Հասարակություն

Հիվանդը գումար չի վճարի, եթե սուր իշեմիկ կաթված է ստացել (տեսանյութ)

Երեկ կառավարությունը հավանություն տվեց գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժումը պետպատվերով կատարելու որոշմանը: Ըստ այդմ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում  և  «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում փետրվարի 1-ից  անվճար կկատարվի գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժումը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը նշեց, որ  եթե հիվանդի մոտ ախտորոշվում է սուր կաթված, ապա այդ պարագայում պետությունը ամբողջովին է ծախսերը հոգում:

«Հիվանդի ընդունումը, հետազոտումը, վիրահատությունը, դեղորայքը և հետագա բուժումը իրականացվելու է պետպատվերի շրջանակում: Այսինքն հիվանդը ֆինանսական  ծանրաբեռնվածություն չի կրելու»:

Բայց շատ հավանական է նաև, որ հիվանդին հետազոտելուց հետո պարզվի, որ նրա մոտ սուր կաթված չէ:

«Եթե պարզվեց, որ  կաթվածի սուր փուլ չի, ապա հիվանդը չի համապատասխանում տվյալ ծրագրի պարամետրերին, այդ պարագայում առայժմ բուժումը իրականացվելու է այնպես, ինչպես նախկինում: Գոյություն ուներ համավճար, այսինքն պետությունը ինչ-որ մի մասը փոխանցում է,  մյուս մասն էլ հիվանդն է վճարում, բայց պետք է նշել, որ այդ վճարումները անհամեմատ ավելի քիչ են և ժամանակը, որպեսզի այդ  ամեն ինչը իրականացվի՝ ավելի շատ է»,- պարզաբանեց Դավիդ Սահակյանը:

Եթե հիվանդի մոտ առաջանում են հետևյալ գանգատները՝ դեմքի ծռվածություն, վերջույթների թմրածություն կամ էլ խոսքի խանգարում, ապա նրանց կողքին գտնվողները անհապաղ պետք է կապվեն շտապ օգնության հետ: Ըստ Դավիդ Սահակյանի՝ անհրաժեշտ է, որպեսզի  հիվանդի հարազատները շտապ  կապվեն բժշկական ծառայությունների հետ: 

«Շտապ օգնության մեքենան ժամանելով դեպքի վայր, գնահատում է հիվանդի վիճակը և հնարվորինս շուտ կապվում է կաթվածի կենտրոնի հետ: Բժշկական կենտրոնը ահազանգ ստանալուն պես նախապատրաստվում է համապատասխան գործողությունների»:

Սուր իշեմիկ կաթվածի բուժման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել թե՛ հաշմանդամությունը, թե՛ մահվան դեպքերը:

Հարցին, թե այս մեկ օրվա ընթացքում զանգ եղե՞լ է  կապված սուր իշեմիկ կաթվածի հետ, բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը նշեց, որ երեկ մեկ զանգ է եղել, բայց հետազոտությունից հետո պարզվել է, որ հիվանդի մոտ հեմոռագիկ ինսուլտ է, այսինքն՝ սուր կաթված չէ:

«Հիվանդն ընդունվեց վերակենդանացման բաժանմունքում և մինչև հիմա այնտեղ է»,- նշեց բժշկուհին:

Մանրամասն՝  տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *