Հասարակություն

Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով

«Համանքային համախմբման ու աջակցության» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

2019 թվականի հունվարից մեկնարկած «Ալավերդիում և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում չեխական «Արնիկա» ՀԿ-ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հողի, սննդի, մարդկանց մազերի հետազոտություններ իրականացվեցին Ալավերդի և Ախթալա համայնքերում։ Դեկտեմբերի 6-8- Հայաստան ժամանած «Արնիկա» ՀԿ ներկայացուցիչները Երևանում, Ալավերդիում, Հաղպատում, Աքորիում, Ախթալայում և Ճոճկանում ներկայացրեցին իրականացված հետազոտության արդյունքները, բնակիչներին իրազեկեցին հայտնաբերված ծանր մետաղների, մկնդեղի, կադմիումի առկայության մասին: Նոր հետազոտություններով վերահաստատվել է ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինի բարձր քանակությունների փաստը։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով։ Ուսումնասիրված տարածքների հողի մեջ հայտնաբերվել են մկնդեղի, կադմիումի, պղնձի, մոլիբդենի, նիկելի և կապարի բարձր պարունակություններ: ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղի 1 գյուղացիական տնտեսությունում վերցված մարդկանց մազերի 3 նմուշներում հայտնաբերվել է նիկելի բարձր պարունակություն: «Հետազոտության արդյունքները ցույց են տվել առողջության համար կանցերոգեն և ոչ կանցերոգեն ռիսկերի բարձր մակարդակ այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են կադմիումի, մկնդեղի և նիկելի բարձր կոնցենտրացիաներ»,- ասել է շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան: «Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ` մարդու օրգանիզմում կադմիումի և մկնդեղի հնարավոր կուտակումը որոշելու համար: Ծանր մետաղները հանդիսանում են տեղական արդյունաբերության կողմից արտադրվող վտանգավոր քիմիական նյութերի մի խումբ: Մենք նախատեսում ենք լրացուցիչ աշխատանքներ կատարել այս ոլորտում: Բացի այդ, կառավարությունը պետք է անցկացնի աղտոտման և առողջության որոշակի մոնիտորինգ: Մենք վերլուծեցինք Ալավերդու ազատ տեղաշարժվող հավերի ձվերի մեկ այլ համակցված նմուշ` դիօքսինների համար, և արդյունքը հաստատեց նախորդ տարվա տեղական ձվերում հայտնաբերված այս քիմիական նյութերի տագնապալի քանակները: Դիօքսինները վտանգավոր են շատ փոքր կոնցենտրացիաներում, և Ալավերդին, հավանաբար, լրջորեն աղտոտված է այդ քիմիական նյութերով»,- ասել է «Արնիկա» կազմակերպության տնօրեն Ինդրիխ Պետրլիկը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *