13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում։
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում' Սարգիս և Գյուլվարդ Դինքերի ընտանիքում: 7 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը և 2 եղբայրները' տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն: Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա' Սուրբ Խաչ դպրեվանքում: 1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով ևս մանկատան սան էր: Զինծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող: 1996թ. ապրիլի 5-ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը: Այն հայերեն և թուրքերեն լեզուներով միակ թերթն է: Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը: Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ' մամուլի էջերում: 2005թ. Դինքը դատապարտվեց 6-ամսյա պայմանական բանտարկության' տխրահռչակ 301 հոդվածով: Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից: Դինքը բողոքարկեց վճիռը' հասնելով մինչև Եվրոդատարան: Վերջինս միայն նրա մահից հետո' 2010թ. արդարացրեց Դինքին: Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած իր ողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ 2` հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տալ սեփական պատմությունը:
Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ' ետևից գլխին արձակված 3 հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավական երկար ու խայտառակ մի գործընթաց էր: Թեև եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության: Նշենք միայն, որ դատավճիռը ևս Թուրքիայում բողոքի ալիք առաջացրեց, իսկ այս տարվա գարնանը այն բեկանվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանում: 2007թ. ստեղծվել է Դինքի անվան միջազգային հիմնադրամ: Մալաթիայում գտնվող այն փողոցը, ուր ծնվել է Հրանտ Դինքը, այս տարվա փետրվարից կրում է Հրանտ Դինքի անունը: Հրանտ Դինքի անունով միջազգային մրցանակ է ստեղծվել. մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվելու է 5-րդ անգամ` այսօր` Դինքի ծննդյան օրը: 2 մրցանակ կտրվի այն մարդկանց, խմբերին կամ կառույցներին (մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից), որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, իրենց ռիսկի են ենթարկում' հանուն այդ գաղափարների, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին: Հրանտ Դինքն ինքը արժանացել է բազում մրցանակների' կենդանության օրոք և հետմահու:
0 Մեկնաբանություն