Հասարակություն

Հայաստանում մահվան դեպքերի 80 %-ը ոչ վարակիչ հիվանդությունների արդյունք են․ ԱՆ փոխնախարար

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում ընթանում է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գրության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի նիստը։

Այն վարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ 

Ելույթով հանդես եկավ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«2021 թվականին, ըստ գնահատումների, Հայաստանը գնահատվելու է որպես ծերացող բնակչություն ունեցող երկիր, քանի որ բնական աճի որոշակի նվազում ունենք»,- նշեց փոխնախարարը։ 

Նրա փոխանցմամբ՝ մայրական մահացությունն Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների համեմատ նվազել է, սակայն համեմատած ԵՄ երկրների հետ՝ բարձր է։  Մանկական մահացությունները, նրա խոսքով, 4-5 անգամ նվազել են՝ 0-1, 0-5 տարեկանների շրջանում։ 

Խոսելով ընդհանուր մահացության մասին՝ փոխնախարարը նշեց․ 

«Հիմնական մահացության բեռը ոչ վարակիչ հիվանդություններից է․ և՛ հիվանդացության, և՛ մահացության մոտավորպես 80 տոկոսը կազմում են ոչ վարակիչ հիվանդությունները։ 55 տոկոսը կարդիո-մասկուլային հիվանդություններից են, մոտավորապես 20 տոկոսը չարորակ նորագոյացություններից մահացությունն է։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վաղաժամ մահացությունը  մոտավորապես 20 տոկոս է կազմում, այսինքն՝ յուրաքանչյուր 5 մահից մեկը վաղաժամ է»։

Նրա տվյալներով՝ մինչև 65 տարեկան տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք, և ավելի շատ մահանում են ոչ վարակիչ հիվանդություններից ու կարդիո-մասկուլային հիվանդություններից։ Կանանց մոտ, փոխնախարարի փոխանցմամբ, կրծքագեղձի քաղցկեղից վաղաժամ մահացությունը բավականին մեծ է, նույնը տղամարդկանց շրջանում՝ թոքերի քաղցկեղից մահացությունը մի քանի անգամ գերազանցում է թիվը ԱՊՀ և ԵՄ երկրների հետ համեմատությամբ։

Լենա Նանուշյանն ասաց, որ ՀՀ բնակչության 30 տոկոսը ծխում է, մեծամասամբ՝ տղամարդիկ (յուրաքանչյուր երկրորդ մեծահասակ տղամարդը)։ Անդրադառնալով ալկոհոլի օգտագործմանն ցուցանիշներին՝ փոխնախարարը նշեց, որ 30 օրվա ընթացքում տղամարդիկ ավելի շատ  են օգտագործել, քան կանայք, իսկ ալկոհոլ չօգտագործելու ցուցանիշը կանանց շրջանում բավականին մեծ է։

«Սակայն Հայաստանում ավելի մեծ խնդիր է ալկոհոլի չարաշահումը։ Տղամարդկանց 16 տոկոսից ավելին 6 և ավելի բաժին օգտագործումը չարաշահում է»,- շեշտեց Նանուշյանը։

Նրա խոսքով՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտավորպես 20 տոկոսը ֆիզիկապես թերակտիվ է․ տղամարդկանց 14 տոկոսը ճարպակալում ունի, իսկ կանանց՝ 20 տոկոսը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *