Հասարակություն

Հայերի միջավայրում երբեք ինձ օտար չեմ զգացել. Զինա Ամիրյան, Յաղդանի հույն բնակիչ

Լոռու մարզի Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին և հայտնի է որպես հունական գյուղ։ Այսօր հույն բնակիչների թիվը մեծապես կրճատվել է, և 1991 թվականից սկսած արտագաղթի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան։

 Գյուղի մասին պատմում է վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը

-17-րդ դարից Յաղդանում հայեր են ապրել, որից հետո, 18-րդ դարում հույները եկել են աշխատելու Ախթալայի հանքում, հետո տեղավորվել են Յաղդանում, տներ են հիմնել, ապրել և բազմացել: 1900-ական թվականներին արդեն գյուղի 95 տոկոը հույն էր, 4 հայ ընտանիք է եղել: մնացածը՝ հույն: Շուրջ 1000 բնակիչ է ունեցել Յաղդանը, սակայն 1992-1994 թվականներին, երբ մութ ու ցուրտ տարիներն էին՝ գյուղի 70 տոկոսը տեղափոխվեց Հունաստան: Մեկնեցին հիմնականում երիտասարդ ընտանիքները, իսկ գյուղում մնացին ծերերը:

Զինա Ամիրյանը Յաղդան է տեղափոխվել Կապանից

-Հայրս Ամիրով էր գրվում, ես էլ՝ Ամիրովա, սակայն դպրոցն ավարտելուց հետո փոխեցի ազգանունս ու դարձա՝ Ամիրյան: Կապանում էինք ապրում, այնտեղ հունարեն չգիտեին, հույն չկար, դրա համար տեղափոխվեցի Յաղդան հունական գյուղը: Այստեղ հայերի հետ շատ լավ ենք ապրել , շատ բան չեմ հիշում, փոքր եմ եղել: Հայերի միջավայրում երբեք ինձ օտար չեմ զգացել, աշխատել եմ տարբեր կոլեկտիվներում և երբեք ազգային ինքության խնդիր չեմ ունեցել:

Ազգային ավանդույթները

-Միշտ տոնել ենք հունական զատկական տոնը: Տղաս գնացել է հունական ճամբար, շրջել է պատմական հայրենիքում, շատ է հավանել, սովորել է հունարեն երգել: Ցավում եմ, բայց արդեն քիչ-քիչ մոռանում ենք ամեն բան, հույները քչացել են: Հարսիս շատ բան ենք պատմում մեր մասին, ծանոթացնում հունական մշակույթին:

Ուրախ եմ, որ հունական ընտանիքում եմ հարս եկել (պատմում է Զինայի հարսը)

-Ալեքսանդրը, մայրիկի պապիկը եղել է շինարար, մասնակցել է Կիևյան կամրջի շինարարությանը: Ինձ շատ են դուր եկել հունական պարերը, հաճելի է լսել հունական երաժշտությունը, հունարենն եմ շատ եմ հավանում, լավ լեզու է: Հետաքրքրված եմ Յաղդանի պատմությամբ, գյուղի մեծերից շատ բան եմ հարցնում, իմանում: Շատ ուրախ եմ, որ հունական պարերի թեքումով խմբակ է գործում, այնտեղ սովորեցնում են նաև հունարեն, երջանիկ կլինեմ, որ երեխաներս սովորեն, որովհետև մենք այս փոքր միջավայրն ենք ներկայացնում ու հարկավոր է, որ սերունդներին փոխանցենք մեր մշակույթը և կարողանանք ներկայացնել այն: Ամուսինս ժամանակին դպրոցում սովորել է հունարեն, երգեր գիտեր, որոշակի խոսում էր:

Ես քաղաքից եմ եկել այստեղ և երբեք չեմ փոշմանել, գյուղում կյանքը լավ է, միջավայրը՝ հաճելի, թե՛ հուների և թե հայերի հետ: Ճիշտ է, մենք ազգային փոքրամասնություն են ներկայացնում, բայց ինձ մեծ պատիվ է բերում, որ իմ երեխաների մեջ կա հունական գենը:

Երիտասարդ կինը փոքր համայնքում

Երկրորդ երեխաս դեռ փոքր է, բայց ես շատ եմ ցանկանում գյուղում փոփոխություններ լինեն ու ես մասնակցեմ այդ փոփոխություններին: Կցանկանամ, որ հունարեն լեզվի դասեր կազմակերպվի բոլորի համար, մարդիկ սովորեն գրել, կարդալ, Հայաստանի հունական համայնքի, մասնավորապես՝ Յաղդանի պատմությունը սովորեն, իմանան, թե որտեղից են իրենք սերվել: Յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, պետք է ճանաչի իր արմատները, իմանա, թե որտեղից են եղել իր նախնիները, ինչ պատմություն ունի, պետք ճանաչի իր ինքնությունը, որպեսզի գյուղից դուրս, ամենուր, կարողանա իր համայնքը ներկայացնել: Եվ ես շատ եմ ցանկանում, որպեսզի համայնքում այդ ամենը կազմակերպվի և ես էլ ներգրավվեմ:

Հունական մշակույթը փոքր համայնքում

-Հիմա Յաղդանում խմբակ է գործում և ես երեխաներին անպայման կտանեմ այնտեղ, որպեսզի սովորեն հունական երգեր ու պարեր…

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *