COVID19

ԲԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ

Նոր հազարամյակ եկավ։
Ի՞նչ է եղել։
Ի՞նչ է լինում։
Ինչքանո՞վ ըմբռնեցինք։
Ինչքանո՞վ ենք ըմբռնում։
Ինչքանո՞վ ենք ժամանակի ընթացքի տերը և ինչքանո՞վ ենք նրա ենթական։
Անդեմ ենթական։
Էպոխա հեռացավ։ Ժամանակաշրջան, մեծ մի ժամանակաշրջան հեռացավ, և էպոխա է գալիս։ Եկել է։ Եվ եթե ոչ ամբողջ աշխարհի համար, մեզ համար՝ Սովետական Միության տարածքի ժողովուրդների համար, շատ ցավագին ընթացք է սա։ Ցավագին, դժվար տանելի ընթացք է սա։
Մենք մեր ժամանակից դուրս էինք նետվել և ժամանակից դուրս էինք մնացել։ Արևմուտքը անընդհատ նույն ընթացքի մեջ էր, և Արևմուտքի համար անսպասելի չի այս նոր էպոխան՝ ի՛ր ժամանակը։ Մեզ համար անակնկալ էր, անսպասելի էր։ Եվ դրա համար է ցավալի։
Հիշում եմ, 89-ին Պորտուգալիայում գրողների սիմպոզիումի ժամանակ, որտեղ աշխարհի շատ խոշոր գրողներ կային, մի պատկառելի պատգամավորություն էլ ռուս գրականությունը, սովետմիության գրականությունն էր ներկայացնում։ Դիսիդենտներ Իոսիֆ Բրոդսկին, Սերգեյ Դովլաթովը՝ կիսով չափ հայ։ Երկուսի հետ մանավանդ ընկերացա, և նրանք էսօր ինձ համար իմ ամենաթանկ կորուստներից են։ Զինովի Զիննիկ կար, Տանյա Տոլստոյա այստեղից, Անատոլի Կիմ և Լև Աննինսկի։ Բոլորն էլ սիրելի, բոլորն էլ արժանավոր անուններ։ Ու հանդիպման ժամանակ Արևմուտքը, ներառյալ նաև Արևելյան Եվրոպայի ժողովուրդները, այսպես կոչված ճնշված, սովետական լծի տակ ճնշված ժողովուրդները՝ լեհերը, չեխերը, անգամ հարավսլավացիները, հրճվանքով էին նահանջը՝ իրենց առաջընթացը և Սովետական Միության նահանջը արձանագրում։ Այդ ժամանակ նաև մեզանից շատերը, թերևս անգամ ես, հրճվանքով միանում էին նրանց գրոհին՝ ընդդեմ բռնակալության, ընդդեմ այս երկրի։ Եվ տագնապը ամենից շատ արտահայտվում էր նրա՛նց դեմքին, նրա՛նց մեջ, ովքեր որ դիսիդենտներ էին, երբ թվում էր, թե իրենց հաղթանակն էր՝ իրենց պայքարը պսակվել է հաղթանակով։ Այդ տագնապը շատ ավելի Իոսիֆ Բրոդսկու մեջ էր և Սերգեյ Դովլաթովի։ Գիտեին, թե ինչ զարհուրանք է ճայթելու մեր գլխին և ինչ հասարակություն, ոչ թե հասարակարգ, այլ հասարակություն ենք կորցնելու, ինչ վիթխարի կորուստներ ենք ունենալու, ինչ շատ զոհեր են լինելու։ Նրանք էդ ավելի էին տեսնում, քան մենք։ Նրանք գիտեին, թե էս ինչ է։
Հնարավո՞ր է, որ ավելի փափուկ անցում լիներ։ Չեմ կարծում, թե հնարավոր էր։
Էդ փափուկ անցումը լիներ, և էս վիթխարի կորուստները չլինեին։ Չեղավ, այդ փափուկ անցումը չեղավ։ Նշանակում է՝ չէր էլ լինելու։ Կորուստները, էն կորուստները որ ասում եմ, իսկապես դրանք կշռելի, ծանր կորուստներ են։
Ուրիշ անգամ արտահայտվել եմ և բավականին ճշգրիտ բանաձև եմ գտել. հայ մարդու համար, իմ հայ մարդու համար, ինձ համար մեծագույն կորուստը իմ իմպերիական կարգավիճակի, ստատուսի կորուստն է։
Որպեսզի սա հասկանալի լինի, թե ինչ կորուստ է, ինչ է նշանակում. Միության փլուզումից, Ռուսաստանի հեռանալուց հետո այլևս իմ ապլոմբները ես պետք է կորցնեի, այլևս էն բարձր աշխարհով չէի, բարձր ձայնով չէի աշխարհում կանգնելու, բարձր կեցվածքով և դու-ով չէի խոսելու զորեղ պետությունների զորեղ քաղաքացիների հետ, նրանց պրեզիդենտների մասին, նրանց մշակույթի մասին, այլ նստելու էի, ճիշտ իմ փոքր չափերին էի գալու։
Դա վիթխարի կորուստ եմ համարում։
Ասեմ, որ նաև էդ Միության շնորհիվ էր, որ էնպես բարձր դիսկանտով երգում էի «Երթամ, տեսնեմ զիմ Կիլիկիա», կամ պահանջատիրության հարցն էի գուրգուրում, կամ վրեժի հարցն էի գուրգուրում։ Այդ ամբողջը շնորհիվ այդ 70 և 200 տարվա իմ հայ-ռուսական, միասնական կյանքի։ Ահա։ Սա վիթխարի կորուստ է։
Մինչև որ դարձյալ իմ ձայնը կգտնեմ, նորից իմ բարձր ձայնը գտնեմ, իմ երազները դարձյալ գուրգուրեմ, դարձյալ պահանջատիրությունից արդարությանը ապավինելով խոսեմ, դեռ շատ ժամանակ է անցնելու։ Պետք է դառնամ համաշխարհային մշակութային իմպերիայի մի մասը, ոնց որ, ասենք թե Նարեկացին էր իր ժամանակ, երբ Իրաքից, Պարսկաստանից մինչև Ապենիններ, մինչև Ատլանտյան օվկիանոս քրիստոնեական մեծ իմպերիայի մարդն էր, քաղաքացին էր, և ձայնը հենց Աստծո հետ էր։
Մինչև համաշխարհի դեմոկրատիայի հետ երբևէ հնարավոր լինի միանալ, և իմ էդ կարգավիճակը հավասարվի էն կարգավիճակին, ինչ որ Սովետական երկիրն էր ինձ պարգևում, շատ ժամանակ կանցնի։ Կարծեմ, իմ սերունդը դա չի տեսնի։ Իսկ առայժմ երրորդ կարգի ժողովուրդ ենք և մի քիչ մեր ձայներով ենք, մի քիչ, արդեն, մեր ձայներին ենք եկել, մեր վիճակին ենք եկել։
21-րդ դար մտանք դատարկաձե՞ռն, դատարկ գրպաններո՞վ. որևէ բան արե՞լ ենք, թե լրիվ ձեռնունայն, լրիվ զրկված, միայն կորուստներով։ Չէ, այդուհանդերձ մի բան էստեղ ստեղծվել է։
Երկիրը, իհարկե, պարտվեց։ Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը։
Մշակութային պարտություն կար էս երկրի մեջ։ Արևմուտքի մշակույթի առջև պարտություն։ Էդ պռատ Բանի, մշակույթի պարտությունն էր ազատ խոսքի, ազատ արվեստի առջև։ Եվ, իհարկե, պետք է դրան հաջորդեր նաև երկրի տնտեսության, բանակի, զինական ուժի, մի խոսքով՝ երկրի պարտությունը։ Ահա։
Սպառված մշակույթի երկիրը, այնուամենայնիվ, նոր հազարամյակ խուժում է, մտնում է ձեռնունա՞յն, դատարկ ձեռքերո՞վ, ոչ մի բան չի՞ տանում։
Տանո՛ւմ է, այնուհանդերձ։ Աշխարհին, մարդկությանը, եկող սերունդներին մի բան տանում է։ Մի բան կարողացել է քարագրել. դարի մեծագույն մտածողներից մեկին՝ Չարենց է տանում, տանում է Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան։ Դուք կասեք հիմա, թե նրանք այնուամենայնիվ 19-րդ դարի ընդերքից են բարձրացել, անցյալի մեծ, թումանյանական շրջանի մեծ մշակույթի իներցիոն շարունակությունն էին, և 19-րդ դարի մշակույթը արձանագրվեց էդ խոշոր երևույթների գոյությամբ մեր իրականության մեջ։ Դրա մեջ որոշ ճշմարտություն կա, բայց նաև ճշմարտության մյուս երեսն էլ այն է, որ՝ այնուամենայնիվ, էս հողի, էս մթնոլորտի զավակները եղան և իրենց օժտեցին իրենցով։ Մեր գերբը հարստացրին իրենցով։ Հանրապետությունը, մեր ազգը, Սովետական երկիրը՝ առանց կուլտուրայի, իրենցով օժտեցին։ Դարձան էդ երկրի և՛ փառքը, և՛ վկայականը ապագայում՝ էս երկրների և իրենց ժամանակի։
Այլ խոհի պես մի բան։ Ինձ թվում է բացարձակ մի ճշմարտություն կա. ժամանակները և երկրները, ազգերը, լեզուները ունեն, ի սկզբանե ունեն, մի անօտարելի պատվախնդրություն, որ իրենք ամուլ չմնան, որ իրենք իրենց պսակեն կուլտուրայով, մշակույթով։ Լեզուն պետք է չլռի, լեզուն պետք է գեղարվեստանա, մի բան դառնա, որպեսզի ուրիշ լեզուների մեջ կարողանա բլբլալ, խոսել, ասել, իմաստավորել։ Ժամանակը նույնպես էդ պատվախնդրությունը ունի։ Չի ուզում ինքը անապատ մնալ։ Ու, ահա, երկիրը՝ ի սկզբանե պռատ գաղափարախոսության, պարտադրանքի, բռնության, որ կարծես նույն սկզբից իսկ դատապարտված էր սև անապատի, ամլության, այս երկիրը իսկապես ծաղկեց և դեմքեր շնորհեց։ Դեմքեր շնորհեց, որ կարող են համաշխարհային մշակույթի փառքը լինել։
Ուրիշ անուններ չեմ տալիս։
Գիտեմ, որ եթե, ահա, Չարենցը, Սարյանը, եթե մեր մյուս արժանավոր անունները ելել են թումանյանական ժամանակների ընդերքից, ուրեմն նաև եկող ժամանակներում մեր ժամանակների՝ իմ ժամանակների ընդերքից նույնպես կբարձրանան մարդիկ, ովքեր կողմնակի վկայությունը կլինեն իմ ժամանակի և նաև իրենց ժամանակի պսակը կլինեն։ Խոսքս մի քիչ տարօրինակ է ստացվում, բայց դե այդ է։
Հուսամ, որ միայն նոստալժիկ, կարոտախտային, մի քիչ հիվանդագին, շատ ավելի մարդկային, քանի որ ոչ մեկը չի կարողանում անցյալը, այնուամենայնիվ, անեծքով հիշել, և բոլորն էլ անցյալում լույս ու ջերմություն են տեսնում. լուսավորը, ահա, միայն նոստալժիկ վերաբերմունքը չի՝ իմ դժվար մանկությանը, իմ դժվար պատանությանը, իմ դժվար ժամանակին, եթե ես էդ ժամանակի մեջ լավ-լավ բաներ, այնուամենայնիվ, տեսնում եմ։ Կարծում եմ էդ ժամանակի մեջ լավ բաներ, այնուամենայնիվ, եղել են։
Էդ իմ դժգոհությունը պետք է լինի, որ՝ է, ինչո՞ւ, այս գրականությունը բազմաթիվ անգամ ապացուցել է իր կարունակությունը ամենամեծերի մեջ լինել, և ուրիշ լեզուների մեջ իմ հայրենակից եղբայրները պետք է հասնեին սարոյանական բարձունքների, կամ շահնուրական բարձունքների, կամ Արշիլ Գորկի կնքվեին կամ այլ ու այլ անուններ։ Ինչո՞ւ, ահա, այստեղ նրանք էդ բարձրությունը չունեցան, էդպես անվան ամրությունը։ Ինչո՞ւ չկարողացան իրենց դրոշմը բևեռել ժամանակի դաժան, կարծր քարին։ Սա մի քիչ այլ խնդիր է, և դա ճշմարտություն է։ Բայց նաև ճշմարտություն է էն, որ կարող ենք ժողովածու, ընտրանի, մի քանի հատորանոց ընտրանի առաջադրել աշխարհին՝ աշխարհի գրականության հետ ոտ մեկնող։
Կարող եմ կինոյից խոսել. որպես մեծ նշանակության առնված, երկրի առաջնորդների կողմից սևեռուն ուշադրության առնված և սևեռուն էլ հսկողության տակ առնված էդ դաժան մարզում, նույնպես, սովետական կինոն և նրա հետ հայ կինոն ամուլ չեղավ, բաներ, գործ ստեղծեց։
Առաջին շրջանում Էյզենշտեյն, Դովժենկո իրենց անուններով իրենց կնքած դեմքերը, 37-ի բռնության հաստատումից հետո, արդեն իրենց ունակությունը, կարողությունը ցույց էին տվել։
Ազատությունը՝ առաջին շրջանի, հեղափոխության առաջին շրջանի, նրանից հետո՝ մեկուկես տասնամյակի ժամանակները, երբ տարերորեն ամբողջ սովետական իրականության գրականության և մշակույթի հարստությունը հասցրեց իրեն դրսևորել մինչև 35 թվականը։ Մայակովսկի, Եսենին, Մանդելշտամ, Միխայիլ Շոլոխով, Չարենց, Բակունց, վրաց գրողների հրաշալի փաղանգը և ամենուր, ամենուր։
Բռնությամբ ընդհատվեց։ Ֆաշիզմը Եվրոպայում բարձրացավ, և ֆաշիզմին ի պատասխան, ի հակակշիռ պետք է բարձրանար այստեղի նացիոնալիզմը, այստեղի ֆաշիզմը պետք է բարձրանար որպես հակակշիռ։ Եվ էստեղ մարդը, մարդու իրավունքները և կուլտուրան պետք է կորուստներ ունենային։ Էնքան էլ զուտ էս երկրի, մարքսիզմի, լենինիզմի մեղքը չէր։ Աշխարհի մեղքն էր։ Ամբողջ աշխարհի մեղքն էր, որ իրենք չարիքը նետեցին էստեղ և իրենք կողքից քայլել սկսեցին։ Ահա։
Այնուհանդերձ, նույնիսկ պատերազմը, նույնիսկ պատերազմի ժամանակները ոչ էնքան ամուլ մնացին և իրենց գործը արեցին։ Այնուամենայնիվ, այստեղ նույնպես կարողացավ կինոն, շատ դժվար, շատ-շատ դժվար դուրս գալ էդպես ռազմական ճամբարից։ 56-57թթ. խրուշչովյան հրաշալի օդափոխության շնորհիվ նաև, որ հովի մաքրող քամու պես խուժեց բոլոր խուցերը և ուղղակի թոթափեց բոլոր տները գարշահոտությունից՝ բռնության ու հնացածության։ Ու էդ դրանից հետո, ահա, պետք է առաջանար։ Էդ հրաշալի հնարավորությունները ստեղծեցին էս երկրի կինոյի համար, կուլտուրայի համար։ Դա գուցե ուրիշների համար ոչինչ չնշանակեր, բայց էս մեծ տարածքի, նաև Հայաստանի տարածքի, ներառյալ մեզ համար շատ մեծ բան էր, անպատկերացնելի՝ արդեն նոր եկողներիդ համար, թե դա ինչ կենարար շունչ էր։
Ի՜նչ արևային շունչ էր, ի՜նչ կենարար շունչ էր՝ մանավանդ իմ սերնդի համար. 20 տարեկաններիս համար դա ի՜նչ կենարար շունչ էր, որ ուղղակի կարծես այլ ազգ էր առաջանում, կարծես մենք մեր ծնողների հետ, մեր ծնողների ժամանակների հետ բացարձակապես կապի մեջ չէինք։ Այլ շնչի ժողովուրդ էինք։ Եվ, իհարկե, արգասավոր եղավ. երկրի, ժողովրդի և իշխանությունների ջանքը պսակվեց փրկարար, կարելի է ասել, փրկարար կուլտուրայով։ Պսակվեց, փրկվեց, ուղղակի, իր պատիվը, իր անեծքը՝ բռնության անեծքը, կարծես, իր վրայից կարողացավ հեռացնել։ Եվ առաջացավ մի բան, որ նույնպես աշխարհը ընդունեց, ողջունեց, իր եղբայրական ընտանիքի մեջ առավ։ Տարկովսկի պետք է առաջանար. էստեղ Տարկովսկի էր առաջանալու, Չուխրայ։ Մոսկովյան մի երկու տարվա կյանք եմ ունեցել։ Հոյակապ դասատու, ղեկավար, ընկեր ունեի՝ Վալենտին Եժով։ Էդ հոյակապ սերունդը պետք է առաջանար և այստեղ նույնպես։
Էնտեղ՝ Տարկովսկի և ուրիշներ, դարձյալ էնտեղ՝ Փարաջանովի շեդևրը, իսկապես, «Մոռացված նախնիների ստվերները», և՛ փառք Փարաջանովին, և՛ փառք հայրենիքի էն իշխանավորներին, ովքեր էստեղ շլագբաում բարձրացրին և այդ մարդուն այստեղ հնարավորություն տվեցին իր կապրիչիոզները անելու, իր կապրիզները՝ քմայքները, որպիսին էր նրա «Սայաթ-Նովան»։ Եվ Հայֆիլմի ճակատին գրվեց էդ հրաշալի աշխատանքը։
Հենրիկ Մալյան անունը կար։ Սքանչելի մարդ։ Թվում է, թե էդ խոշոր դեմքը չէ, բայց, այնուամենայնիվ, կարողացավ իրեն պարտադրել։ Գեղեցիկ մի աշխարհ ստեղծեց՝ «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը»... «Սարոյան եղբայրներ»-ն եմ հիշելու հետո, Դովլաթյանի ուրիշ ֆիլմերը։ Ուրիշ անուններ էլ կան, կարծես թե։ Մի խոսքով։ Բայց էն ժամանակվա կինոստուդիայում, այսպես, կոնֆլիկտային բան կար։ Գիտեի, որ եզակիորեն գեղեցիկ ժամանակ է տրամադրված հայ կինոյին, փոքր հայ ազգի կինոյին, որտեղ, ասենք թե, նորվեգները, երբ կինոմինիստրություն չունեն, կինոյի համար էդքան հնարավորություններ ու միջոցներ չեն նետում, իսկ էստեղ նետվում է, և այստեղ կինոն, որ դառնալու է մեր ազգի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, ես ինչ գիտեմ, ազգը, ազգությունը, հանրապետությունը աշխարհին ներկայացնող մեր եզակի հնարավորությունն էր՝ մեր բանակը, մեր ամեն ինչը դա էր, մենք լավ չօգտագործեցինք էդ ժամանակը։ Լավ չօգտագործեցինք։ Թե վրացիները, վրաց կինոն ինչպե՞ս կարողացավ լավ օգտագործել դա, լավ հայտնի է բոլորին։ Իմ նեղացածությունը դրանից էր։ Լավ չօգտագործեցինք։ Մի քանի լավ բաներ բայց եղան։ Կուզենայի, որ ուղղակի սփյուռքի մեր ազգակիցները, ինչպես նաև էսօրվա հայ հանդիսականը, հայ մարդը, էն օրերում, էն հիանալի օրերում ստեղծված իր կինոդարակը ունենար՝ մի 15-20 լավ ֆիլմի դարակը ունենար, գրադարանը ունենար։ Դրանից է իմ նեղացածությունը գալիս։
Հիմա էդ ժամանակները անցել են։ Ես աղքատությունը գիտեմ, երկրի աղքատությունը գիտեմ և գիտեմ, որ ոչ մի մեծահարուստ էլ էդքան չունի, իսկ եթե ունի անգամ, գրպանները էդպիսի շառլատանային գործի համար չի բացի։ Չնայած, եթե խելացի լինեին, պետք է բացեին։ Որովհետև իմ դիտումներով ուրիշ ազգեր Բանին՝ խոսքին, թատրոնին, գրքին շատ ավելի մեծ նշանակություն են տալիս, քան զորուզորքին։ Քրիստոնեաբար։ Քրիստոնեաբար՝ կայսրինը կայսրին տալով, նյութականը կայսրին թողնելով, բանավորը, Բանինը վերցնելով իրենց։ Իսկ բանավորը, երբ վերցնում ես, արդեն կայսրի ձեռքին միայն փուչ մարմինն է, ոգին լքած մարմինը. այսինքն, Բանը վերցնել՝ նշանակում է ամբողջը վերցնել։ Հարկ է, որ մենք կարողանանք Բանին էդ ուշադրությունը դարձնել։
Թումանյանը ի՜նչ տառապանք, ի՜նչ կռիվ, ի՜նչ երկար մաքառում է ունեցել, որ հայ գիրը քաղաքացիություն ստանա Հայաստանում, հայ մարդու ընտանիք մտնի։ Այդպես էլ էս մաքառման անհրաժեշտության առջև դեռ էսօր մենք կանգնած ենք, որ յուրաքանչյուրի գիտակցություն, Մանթաշովի գիտակցությունը մտցնենք էն, որ շատ կարևորը կինոն է, շատ կարևորը մամուլն է, շատ կարևորը գիրքն է, Բանի աշխարհը։ Բանի աշխարհը թե եղավ՝ նյութի աշխարհը անպայման կլինի։ Ահա, այս է։
Ի՞նչ է լինելու, ի՜նչ է լինելու։
Ծանր։ Մշակույթն է առհասարակ, ամբողջ աշխարհում, մշակույթն է կանգնած ծանր վիճակում։ Արևմուտքի վերաբերմամբ. ես նրանց փորձի վրա կարող եմ էն հասկանալ, և փորձել ձեզ էլ հասկացնել, որ էնտեղ նկարչությունը, մշակույթը առհասարակ մտել է կենցաղ, դարձել է ժողովրդային, համաժողովրդային կյանքի մի մաս։ Զորօրինակ, ասենք, ծաղկանկարչությունը դարձել է քաղաքաշինության մաս, փողոցները ուղղակի, հենց էդպես կենդանի ծաղիկներով զարդարում են, երկիրը դառնում է ծաղկաստան. այլևս հազիվ թե ծաղիկը դարձյալ վերադառնա շրջանակի մեջ, պատերից կախվի։
Էդպես նաև երաժշտությունն է, կարծեք. իր դասական ֆորմերից զրկվել, դարձել է մարդկային կեցության ատրիբուտներից, իրերից մեկը։ Հարկ չկա, կարծես թե, անպայման սրահները գնալ, եկեղեցի գնալ, որ իրենց Բեթհովենին, որ իրենց Բախին լսեն։ Եվ ահա, դարձյալ, դարձել է մարդկային օրվա մի մասնիկը։ Էդպես նաև գիրքը, փաստորեն։ Գրքից նրանք խլել են էդ գրքի սքանչելի հնարավորությունները, չնայած ներգործուն զորությամբ գիրքը այլ բան է, այլ մեծ, մեծ մի բան է, մյուսներից մեծ։ Բայց նրանք իրենց գիրքը, իրենց գրքի էդ զորությունը խլել են։ Նաև գրքի հետ հավասար հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Ի՜նչ վիթխարի ճիգով, միջոցների, միլիոնների ու միլիարդների ներդրումով են ուզում, ջանում նկատելի մի բան դարձնել իրենց գործը։
Ափսոս, ավաղը մերը չի։ Ես չգիտեմ էլ ավաղի հարց կա, թե ավաղի հարց չկա։ Ավաղը միայն մերը չի, և հուսալ, թե իբրև գրողը, գիրքը, կինոն երբևէ վերադառնալու են իրենց էյզենշտեյնյան ժամանակների առաջապահի դիրքերին, զուր սպասումներ են։ Երբեք դա չի լինելու։ Եվ դրա վկան եք դուք, այսօր մենք բոլորս, այսօր։
Ինչ կլինի ապագայո՞ւմ։ Գրականության օրինակով, ամերիկյան գրականության օրինակով, ենթադրում եմ, որ փաստավավերագրությունը գոնե առաջին շրջանում առաջանցիկ դեր կունենա։ Ինչպես որ գրականության մեջ եղավ վիետնամական իրենց պատերազմից հետո։ Ամերիկյան գրականության մեջ ձևավորվեց «Նոր ժուռնալիզմ» անունով գրական հոսանք, այնտեղ մի դեմք էլ, հայազգի, մենք ունենք՝ Մայքլ Կրտսեր Առլենը, Նորման Մեյլերը դրանց առաջատարներից և ուրիշ, ուրիշներ։
Էլի եմ ասել, Պարույր Սևակի մարգարեական չէ, շատ դիպուկ գնահատականը կա.
Քամին է երգում ինչ-որ եղանակ,
Որ Բեթհովենին պատիվ կբերեր։
Մութ հորիզոնին աղոտ այգալույս՝
Մի ռեմբրանդյան նորահայտ նկար։
Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝
Իր ողբերգական դրամաներով...
Իսկ մե՜նք՝ ես ու դու... արվեստ ենք խաղում,
Եվ... մի այնպիսի համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ...
«Իսկ մենք՝ ես ու դու արվեստ ենք խաղում» իրականությունը արդեն մեծ արվեստն է։ Իրականությունը արդեն, դեռ էն ժամանակ, Պարույրն է նկատել, իրականությունը էդ մեծ արվեստն է։ Եվ մեր թույլ գրիչները, մեր կարճատեսի մեր հայացքների, մեր թույլ վրձինների՝ կարճատեսի թույլ հայացքները, վրձինները, չեն կարողանում ընդգրկել էն ողբերգական խորը, մեծը, համաշխարհայինը, խորքայինը, կոսմիկականը, որ իրականությունն է։ Իրականությունը մեր մշակույթից, մեր կուլտուրայից խուսափում է։ Էս մեր թուլության պատճառով։ Մեր թևերը չեն կարողանում ընդգրկել կյանքը իր ամբողջությամբ, իր խորությամբ, իր ընթացքի արագությամբ, իր հեղափոխականության պահը։
Դա իհարկե, անպայման, կպատժի մեզ և կկործանի էն բոլոր խեղճուկրակ փորձերը, որոնք մշակույթ են ձևանում, բայց մշակույթ չեն։ Եվ էս դեպքում, իհարկե, նոր շեքսպիրներ անպայման կլինեն, բայց համընդհանուր հոսքը արտագրելը կլինի իրականությունը՝ այնպես ինչպես կա։ Որովհետև էն ծավալված իրականությունը արդեն նախորդ մեծ մշակույթների ծավալված իրականությունն է։
Մեծ ռեժիսորը եղել է երևի Դոստոևսկի անունով, Չարենց անունով, Թումանյան անունով։ Մեծ ռեժիսորները երեկ եղել են, որոնք ձևավորել են էսօրվա օրը։ Էսօր նրանց ծավալած իրականությունն է, որ բեմից իջել է կյանք։ Իհարկե, թատրոնի վարագույրները կարծես պատռվել են, դռները ջարդվել են, և թատրոնը իջել է փողոց։ Իրականություն է ծավալվել։ Էդ ազատությունն է արդեն։
Ի՞նչ կլինի։
Նոր, է՛ս իրականությունը կդառնա համաժողովրդական գիտակցություն և կեցություն։ Եվ ահա էս նոր մակարդակի վրա կբարձրանա էս նոր Շեքսպիրը, նոր մարգարեները, ովքեր որ կծավալեն գալիքը, իրենց գալիքը։
Իսկ առայժմ, քանի դեռ էդ շեքսպիրները չկան, էդ մեծերը չկան՝ վավերագրություն է։ Գոնե քաջությունը ունենանք, գոնե խիզախությունը ունենանք իրականությունը տեսնել էնպես, ինչպես կա և, եթե մարգարեները չենք՝ գալիք ժամանակների, ապա գոնե մեր ժամանակների մատենագիրները լինենք։ Մեր ժամանակների վավերագրողները լինելու քաջությունը ունենանք։

© 1958 - 2019, Հրանտ Մաթևոսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *