Հասարակություն

Եթե մարտի 1-ի զոհերի ծնողները մահացել են, աջակցության համար իրավահաջորդ կարող է լինել մեկ այլ անձ․ Զեյնալյան

Կառավարությունը երեք ամսվա ընթացքում կհստակեցնի՝ մատիմեկյան իրադարձություններին տուժածները ինչ ընթացակարգով կարող են դիմել աջակցության համար, ինչ է նախատեսելու աջակցությունը եւ այլ մանրամասներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններին տուժած անձանց աջակցության տրամադրման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր քաղաքացիները կարող են դիմել աջակցության համար, Սիսակ Գաբրիելյանը եւս մեկ անգամ նշեց, որ խոսքը վերաբերում է միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներին, որոնք արդեն իսկ հաշվառված են։ Գաբրիելյանը նշեց, որ քիչ հավանական է՝ այդ դեպքերի ժամանակ լուրջ վնասվածք ստացածները հիվանդանոց դիմած չլինեին, քանի որ միջին եւ ծանր վնասվածքը ենթադրում է կարեւոր օրգանի ֆունկցիոնալ խանգարում․

«Բայց մարտի մեկի առիթով հարուցված է քրեական գործ, հնարավոր է՝ քննության ընթացքում ի հայտ գան նոր տուժողներ, եւ հնարավոր է նաեւ աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվի»։

Գաբրիելյանը նաեւ ընդգծեց, որ այս նախագծով ոչ թե փոխհատուցում է նախատեսվում, այլ աջակցություն։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ եթե մահացել են մարտի մեկի զոհերի հարազատները, ապա զոհվածների իրավահաջորդի կարգավիճակ է ստանում նոր անձ եւ ինքն է ստանում փոխհատուցում։

Ի դեպ՝ երբ կառավարությունը հստակեցնի աջակցության ձեւը, չափը եւ ընթացակարգը, քաղաքացիներն այդ աջակցության համար կարող են դիմել երեք տարվա ընթացքում՝ ցանկացած պահի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *