Մունետիկ

Ընտրություններին հաբրգած ձևով մարդկանց վրա ճնշում բանեցնողները դաժան պատիժներ կստանան

Սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններն են, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է չեզոքացվելու թաղային հեղինակությունների դերը առաջիկա ընտրություններում, ինչ գործիքակազմ ունի ոստիկանությունը և այլն։

Օրերս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ, որտեղ անդրադարձավ խնդրին՝ նշելով. «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»։

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ թաղային հեղինակությունների ներգրավվածությունը խնդրահարույց է, և իրենք ապօրինի ազդեցություն են ունենում ընտրությունների և ընտրողների վրա. նրանք ներգրավվում են ընտրակաշառք բաժանելու կամ այլ տիպի ընտրակեղծիքների գործում։

Նրա խոսքով՝ այժմ ոստիկանությունն արդեն ունի քաղաքական կամք այդ ամենի դեմ պայքարելու։ Մյուս կողմից՝ նրա խոսքով՝ կան լրացուցիչ լծակներ, մեխանիզմներ, որպեսզի ոստիկանությունը կարողանա օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները կիրառել ընտրական հանցագործությունների, մասնավորապես՝ ընտրակաշառքը բացահայտելու համար: «Բացի այդ, քանի որ ընտրակաշառքի և բարեգործության տարբերակումը դժվար է, մենք քրեական դաշտ ենք բերում բարեգործության արգելքի խախտումը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Դիտարկմանը՝ ԸՕ-ի փոփոխություններն ավելի երկարաժամկետ գործընթաց են ենթադրում, Իոաննիսյանն արձագանքեց. «Այո, բայց մենք փորձում ենք կոնկրետ Քրեական օրենսգրքի մասով դա անել մինչև Երևանի ավագանու ընտրությունները։ Թեև 100 տոկոսանոց վստահություն չունեմ, որ կհասցնենք։ Բայց ես գոնե ինձնից հասնողը պետք է անեմ, որ հասցնենք, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ոստիկանությունը հնարավորություն ունենա գործելու։ Նա նշեց, որ հիմա ընտրություններով կարձանագրենք արդյունքներ, որոնք առավելապես կարտահայտեն քաղաքացիների տրամադրություններն ու ցանկությունները»։

Նախկինում քաղաքական հայտ ներկայացրած ուժերից ու թեկնածուներից շատերը հենց թաղային հեղինակությունների օգնությանն են դիմել։ Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ այս ամենի կանխողը միայն ոստիկանությունը չէ. «Ոստիկանությունն իր գոյությամբ և իր ունեցած լծակներով պետք է կանխի, և երբ այդ երևույթը սկսվի, ոստիկանությունը պետք է հենց սկզբից շատ արագ գործողություններ ձեռնարկի, որպեսզի բոլոր նրանք, որոնք տատանվում էին՝ զբաղվե՞լ այդ ապօրինի գործունեությամբ, թե՞ ոչ, հետ կանգնեն այդ մտադրությունից։ Միաժամանակ, ոստիկանությունը միակը չէ, մենք պետք է ընտրողներին բացատրենք, որ ընտրողները չգնան այդ ճանապարհով, որ այլևս իրենց ձայնն է որոշում իրենց ապագան, որ նախկինի պես չէ, որ ամեն ինչ կանխորոշված չէ»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքական ուժերի կողմից թաղային հեղինակությունների հետ կապված որևէ խելամիտ առաջարկ ներկայացվե՞լ է։ Ի պատասխան՝ նա նշեց, որ թաղային հեղինակությունը իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա է այս կամ այն հանցագործությունը, որոնց հետ կապված առաջարկություններ ստացել են. «Այդ առաջարկությունների մեծ մասը մենք մշակել ենք քաղաքացիական հասարակության, դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության և, իհարկե, ոստիկանության հետ միասին։ Այսինքն՝ մենք ունենք մի փոքր աշխատանքային խումբ, որը շատ արդյունավետ կերպով մշակեց, և արդեն համարյա պատրաստ է Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նախագիծը հիմա խմբի շրջանակում վերջնական համաձայնեցման փուլում է, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթ մենք հանրության դատին կներկայացնենք այն»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ քրեական հեղինակությունները բոլոր ընտրությունների ժամանակ դերակատարություն ունեցել են միմիայն քաղաքական իշխանության աջակցությամբ և հովանավորությամբ, և այնպես չի եղել, որ ոստիկանությունը նախորդ ընտրությունների ժամանակ չի իմացել, թե որտեղ, ում կողմից և ինչ ապօրինություններ են թույլ տրվում ընտրական գործընթացի ժամանակահատվածում՝ թե՛ նախընտրական հատվածում, թե՛ քվեարկության օրը: Բայց քաղաքական իշխանությունը ցանկություն չի ունեցել կանխելու այդ աջակցությունը, ավելին՝ ունեցել է բոլորովին այլ հրահանգ՝ անտարբեր մնալու, նույնիսկ պաշտպանության տակ վերցնելու ապօրինություններ կատարողներին, որովհետև հենց քաղաքական իշխանությունն էր առաջին ապօրինություն ցույց տվողը, որի ապօրինի գործիքներից մեկը նաև թաղային հեղինակությունների ներգրավումն էր ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու, ընտրակաշառքներ բաժանելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ընտրական հանձնաժողովների աշխատանքները խոչընդոտելու ուղղությամբ, այսինքն՝ ամեն գործընթաց գտնվում էր ընտրությունները կեղծելու տրամաբանության մեջ։

«Նոր իշխանության պարագայում, որը հայտարարում է, որ ինքն ունի քաղաքական կամք ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար, իսկ դա նշանակում է, որ ինքը նպատակաուղղված է կանխելու բոլոր ապօրինությունները, արդեն այն գործիքների կամ այն ինստիտուտների փոխարեն, որոնք ժամանակին օգտագործվում էին ապօրինությունների իրականացման և ապօրինությունների հովանավորման նպատակով, հիմա այն գործիքներն են կարևորվելու, որոնք պետք է կիրառվեն ազատ և արդար ընտրությունների անցկացման նպատակով ապօրինությունները կանխելու համար։ Այդ տրամաբանության մեջ քրեական հեղինակությունների ինստիտուտը, որպես գործիք, տեղ չունի։ Այս պարագայում ոստիկանությունը գործելու է արդեն քրեական հեղինակությունների դեմ՝ որպես ապօրինությունները կանխող գործիք»,- ասաց իրավապաշտպանը։

Նա հիշեցնում է, որ ժամանակին դիտորդական առաքելությունների իրականացման ընթացքում բազմիցս ահազանգում էին ընտրախախտումների մասին, բայց այդ խախտումների կանխման, խախտումներ կատարողների նկատմամբ իրավապահ մարմինները պատշաճ գործառույթներ չէին իրականացնում։ Որպես օրինակ՝ Արթուր Սաքունցը նշեց վերջին ԱԺ ընտրություններին բոլորին հայտնի դպրոցների տնօրենների, «ՍԱՍ գրուպում» հայտնի ժողովի պատմությունները և առհասարակ ընտրակաշառքների բազմաթիվ ահազանգերը բոլոր ընտրությունների ժամանակ։

«Ես հիմա համոզված եմ, որ եթե լինի որևէ ընտրական խախտում, և դրա մասին լինի բարձրաձայնում, նույնիսկ առանց մեր ասելու էլ արդեն իրավապահ համակարգը գործելու է ապօրինությունները բացահայտելու և կանխելու տրամաբանությամբ։ Սա է կարևոր երաշխիքը»,- ասաց նա՝ հավելելով, որ տեղական խախտումների վերաբերյալ ահազանգերն անպայման հանգեցնելու են իրավապահ մարմինների կողմից համարժեք գործողությունների՝ բացահայտելու և կանխելու և իրավական ընթացք տալու խախտում կատարողների գործողությունները։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Այսինքն՝ Ընտրական օրենսգրքի մեջ չի խնդիրը։
Ընտրական օրենսգրքում կա այլ խնդիր. խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը, բոնուսային համակարգին և այլն։ Բայց մթնոլորտը փոխվել է քաղաքական կամքի հիման վրա, որի էությունը ազատ և արդար ընտրությունների ապահովումն է։ Հակառակ պարագայում այս հեղափոխությունը կդառնա կեղծիք, բայց ես վստահ եմ, որ այդպես չի լինելու։

Իշխանությունը միանշանակ հակված է ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, և ամբողջ իրավական համակարգը այլևս գործելու է օրենքի գերակայության սկզբունքի ապահովման տրամաբանության շրջանակում և ապօրինությունները կանխելու, այդ թվում՝ քրեական հեղինակությունների դերը ընդհանրապես բացառելու ուղղությամբ։ Ավելին՝ արդեն մինչև ընտրությունները քրեական հեղինակությունների ազդեցությունը վերացվելու է։ Եթե որևէ մեկի մտքով անցնի հաբրգած ձևով մարդկանց վրա ճնշում բանեցնել, ապա անձամբ ես նաև՝ որպես ահազանգողներից մեկը, վստահեցնում եմ, որ չի անցնելու, ու շատ դաժան պատիժներ կստանան»,- վստահեցրեց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *