COVID19

ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՆԱՁՈՐՆ ԻՆՁ ԱՆԱՊԱՏ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ, ԾԵՐԱՑՈՂ ՔԱՂԱՔ Է

Ավագանու նախորդ գումարման ընդդիմադիր անդամ, «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի պարուսույց, ԵԹԿՊԻ պարարվեստի բաժնի դասախոս, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը պատմում է արդեն 3 տարի անգործության մատնված Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ-ի, պարարվեստի զարգացման և խնդիրների մասին։

Պարարվեստը՝ արվեստի զարգացող ճյուղ

   -Պարարվեստը Լոռու մարզում, մասնավորապես Վանաձորում թռիչքաձև է զարգանում։ Մենք դա տեսնում ենք թե՛ հաշվետու համերգների ժամանակ, թե՛ տարատեսակ բարեկամական և մրցույթ- փառատոների ժամանակ։ Եվ այդ ամենը նպաստում է պրոֆեսիոնալ պարարվեստի զարգացմանը։

Տարատեսակ միջոցառումների ժամանակ մենք տեսնում ենք մեծ հետաքրքրություն դեպի պարարվեստի բլոկը, և ես կարծում եմ, որ դա արձագանքն է նախկին կոմպլեքսավորված վարքի, որովհետև մի ժամանակ պարարվեստով բավականին քիչ էին հետաքրքրվում և պարարվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդ՝ համարձակ էր համարվում։ Հիմա ծնողները հասկացել են, որ պարը մարմնի լեզվով էմոցիաների, ապրումների, ապրելակերպի մասին խոսելու հնարավորությունն է։

Ոչ պրոֆեսիոնալ պարուսուցում

   -Կա նաև մի մեծ խնդիր, որը պայմանավորված է ոչ պրոֆեսիոնալ կադրերի ներթափանցմամբ պարուսուցման ոլորտ։ Քանի որ պահանջարկը կա, և ոչ բոլորն են պատրաստ դիմանալ ինչ-ինչ ժամկետների՝ ուզում են, որ երեխան գա ու միանգամից բեմ բարձրանա և իրենք հպարտանան դրանով։ Ցավոք, այստեղ ի հայտ են գալիս չակերտավոր մասնագետներ, որոնք անպատրաստ երեխաներին բեմ են բարձրացնում՝ տուրք տալով ծնողի ոչ պրոֆեսիոնալ ցանկությանը։ Այնպես որ, պարարվեստի զարգացմանը զուգահեռ ի հայտ են գալիս նաև մարտահրավերներ։

ՏԻՄ վերաբերմունքը մշակույթին

   -Պետություն-համայնք-մասնավոր սեկտոր կապը բավականին ցածր հիմքերի վրա է գտնվում։ Որքան էլ մասնավոր սեկտորը փորձի զարգացնել ոլորտը, իր ուսերի վրա տանել շատ-շատ բաներ՝ պետության հոգածության կարիքը միշտ էլ կա, գոնե համագործակցության, ծրագրերի իրականացման առումով, քանզի մասնավորը չի կարող արվեստի մի ամբողջ ճյուղի պահպանումը վերցնի իր ուսերի վրա։ Համայնքը կարող է համագործակցել մասնավորի հետ, օրինակ, պատվիրակված ծառայությունների միջոցով։

Քաղհասարակության ներկայիս պասիվությունը

   -Կարող եմ ասել, որ հիմա մենք խորը քնի մեջ ենք, և երբ դիտարկում եմ մի քանի տարի առաջվա կյանքը քաղհասարակության ակտիվության, քաղաքացիների ակտիվության առումով՝ հասկանում եմ, որ մենք հիմա բավականին պասիվ կյանքով ենք ապրում։ Երկար մտորել եմ այս հարցի շուրջ և եկել եզրակացութան, որ երևի մեծ նշանակություն ունի երկրի վիճակն առհասարակ, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ, որ մեծ գումարներ են ծախսվում ինչ-որ ծրագրերի իրականացման համար։ Ես գտնում եմ, որ եթե կան այդ գումարները՝ լավ կլինի, որ դրանք օգտագործվեն նպատակային, որոշակի ռազմավարություն մշակվի։ Տպավորություն է, որ թե՛ քաղաքում, թե՛ երկրում, առհասարակ, ամեն ինչ արվում է թղթաբանորեն ցույց տալու, թռչնակը դնելու համար։

Նախորդ գումարման ավագանու կին անդամ

   -Ինքս լինելով ակտիվ մարդ, նախկին ավագանու անդամ՝ շատ մեծ տխրությամբ եմ հետևում ներկայումս քաղաքում կատարվող իրադարձություններին, ես կասեի՝ չկատարվող իրադարձություններին, որովհետև այն պասիվությունը, որ հիմա կա ՏԻՄ մակարդակում՝ ինձ մեղմ ասած, դուր չի գալիս։ Հիշում եմ մեր գումարման ավագանու նիստերը, նրանց տևողությունը, բովանդակությունը, որքա՜ն կարևոր հարցեր էինք քննարկում, մեր՝ կրթության, մշակույթի ու երիտասարդության հացերի հանձնաժողովը որքան նիստեր էր անում, կարևոր խնդիրներ քննարկում, լուծումներ գտնում՝ ընդդիմադիր, թե իշխանական թևի ներկայացուցիչներով։ Հիմա, այն ինչ ես տեսնում եմ Վանաձորում՝ ինձ անապատ է հիշեցնում, ծերացող քաղաք և մենք այսպես հեռու չենք կարող գնալ։ Ինձ թվում է, որ հիմա մարդիկ վախենում են խնդիրների մասին խոսելուց, յուրաքանչյուրը ձգտում է գոհացնել դիմացինին․․․

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *