Մունետիկ

Հանրության մի զգալի, շատ զգալի հատված իսկապես արցախատյացությամբ է վարակված․ Գ․ Բաղդասարյան

  Նորերս ակամայից մի «պատմության» մեջ եմ ընկել ու, մեղմ ասած, բանավիճային շփումներ ունեցել տեղացի շարքային քաղաքացիների մի բավականին լայն շրջանակի հետ: Ինքս միանգամայն անմեղ լինելով տվյալ իրավիճակում՝ ոչ միայն չեմ կարողացել ապացուցել իմ անմեղությունը, այլ նաև հնարավորություն չեմ ունեցել նորմալ բացատրելու իմ դիրքորոշումը «բանավեճի» առարկայի շուրջ, քանի որ հարցն իսկույն տեղափոխում են «հայաստանցի-ղարաբաղցի» հարթություն, որտեղ անզոր են թե՛ տրամաբանությունը, թե՛ փաստարկները, թե՛ ընդհանրապես ամեն ինչ: Ու վերջնարդյունքը մեկն էր լինում այդ վեճերում՝ «ձեզ քշել է պետք այստեղից»:

  Այդ վեճերից հետո ինքս ինձ հետ «կռիվս տալով» ստիպված եղա ընդունել այն դառն իրականությունը, որ հանրության մի զգալի, շատ զգալի հատված իսկապես արցախատյացությամբ է վարակված: Քանի-քանի անգամ ինձ հեռու եմ պահել այդ մտքից, քանի-քանի անգամ հրապարակավ հակառակն եմ պնդել ու հեռու վանել այդ միտքը: Բայց այսօր ստիպված եմ ընդունել դառը ճշմարտությունը, այն, որ իշխանությունների կողմից մարդկանց նսեմ զգացմունքները խաղարկելը վտանգավոր սահմանագծին է հասել, և սա այլևս իրականություն է:

  Ու առաջին հերթին հենց իշխանություններին էլ դիմում եմ և, դասականի ասած, խնդրելու պես պահանջում ու պահանջելու պես խնդրում այս ամենի առաջն առնել՝ ա՛ն-հա՛-պա՛ղ: Քանի դեռ տեղի չի ունեցել անդառնալին՝ ընդհարումը: Թե չէ աշխարհով մեկ խայտառակ ենք լինելու, ու այդ ամոթը չի ջնջվելու երկա~ր-երկա~ր: Ու հետագայում պատասխանատուներին պատժելն էլ թույլ մխիթարանք է լինելու:

  Դիմում եմ նաև մեզ՝ արցախցիներիս, ու կոչ անում լինել նրբանկատ, շատ նրբանկատ, ծայրահեղ նրբանկատ: Չտրվել սադրանքների: Սադրանքների առիթ ու պատճառ չդառնալ: Ու սեփական յուրաքանչյուր քայլ, առավել ևս՝ հավաքական քայլ անելիս նկատի ունենալ նաև առկա պայթյունավտանգ իրավիճակը:

  Ծանր կյանքը, կորուստները, պատերազմի ամենօրյա վտանգը, ապագայի անորոշությունը իրենց հետքն են թողել բոլորի վրա, անխտիր բոլոր շարքային քաղաքացիների վրա, ողջ երկրի վրա: Դառնացած են բոլորը: Բայց պիտի կարողանանք պատվով դուրս գալ այս իրավիճակից:

  Այսպիսի մի խոսք կա՝ ամեն ինչ կորսված է, բացի պատվից: Պահենք գոնե մեր պատիվը:

Հ.Գ. Խնդրում եմ բանավեճ չծավալել իմ այս գրառման տակ: Պարզապես մի պահ կանգ առնել ու մտորել խնդրո առարկայի շուրջ: Ընդամենը: Ու ընդունել գրածս որպես ահազանգ: Որպես հայ մտավորականի ահազանգ:

Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *