Հայաստան

Տգետների ձեռքը գերի ենք ընկել․ թալանում են գյուղացուն էլ, պետությանն էլ

«Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարկական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի համար ծիծաղելի է «ստվերային այգի» հասկացությունը, քանի որ փոքր ու միջին ֆերմերները, ովքեր 50 միլիոնի շրջանառություն չունեն, չեն կարող ստվերում լինել, քանի որ հարկերից ազատված են։

«Ստվերային այգին նախարարի մոգոնածն էր, վարչապետը նկատի ուներ ոռոգման համակարգը, որտեղ կա խոշոր ստվեր, խոշորագույն խախտումներ։ Մեկ հեկտար կարտոֆիլի ոռոգման համար կախված հողի տեսակից, կախված եղանակային պայմաններից պահանջվում է 700-1000 խմ ջուր։ Այսօր Շիրակի մարզում գյուղացուց վերցնում են 1500 խմ ջրի վարձ։ Թալանում են գյուղացուն ։ Այդ գումարները չեն երևում, սրա-նրա գրպաններն են դրվում։ Դրա մասին է խոսքը։ Վարչապետն խոսեց նաև մաֆիոզ ստրուկտուրայի մասին, Սևանի ջրի մասին խոսեց, որի հետ ես համաձայն եմ՝ այս տարի չպետք է Սևանի ջուրն օգտագործել։ Ի՞նչ եղավ ջրամբարների ջուրը։

Մենք ունեցել են առատ անձրև, ջրամբարները լիքն էին։ Ինչո՞ւ Ջրային կոմիտեն պատասխան չի տալիս, որ ՀԷԿ-երի միջոցով ջուրը լրիվ ոչնչացրեց։ Չէ որ այսօրվա ՀԷԿ-երի ղեկավարներից մեկը դրանց ստեղծողն էր։

Կոմիտեն իր ստեղծածը պետք է վերացնի՞։ Իհարկե ոչ։ Այդ ՀԷԿ-երը նախագծելուց այդ պաշտոնյան գերշահույթ ստացել, ընտանիք է պահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Հրաչ Բերբերյանը, ապա ավելացրեց՝ պետք է փակել բոլոր ՀԷկ-երը, որոնք նստած են գյուղացու ջրի վրա։

Բերբերյանը ցանկացավ շեշտել՝ այն ժամանակ, երբ ինքը ղեկավարում էր Էջմիածնի տարածաշրջանը, միակ գյուղատնտեսն էր, որ հրաժարվեց Սևանի ջրից ու ոռոգման նպատակով օգտագործում էին ռեզերվային ջրերը․ «Այսօր այդ գյուղերում 7-8 մետրով ջրի բարձրությունն իջել է։ Շատ մեծ վտանգ կա, որ մեծ հողի շերտերի նստվածք լինի ու գյուղերը գնան ջրի տակ։ Պետք է գրագետ լինել, անգրագետներով երկիր չեն կառուցի»։

Բերբերյանը կարծում է ոռոգման համակարգի խնդիրները չեն լուծվի, քանի որ սրտացավ մարդ չկա։ Նրա տեղեկացմամբ՝ իրենք ծրագիր են մշակել, Սևանին այլընտրանք, որը կներկայացնեն միայն Նիկոլ Փաշինյանին։

Գյուղատնտեսը վստահեցնում է՝ կա այլընտրանքային տարբերակ, կա ոռոգման համակարգի խնդիրը լուծելու եղանակ, մնում է իրենց լսեն։ «Մենք առաջարկությունները պատրաստել ենք, կարող ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին ու հաջորդ տարի ոռոգման ջրի որևէ խնդիր չի լինի։ Մենք շատ արագ ինչ քայլ պետք է կանենք։ Տեսեք, բանջարեղենի ու կարտոֆիլի ցանքատարածությունները 7500-7600 հեկտարով պակասել է անցյալ տարվա համեմատ, որը 400-500 հազար տոննա արտադրանքի կարող էր տալ, բնականաբար ջուրն ավելացել է, չի ոռոգվել այդքան հող, բա էդ ո՞նց եղավ, որ ջուրն էլի պակասեց։ Ֆոկուսնի՞կ են։ Սա կամ թուրքի արած է, որ ուզում են էնպես նեն երաշտ լինի կամ մարդ էնքան տգետ է, որ չի հասկանում՝ որտեղ է աշխատում»։

Խոսելով ստվերային այգիների մասին, Բերբերյանը ակնարկեց՝ դրանք կարող են պատկանել ՋԸՕ-երի նախագահների, մարզպետների, նախկին պատգամավորների, վարչապետերի, միգուցե, դրանք այգիներ են, որոնք ոռոգման գումար չեն վճարել։ «Ստվերային այգի ասելով դա ենք հասկանում։ Այգին ո՞նց կարող է ստվերում լինել։ Ոռոգման գումար չեն վճարել, որովհետև այդ նույն ՋԸՕ-ի նախագահներին իրենք են նշանակել։ Մենք հողի շուկա որպես այդպիսին ձևավորված չունենք։ Կա կադաստրային արժեք, որը այդպես էլ թույլ չտվեց հողի շուկա ձևավորել։ Օրինակ, ես ունեմ հողամաս, որի կադաստրային արժեքը 10 մլն դրամ է, բայց ես կարող եմ վաճառել այն 5 մլն դրամով։ Արարատյան դաշտավայրում չկա մի հողակտոր, որ տեր չունենա կամ գյուղապետարանինն է, կամ մասնավոր մարդու կամ վարձով են տալիս մեկը մյուսին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մասնագետի խոսքով՝ նախ պետք է ստուգել հողերի փաստաթղթերը, տեսնել դրանք վարձակալության են տրված թե՞ ոչ, նոր խոսել ստվերային այգիների մասին։ «Ես ընկեր ունեմ, ով 2 հեկտար հողատարածք ունի ու ամեն տարի վարձակալությամբ է տալիս։ Դա հո չնշանակեց, որ ստվերում է։ Բա քարտեզագրումն ինչի՞ համար է արվում։ Այդ գյուղերում այգիները երևում են չէ՞։ Ուրիշ բան է, որ այգին կարող է դառնալ խոտհարք կամ բանջարեղենի տարածք և հակառակը։ Ես գյուղնախարարի ասածի մեջ կոմերիտական բան եմ տեսնում՝ ստվերում ծառ է ման գալիս։ Ասեմ ձեզ՝ կոմունիստների ժամանակ հողերը յուրացնում էին, բայց արտադրական տարածք ցույց չէին տալիս, բայց բերքը հանձնում էին պետությանը՝ որպես արտադրանք։ Էջմիածնի տարածաշրջանում եղել են նման դեպքեր։ Փառք աստծո, կոմսոմոլների ժամանակն անցել է։ Ինչ եմ ուզում ասել․

վարչապետը ստվեր ասելով նկատի ունի ոռոգման համակարգը, գործարանները, որոնք թալանում են ժողովրդին»,- տեսակետ հայտնեց Բերբերյանը։

Ստվերային տնտեսության առկայության համատեքստում, Հրաչ Բերբերյանն օրինակ բերեց, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «խորամանկության» դիմում, ցույց տալու համար, որ գինու արտադրությունն ու արտահանման ծավալներն աճել են․ «Վերջերս մի գինեգործ հայտարարեց, թե գինու արտահանումը նվազել է։ Ասե՞մ ձեզ, թե ինչ են արել։ Կարեն Կարապետյանը, որպեսզի ցույց տա լավ է աշխատում, Մոսկվայում մեծ պահեստներ կային, գինին այստեղի պահեստներից տարել են այնտեղի պահեստներ, որ ցույց տան արտահանում։ Իրականում այդ գինին չի վաճառվել, մնացել է այնտեղի պահեստներում։ Ու ասում են՝ գինու արտահանումը կանգնել է։ Գիտե՞ք ի՞նչ կա, տգետների ձեռքը գերի ենք ընկել»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *