Հասարակություն

Անցկացվեց թումանյանագիտության համաժողով

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովը` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Թումանյանն ասել է. «Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերենով և հայ գիտնականների կաճառ` գիտության օջախ, հայկական ակադեմիա»: Նա երազում էր ունենալ համալսարան մեր կրթության համակարգում: Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան համալսարանի նրա ցանկությունն իրականացնել. 1919թ-ին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որի 100-ամյակը  պետք է այս տարի նշենք, բայց, Գիտությունների ազգային ակադեմիան չհաջողվեց այդ ժամանակ կազմակերպել, այն կազմակերպվեց ավելի ուշ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:  «Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ Թումանյանին համարում են ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: Երբ կարդում ես նրա հրապարակախոսական նյութերը, կարծես մի քանի օր առաջ է գրել դրանք: Բացի այդ որ գրել է, խնդիրը վերհանել է, նաև լուծումներ է առաջարկել»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանիառիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, հայտարարեց,  որ պետությունը նպատակ ունի Թումանյանի հոբելյանին նվիրված  միջոցառումները վերածել համազգային տոնախմբության:

Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության, գրական-հասարակական գործունեության վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատություններից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *