Հասարակություն

Աղքատության հետևանքների 1-ին կրողները երեխաներն են։ Շիրակի մարզում երեխաներն առաջնահերթ բախվում են կրթության ու ըննտանեկան բռնություններից զերծ մնալու խնդրին

 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշով ՀՀ-ում ամենաաղքատը շարունակում է մնալ Շիրակի մարզը։ Աղքատության հետևանքների 1-ին կրողները երեխաներն են։ Շիրակի մարզում երեխաների առաջնահերթ խնդիրների շարքում են  կրթության, զարգացմանը համապատասխան սնունդ ստանալու և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրները։

«Այս խնդիրներից զատ առանձնացվում են նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները»,- պատմում է Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը և շարունակում՝ «Այս ընտանիքներում խնդիրները բազմազան են, ընտանեկան բռնության բոլոր դրսևորումները  կան։ Ամուսնալուծված ընտանիքների պարագայում երեխաներին շահարկման առարկա դարձնելը և երեխայի միջոցով փորձել ինչ-որ վրեժխնդրություն կամ ինչ-որ նյութական հարցեր պարզելը»։

Հիմնական խնդիրներից, որոնց բախվում են երեխաները, այն է, երբ ընտանիքը չի կարողանում լուծել սոցիալական կարիքները, ինչի հետևանքով էլ երեխաները հայտնվում են հաստատություններում։

Լիլիթ Գորգինյանը նշում է, որ աշխատում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հետ՝ ապահովելու նրանց տեղաշարժման ու կրթական իրավունքները։

Ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 41-ի 2-րդ մասով՝ «Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու  (որքան հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին»։

  2016 թվականին հստակ դրվեց լիազոր մարմնի կողմից, որ երեխան պետք է մեծանա ընտանիքում կամ ընտանիքին մոտ պայմաններում։

Լիլիթ Գորգինյանի կարծիքով, որքան էլ որ մենք երկու ձեռքով կողմ ենք ծրագրի իրականացմանը, բախվում ենք այլ խնդիրների: Ցավով է նշում, որ բացի սոցիալական կարիքներից, կան նաև շատ այլ խնդիրներ ընտանիքում. «Եթե մենք երեխային դուրս ենք  բերել, օրինակ, հարբեցող ծնողի, կամ շեղված  վարք դրսևորողի  մոտից, որի ականատեսը երեխան եղել է պարբերաբար, ունեցել է հոգեբանական լուրջ խնդիրներ, այս դեպքում մենք ինչպե՞ս այդ երեխային ուղղակի վերադարձնենք ընտանիք»։ Այս որոշման բացը` ըստ նրա, կարող է լրացվել ճգնաժամային կենտրոնների միջոցով, ուր հայտնվեն  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Շիրակի մարզում որդեգրման գործընթացը ևս առանձնահատուկ է և կարծրատիպային։

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի այլընտրանքային խնամքի տարբերակներից որդեգրումը նախապատվելի  ձևն է, որից հետո խնամակալությունը և խնամատարությունը։

Երեխաների որդեգրման գործընթացում հաշվի է առնվում երեխայի շահը և որդեգրողի ցանկությունը։ Ըստ Լիլիթ Գորգինյանի՝ որդեգրող թեկնածուները չեն որդեգրում երկու տարեկանից բարձր երեխաներին, առավել ևս՝ եթե երեխան ունի որոշակի խնդիրներ։

«Մենք ունենք հատուկ կարծրատիպ, որ որդեգրում են միայն արական սեռի երեխաների, նորածին, որպեսզի ծննդատնից ուղիղ իրենց տուն տանեն»։

«Ինչու՞ են երեխա որդեգրում» հարցին շիրակցի որդեգրողների մեծ մասը նույն պատասխանն է տալիս. «Որ մեր ծուխը ծխացնող  լինի, մեր ազգանունը կրող լինի ու դառնա մեր ժառանգը»:

Գյումրիում շատ են հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների խնդիրներով:  «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ի սկզբանե  լինելով խաղասրահ, այսօր ունի 250 շահառու երեխաներ և դեռահասներ։ Կենտրոնի ծրագիրը հիմնականում միտված է 6-17 տարեկան երեխաների և դեռահասների ընդգրկուն՝ ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ և մտավոր զարգացմանը։ Դեռահասների հետ աշխատանքի ընթացքում հիմնականում անդրադառնում են կոնֆլիկտների հաղթահարմանն ու սեռական դաստիարակությանը։

Կենտրոնի երեխաների հետ տարվող աշխատանքների համակարգող Ռուզաննա Բալոյանի խոսքով՝ սեռական դաստիարակությունը  Գյումրու ընտանիքներում արգելված թեմա է, քանի որ ո՛չ դպրոցներում, ո՛չ ընտանիքներում երեխաների ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական փոփոխությունների մասին չեն խոսում։ Դեռահասներն այս մասին հիմնականում սխալ տեղեկություն են ստանում։

«Երբ ասում են սեռական դաստիարակություն, առաջին հերթին երեխաների և ծնողների մոտ ասոցացվում է սեռական հարաբերության հետ. սա առողջ ապրելակերպ է, որի մեջ մտնում են ֆիզիկական զարգացումը և պատրաստվածությունը, հոգեբանական և սոցիալական իրավիճակը»։

Շիրակի մարզի ՀԿ-ներից շատերը զբաղվում են նաև բռնության ենթարկված երեխաների խնդիրներով, իրականացնում հոգեբանական աշխատանք երեխայի և նրա ընտանիքի հետ։

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նախագահ Գայանե Գյադուկյանի խոսքով՝ երեխաների հետ տարվող աշխատանքներից բացի, շատ կարևոր է աշխատել նաև երեխայի ընտանիքի հետ՝ փոխելով ներընտանեկան հարաբերությունները, որպեսզի աշխատանքը արժեք ու արդյունք ունենա։

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի պաշտպանության հիմանդրամը Շիրակի մարզում աշխատում է 2000 թ-ից և սպասարկում է ողջ մարզը։ Այստեղ աշխատանքներ են տարվում 2-ից բարձր տարիքի երեխաների հետ: Տրամադրվում է անհատական և ընտանեկան խորհրդատվություն, տարվում հոգեթերապևտիկ աշխատանք։ Հիմնադրամի հոգեբան Ելենա Հովհաննիսյանը պատմում է, որ այժմ սեռական բռնության ենթարկված երեխաների հետ են աշխատում: Հայտնաբերում են  բռնության դեպքերն ու աշխատում երեխայի և նրա ընտանիքի հետ։ Երկու տասնյակ տարիների ընթացքում «Հայկական կարիտաս» կազմակերպությունը նույնպես հաջողություններ է գրանցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվածղ երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական ներառման գործում։ Կազմակերպության հոգեբան Անի Մկրտչյանի խոսքով աշխատում են, որպեսզի ձևավորվի խոսքը, զարգանա մայր-երեխա շփումը, այնուհետ աշխատում են սոցիալիզացիայի ուղղությամբ, ունեն նաև մայրիկների ինքնաաջակցման խումբ, որի անդամների տրամադրվում է խորհրդատվություն։

Հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում նաև երեխաների համար միջավայրը Գյումրիում հարմարեցված չէ։ Մեծամասամբ բացակայում են թեքահարթակները, հարմարեցված չեն հասարակական տրանսպորտն ու շենքերը, ինչը խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին։

Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի խոսքով՝ այդ հարմարեցումները ուղիղ կապ ունեն ֆինանսավորման հետ։ Նոր շինությունները հարմարեցված են կառուցվում, մինչդեռ հին կառույցներն առայժմ փոփոխության ենթակա չեն։ Չնայած ՀԿ և պետական սեկտորների համատեղ ջանքերին՝ մարզն այս ոլորտում դեռ շատ անելիք ունի՝ երեխաների համար ավելի հարմար և ապահով  կենսապայմաններ ստեղծելու ուղղությամբ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *