Մունետիկ

Վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Վանաձոր (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարժման ղեկավարների հետ Լոռիում էր: Շարժումը Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հիմքում ունեցել են 2 կարևորագույն սկզբունք:

Հայրենիքի փրկության շարժման անդամները առաջնահերթ պայման են համարում վարչապետի հրաժարականը, անցումային ժամանակավոր կառավարության ձևավորումը, որ կարճ ժամանակահատվածում պետք է լուծի երկրի առջև ծառացած խնդիրները` վերականգնի կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, կարգավորի հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ: Վազգեն Մանուկյանը ապացուցված է համարում, որ պատերազմը կարելի էր կանխել՝ համոզմունք հայտնելով, որ ամուր դիրքերը կկարողայինք պահել, եթե բանակը պատրաստ լիներ: Նույնիսկ աննպաստ պայմաններում բանակի աշխատանքները ճիշտ կանոնակարգվելու դեպքում կորուստներ չէինք ունենա, հավելելով, որ պատերազմը կարող էինք կանգնեցնել ավելի շուտ՝ ավելի քիչ կորուստներով:

Մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմը քայքայել են երկրի տնտեսությունը: Վազգեն Մանուկյանն այն համոզմանն է, որ ներկա իշխանության նկատմամբ անվստահությամբ պայմանավորված դրսից ներդրումներ չեն լինի:  Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Վանաձորցի տարեցներից մեկը բարձրացրեց երբեմնի արդյունաբերական Լոռիի փլուզված արտադրամասերի հարցը` դրանցում տեսնելով ՀՀ 3-րդ հանրապետության 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և այն ժամանակ վարչապետ Վազգեն Մանուկյանի մեղավորությունը: Վազգեն Մանուկյանը փորձեց պատասխանել հարցին, սակայն նրա պարզաբանումները չգոհացրին քաղաքացուն: Պատերազմից հետո Հայոց Ցեղասպանության պահանջի իրավունքն արդարացված է,- ի պատասխան հաջորդ հարցի՝ նշեց վարչապետի թեկնածուն: Հայրենիքի փրկության շարժման անդամ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև Շիրակի մարզի միջադեպին, որի ժամանակ ասել էր. մեջբերում՝ «Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ»: Հիշեցնենք՝ նույն օրը՝ հունվարի 15-ին  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել էր Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիների նկատմամբ վիրավորական ձևակերպումները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *