնտեսականի»: Այսինքն` Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից: 

Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67.500 ՀՀ դրամով` 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ 1-ից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձևակերպվել  է 2-րդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ և կատարվել մասնակցության համար ձևական վճարումներ: Դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, 2-րդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձևակերպելու, սակայն աճուրդին փաստացի 1 մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295.470.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարվել է, փաստորեն, ձևական աճուրդում հաղթող ճանաչված ընկերությանը:

  Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին, այդ թվում` անհարկի միջամտությամբ ձևափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման և հողային հաշվեկշիռը, իսկ հողի նպատակային նշանակությունն անհիմն փոփոխելու պատճառով իրականում բարձր արժեք ունեցող հողատարածքը փաստացի 1 մասնակից ունեցող ձևական աճուրդի միջոցով օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Հանցագործությամբ պատճառված 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

 Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *