Հասարակություն

ԶԼՄ-ներն ընդդեմ ԱԺ-ի․ լրագրողների աշխատանքի սահմանափակումները կվիճարկվեն դատարանում

Վարչական դատարում կվիճարկվեն ԱԺ–ում լրագրողների աշխատանքը սահմանափակող որոշումները։ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը․

«Մի հայցադիմումով Վարչական դատարանում վիճարկել ենք օգոստոսի 11-ին ուղիղ եթերը կանգնեցնելու՝ ԱԺ նախագահի հրամանը, մյուս հայցադիմումը, որը ա առաջիկա օրերի ընթացքում կմուտքագրվի, վիճարկում է անվտանգության աշխատակիցներին տեսանկարահանելու արգելք սահմանող որոշումը»։ 

Խոսքի ազատության խնդիրներով զբաղվող կազմակերպություններին, լրագրողներին զայրացրել և քննարկման են բերել ԱԺ 8-րդ գումարման առաջին իսկ օրից լրագրողների աշխատանքը սահմանափակելու դեպքերը․ դրանց հաջորդել էր ԱԺ խորհրդի որոշումը՝  լրագրողների աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ։

Նախկին լրագրող, այժմ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեջբերում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որով սահմանվում է լրագրողների հավատարմագրման կարգը․

«Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի մասնակցությունը տվյալ մարմնի նիստերին ու միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի»։ 

ԱԺ–ի այգում գործունեություն ծավալելու և աշխատելու համար պարտադիր չէ հավատարմագրվել՝ ասում է պատգամավորը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը շեշտում է՝ վաղուց ԱԺ–ում չէր եղել, բայց հասցրել է մուտքի մոտ զարմանալ։

«Այս «բռնապետական կարգերի» հաստատմանը ես ականատես եղա հենց մուտքի մոտ, երբ տեսա, որ հրավիրյալների անուն-ազգանունների կողքին նշված է, թե ով կարող է բջջային հեռախոսով ներս մտնել, ով՝ ոչ, և սա տարածվում էր նաև մեդիակազմակերպություններից մեկի ղեկավարի վրա։ Սա արդեն տարօրինակ է»,– ասում է Սաթիկ Սեյրանյանը։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝  Աժ-ում քննարկման ենթակա ավելի կարևոր հարցեր կան, բայց ստեղծված իրավիճակը այլ ելք չի թողնում։

«ԶԼՄ–ների գործունեության սահմանափակումը կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ և անհրաժեշտ ու բավարար պայմանների բավարարմամբ։ Որևէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե իրավական ակտերով է սահմանվել, հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել են, որակվելու են ու կորակվեն որպես բռնություն խոսքի ազատությանը»։ 

Լևոն Բարսեղյանը համոզված է՝ ոչ մի փոխզիջում չպետք է լինի, եթե խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը։ Այս մասով որոշակի վերապահումներ ունի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը․ կարծում է՝ կարելի է քննարկումների ու փոխադարձ համաձայնությունների արդյունքում որոշակի արդյունքի հասնել, չնայած կիրառված սահմանափակումներն աննախադեպ են․

«Մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորում, թե ինչու է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք պատգամավորների ու նրանց աշխատանքի նկատմամբ։ Ես առաջարկում եմ առաջարկությունների փաթեթ ներկայացնել և երկխոսության քայլ անել դեպի ԱԺ ղեկավարությունը, որպեսզի չստացվի, որ մենք պատրաստ չենք բարեփոխումների և միայն պահանջում ենք, որ ամեն ինչ մնա այնպես ինչպես կա, քանի որ այդպես մեզ համար հարմար է աշխատել»,– ասում է Դոյդոյանը։

Քննարկման արդյունքում առանձնացված դիտարկումները, բողոքներն ու առաջարկությունները կամփոփվեն և կհրապարակվեն առանձին փաստաթղթով,- նշել է Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Իսկ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ համոզված է՝ անկախ ամեն ինչից՝ ԱԺ–ում լրագրողների տեղաշարժի բոլոր սահմանափակումները պետք է չեղարկվեն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *