Հայաստան

«Գազպրոմը» կարող է սահմանին 15, սպառողների համար մինչև 25% նվազեցնել սակագինը. բանակցությունները պետք է վարվեն ամենաբարձր մակարդակով»

«Գազպրոմը» կարող է սահմանին 15 տոկոս, իսկ սպառողների համար մինչև 25 տոկոս նվազեցնել գազի սակագինը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին։ «Վլադիմիր Պուտինի համար դա նորություն էր: ՌԴ նախագահը զարմացավ՝ նշելով, որ անձամբ է հանձնարարել մատչելի դարձնել գազի սակագինը հայաստանցիների համար։ Պուտինն այդ հանձնարարությունը տվել է Գյումրի կատարած այցի ընթացքում՝ ցանկանալով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Պուտինի հետ պայմանավորվել են համատեղ ուսումնասիրել ներկրվող գազի գնագոյացման քաղաքականությունը, ստուգել պայմանագրային բազան և համապատասխան որոշումներ կայացնել։

Վահե Դավթյանի խոսքերով՝ գազի սակագնի մասին խոսելուց երկու բաղադրիչ պետք է առանձնացնել, քանի որ, եթե հայտարարվում է, որ Պուտինը զարմացել է, ապա խոսք է գնում ներպետական սակագների մասին։ «Եթե նկատեցիք, Պուտինը մի շատ հետաքրքիր դրույթով հանդես եկավ, երբ ասաց, որ Հայաստանին գազը մատակարարվում է ամենաէժան գնով, մինչդեռ, ամենաէժան գնով գազ Ռուսաստանից ստանում է Բելառուսը, որի համար 2018 թվականի դրությամբ սահմանված է 129 դոլար 1000 խմ-ի դիմաց և հաջորդ տարվա համար նախատեսվում է ևս 2 դոլարի իջեցում։ Առհասարակ, երբ գազի սակագնի գոյացման փաստը դիտարկում ենք մակրոտնտեսական տեսանկյունից, ապա առկա են մի շարք միտումներ, որոնք ցույց են տալիս, որ առկա են մի շարք միտումներ, որ անգամ սահմանին տեղ կա սակագինը իջեցնելու համար»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ 2018 թվականի «Գազպրոմ»‑ի բյուջեն հիմնված է մոտ 195 դոլար սակագնի հիման վրա։ Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» Եվրոպային ավելի բարձր գնով է գազ վաճառում՝ 230-240 դոլարով, ինչը նշանակում է, որ «Գազպրոմ»‑ն այսօր ունի բարձր մարժինալություն, սպառման շատ հսկայական շուկա, որը ընկերությանը թույլ է տալիս շատ ճկուն սակագնային քաղաքականություն վարել հետխորհրդային տարածաշրջանում։ «Այս առումով, այո, սահմանին 150 դոլարը ցածր է, բայց հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կարող ենք փաստել, որ այսօր իրականում հնարավորություն կա սահմանին սակագինը իջեցնել 15 դոլարով՝ այն հասցնելով 135 դոլարի։ Դրա համապատասխան հաշվարկները կա»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է սպառողներին հասնող գազի սակագնին, ապա, մեր զրուցակցի խոսքերով, այս մասով սակագնի նվազեցում ևս հնարավոր է։ «Երբ վերջին անգամ՝ 2016-ին, գազի սակագինը նվազեցվեց՝ սահմանին 165 դոլարից դառնալով 150 դոլար, բոլորս ակնկալում էինք, որ սպառողների համար էլ սակագինը կնվազեցվի, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ «Գազպրոմ»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ շահույթը, որը գոյանալու է սակագնի նվազեցումից, իրականում ուղղվելու է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Այսօր, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող ենք ստույգ արձանագրել, որ ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը ընկերությունը իրականացրել է։ Հայաստանն այսօր հետխորհրդային շրջանում իր գազատրանսպորտային անվտանգության համակարգերով, թերևս, համար մեկն է, ամենակայացած գազատրանսպորտային համակարգ ունեցող պետություններից մեկն է։ Բացի դրանից՝ վերջին տարիներին «Գազպրոմ»‑ին հաջողվել է էապես ավելացնել Աբովյանի գազի պահուստարանի հզորությունները։ Այս ֆոնին այսօր արդեն ժամանակն է վերանայել սակագները նաև սպառողների համար, այն դարձնել ավելի սոցիալակենտրոն»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ ըստ առկա հաշվարկների՝ այսօր հնարավորություն կա գործող երկրի ներսում գործող սակագինը՝ 290-292 դոլարը 1000 խմ-ի դիմաց, իջեցնել մոտ 20-25 տոկոսով։ «Մենք կարող ենք ունենալ 1000 խմ-ի դիմաց 230 դոլար սակագին։ Դա այն գինն է, որը թույլ կտա «Գազպրոմ»‑ին պահպանել իր մարժինալությունը, իր կայուն աշխատավարձային ֆոնդը և պահպանել իր կայուն օպերացիոն գործունեությունը»,- ասաց փորձագետը։

Մեր դիտարկմանը՝ նման բարձր քաղաքական մակարդակով հարցի բարձրացումը կարո՞ղ է խթան հանդիսանալ, որպեսզի, ի վերջո, «Գազպրոմը» վերանայի սակագները, փորձագետը նկատեց. «Ինչու ոչ։ Պուտինը, երբ հայտարարել է, որ ամենաէժան գնով է գազը վաճառվում Հայաստանին, ես այդտեղ հստակ մեսիջ տեսա, որ սահմանին գազի սակագինը ոչ մի փոփոխության չի ենթարկվի։ Այդ հայտարարության գլխավոր կոնտեքստը հենց դա էր։ Բայց ինչ վերաբերում է ներքին սակագներին, ապա դրա հնարավորությունը իրապես կա, և բնավ հարցը քաղաքական կամքի մեջ չէ։ Պարզապես պետք է մաքուր տնտեսական հաշվարկ կատարվի, որը պետք է միայն բերվի քաղաքական դաշտ։ Սակագին իջեցնելու հարցում «Գազպրոմ»‑ին ստիպելու խնդիր չկա։ Այս հարցում ՀՀ և ՌԴ կառավարությունները պետք է համաձայնություն ձեռք բերեն ամենաբարձր մակարդակում, որի նախադրյալներն արդեն տեսանելի են»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *