Միջազգային

Մահացել է վրացի հեռուստաօպերատորը, որին ծեծել են արմատական խմբերը Թբիլիսում

«Պիրվելի» վրացական հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որին մյուս լրագրողների հետ միասին ծեծել էին հոմոֆոբ խմբերը հուլիսի 5-ին Թբիլիսիում, մահացած է հայտնաբերվել իր անկողնում՝ հուլիսի 11-ին։

Հուլիսի 5-ին լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում բռնություն են գործադրել հոմոֆոբ խմբերը։ Նրանք փորձել են խանգարել Pride երթի անցկացմանը և բառացիորեն հետապնդել են լրագրողներին։ Տուժել և հիվանդանոցներում է հայտնվել 53 լրագրող և օպերատոր, ընդհանուր առմամբ՝ 55 մարդ։

Լեքսոյի վրա հարձակվել են, երբ նա նկարահանում էր կատարում «Ամոթ» շարժման գրասենյակում։ Օպերատորը ծանր վնասվածքներ էր ստացել, կոտրվել էին դեմքի ոսկորները, նրան նույն օրը վիրահատել էին, այնուհետև դուրս գրել՝ բուժումը տանը շարունակելու։ Նրա գործընկերների խոսքով՝ հուլիսի 8-ի առավոտյան մայրը նրան մահացած է հայտնաբերել անկողնում, քթից արյուն է հոսել։

Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում հեռուստաօպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան փաստի առնչությամբ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, համապատասխան դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։ Հայտարարությունում, սակայն, հաստատվում է, որ նա «ֆիզիկական բռնության և հայհոյանքների է ենթարկվել «Ամոթ» կազմակերպության գրասենյակում հուլիսի 5-ին, Թբիլիսի Pride-ի դեմ հանրահավաքի լուսաբանման ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»։

Լրագրող Միրանդա Բագատուրիան, որն այդ օրն աշխատում էր Լեքսո Լաշկարավայի հետ, ծեծի հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, պատմել է․

«Երբ նրանք գրասենյակ ներխուժեցին, ինձ սկզբում ոտքով հարվածեցին։ Հետո հոգևորականը սկսեց մազերիցս քաշել և ասել․ «Գուցե գոնե հիմա՞ լռես»։ Մեր օպերատոր Լեքսոն փորձեց նրան կանգնեցնել և ասաց․ «Ի՞նչ ես անում, ախր մենք լրագրողներ ենք»։ Եվ այդ ժամանակ նրա վրա հարձակվեցին արմատական խմբի մոտ 20 ներկայացուցիչ։

Ես ու Լեքսոն այնտեղ բացարձակ անպաշտպան մնացինք։ Միայն մեկ ոստիկան կար, և նա չէր կարող փրկել։ Լեքսոյին ամբոխն անողոք ծեծում էր, նա արյան մեջ էր։ Ես բղավում էի ու լալիս, աղաչում էի․ «Մի՛ սպանեք մեզ»։ Ինձ էլ սկսեցին ծեծել և ոտքերով հարվածել։

Սկզբում լսում էի նրա ձայնը, հետո նա լռեց, կարծեցի՝ վերջ, սպանեցին։

Հուլիսի 8-ին Լեքսո Լաշկարավայի և Միրանդա Բագատուրիայի նկատմամբ բռնության համար 2 անձ է կալանավորվել, նրանք նախնական կալանքի տակ են, քննություն է ընթանում։

Հուլիսի 5-ին Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսաթավելու պողոտայում պետք է Արժանապատվության երթ անցկացվեր՝ որպես Pride շաբաթվա ամփոփիչ միջոցառում։ Սակայն դրա փոխարեն պողոտայում ողջ օրն աներևակայելի բռնություն էր կիրառվում արմատական հոմոֆոբների և ուլտրաաջ խմբերի կողմից։

Մի քանի ժամում քարերով և մահակներով զինված 100-ավոր արմատականներ ծեծում էին լրագրողներին և քաղակտիվիստներին։ Նրանք երթով անցնում էին Թբիլիսիի տարբեր հատվածներով, խուզարկում, ավերում և կողոպտում հասարակական կազմակերպությունների գրասենյակները, այրում ԼԳԲՏ դրոշները։

Հրապարակավ այրվել է նաև ԵՄ դրոշը։

Ավերվել են ընդդիմության վրանները խորհրդարանի դիմաց, որոնք տեղադրվել էին 2020 թ-ի հոկտեմբերին՝ որպես քաղաքական բողոքի նշան։

55 մարդ, այդ թվում՝ 53 լրագրող է հիվանդանոցում հայտնվել այս ջարդի հետևանքով։ Իսկ հոմոֆոբ խմբերը դրանից հետո սկսել են տոնել և պարել խորհրդարանի դիմաց։

Լրագրողներն ու փորձագետները հայտարարում են, որ հուլիսի 5-ի բռնությունը նախաձեռնել էր Վրաց պատրիարքարանն ու սադրել կառավարությունը։ «Այս գործողությունները պետք է որակվեն որպես պատերազմ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների դեմ»,- հայտարարել են հասարակական և լրագրողական կազմակերպությունները։

Այս փուլում հայտնի է, որ այս գործով տուժած է համարվում 25 մարդ, այդ թվում՝ 19 լրագրող և հեռուստաօպերատոր։ Այս պահի դրությամբ ձերբակալված է 13 մարդ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *