Տիգրան Քոչարյանը Թումանյան խոշորացված համայնքի Աթան բնակավայրի վարչական ղեկավարն է: Նախկինում Մոտկորի գյուղերի ավտոբուսն էր վարում։ Սիրում է Աթանը, գյուղից չի հեռացել։ Մի օր էլ առաջարկություն է ստացել, որ դառնա բնակավայրի վարչական ղեկավարը: Գյուղի ժողովրդին լավ է ճանաչում, դրա համար էլ չի մերժել։
-Աշխատող ժողովուրդ են, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Տարեցտարի շատ բան է փոխվում, երիտասարդությունը չի ուզում գյուղում մնալ, այստեղ ապագա չեն տեսնում երեխաների համար, մշակույթի, սպորտի գնալու հնարավորություն չկա, բոլորը դեպի քաղաք են ձգտում:
Մարդիկ քիչ-քիչ լքում են գյուղը
-Սաղ էլ աշխատող ժողովուրդ են, անասունների գլխաքանակ էլ կա, ապրում են, Ռուսաստան գնացող էլ չկա, մինչև հիմա ամեն ինչ արել են, բայց դե՝ տարին-տարու վրա փոխվում է, գյուղը չի զարգանում, չեն ուզում մնալ, հեռանում են երիտասարդները: Երեխեքի համար դպրոցից բացի ուրիշ գնալու տեղ չկա: Առաջներում եղել է ամեն բան, մշակույթի տուն է է եղել, հիմա քանդված վիճակում է, էն վախտ ուրիշ էր։ Հիմա մարդկանց մտածելակերպը փոխվում ա, զարգանում են, էլ չեն ուզում գյուղի պայմաններում ապրեն:
Գյուղի այսօրվա խնդիրները
-Գյուղը բազմաթիվ խնդիրներ ուներ, որոշներները Թումանյան խոշորացված համայնքի շնորհիվ լուծել ենք,: Օրինակ, անցած տարի, սուբվենցիոն ծրագրի միջոցով ջրագծի խնդիրն ենք լուծել, ներքին ցանցի խողովակաշարն է փոխվել, լուսավորությունն է ավելացել: Հիմա ամենակարևոր խնդիրն էն ա, որ գազ չկա: Անտառի գործն էլ խստացվել է, որ գազ լիներ՝ ժողովրդի հոգսը մի քիչ կթեթևանար։ Ջրի խնդիր էլ ունենք, որ պիտի լուծվի։ Մանկապարտեզի տանիքն էլ պիտի փոխվի։ Դե, գյուղացու հոգսն ու խնդիրը միշտ էլ կա։
Հնարավորությունները
-Աթանի ժողովուրդը միայն անասնապահությամբ է զբաղվում, հողագործությամբ չի զբաղվում, որովհետև, կամ կարկուտն է տանում կամ արևն այրում։ Լավ աշխատող ժողովուրդ ենք, համեմատած էս Մոտկորի գյուղերի՝ ամենաշատ անասունը մեր գյուղում է։
Ճանապարհի ասֆալտապատումը շատ օգնեց, առաջ օրվա կեսն անցկացնում էին շուկա գնալ-գալու վրա, եղած գումարն էլ ծախսում մեքենաների վերանորոգման վրա։ Հիմա լավ է, ճանապարհի խնդիր չունենք։ Լավ չի, որ կաթնամթերքի արտադրամաս չկա գյուղում, դե մարդիկ իրենց կաթնամթերքը իրացնում են, ով ինչպես կարող է։
Նախակրթարանը և փակվող դպրոցը
-Նախակրթարան ունենք, ընդամենը 5 երեխա է հաճախում, քիչ է, քանի որ երիտասարդների մեծ մասն ամուսնացած չէ։ Մի 30 երախա էլ դպրոցում կա, քիչ է։ Հիմա դպրոցահասակ երեխաներ ունեցողներն ուզում են գնան գյուղից, որովհետև ասել են, որ դպրոցը պիտի փակվի։ Ամենացավոտ հարցը հենց դպրոցի փակվելն է, որ մարդկանց ստիպում է գնալ քաղաք։ Ասում են՝ փոքր երեխաներին ո՞նց պիտի տանենք Մարցի կամ Լորուտի դպրոց, ավելի լավ է ապրանքը ծախենք, տուն առնենք քաղաքում ու քոչենք։ Եթե դպրոցը փակվեց՝ գյուղն ինքնստինքյան կդատարկվի, ջահելները բոլորը կգնան, կմնան տարեցները։ Եթե մի ձև կա, որ ժողովուրդը խնդրանքով դիմի կառավարությանը, որ դպրոցները չփակվեն՝ ժողովուրդը չգնա գյուղից՝ լավ կլինի։
Զբոսաշրջությունը
-Մինչև հիմա ոչ մի բան չունենք, հյուրատներ էլ չկան, քանի որ ճանապարհ չենք ունեցել։ Բայց հիմա կարծես շարժ նկատվում է, գնացող-եկող կա, մարդիկ էլ կան, որ որոշել են հյուրատներ, հագստի տեղեր սարքեն, դե ասֆալտը կա։ Ծրագրեր կան, եթե արդյունք լինի՝ կշատացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն