Հասարակություն

Բանակցային գործընթացից կորել է Արցախը

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես չեմ կորցրել, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կորցրել: Երկրորդի գրասենյակը առաջին նախագահին մեղադրում է լկտի ստի մեջ՝ թե դու ես կորցրել: Երրորդ նախագահը լռում է, թեպետ լավ գիտի, թե ով է կորցրել, ու նրա փոխարեն իր Պնախարարն է հայտարարում, թե չգիտենք՝ կորել է, թե չի կորել, Հայաստանը այդ ամենի հետ կապ չունի, հակամարտության կողմ չէ, ու Արցախը ինչպես կորել է, այնպես էլ թող գտնվի ու նստի բանակցային սեղանի շուրջ: Իսկ եթե լուրջ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներ ջան, Քոչարյանի ասած՝ Արցախը հո՞ ճամպրուկ չէր, որ այդքան հեշտ կորչեր, ու դուք 25 տարի իրար մեղադրեիք, թե ով է այն կորցրել: Բա լավ, հասուն պապիկներ եք. եթե գտնում եք, որ դա կործանարար քայլ էր, ինչու այդ դեպքում ոչ մեկդ քայլ չեք անում պարզելու, թե ով կորցրեց ճամպրուկը? Իսկ երկրորդ նախագահի գրասենյակին մի խորհուրդ կտամ. հերթական հաղորդագրությունում այս կամ այն նյութի հղում տալու փոխարեն ցուցադրեք 2003թ. Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստաբանավեճը, որի ընթացքում /այսօրվա նման հիշում եմ/ ի պատասխան Դեմիրճյանի տեսակետի, թե բանակցություններին պետք է մասնակցեն Արցախն ու Հայաստանը, Քոչարյանը հակադարձեց՝ ոչ, Հայաստանը պետք է բանակցի Արցախի ու իր փոխարեն: Ահա և Քոչարյանի ինքնախոստովանությունը, թո ով և երբ կորցրեց ճամպրուկը: Հետևաբար, ձեր հաղորդագրություններով միայն միամիտներին ու նոր սերնդին կխաբեք: Դուք արդեն ասել եք, թե ով է կորցրել ճամպրուկը, ըհ, Արցախը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *