Հասարակություն

Ի՞նչ մեսիջներ էր պարունակում Փաշինյանին ուղղված Վանեցյանի ուղերձը․քաղտեխնոլոգ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում է։ Երեկ նա ասուլիսով էր հանդես եկել։

Փաշինյանն անդրադարձել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ ասելով․

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ»։

Իսկ այսօր Վանեցյանը «Հրապարակ» լրատվականի հետ զրույցում արձագանքել էր   Փաշինյանին․

«Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»։

Թեմային «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ի՞նչ հաղորդագրություններ էր հղում ԱԱԾ նախկին տնօրենն իր պատասխանում։

«Պատասխանների մեջ կային որոշակի մեսիջներ։ Վանեցյանը հասկացրեց, որ ինքն ավելի լավ պատկերացում ունի, թե ինչ բան է սպայի պատիվը, քան բանակի հետ զուտ պաշտոնական դիրքից առնչություն ունեցող վարչապետը։ Երկրորդ՝ ԱԱԾ նախկին տնօրենը նշեց շատ կարևոր մի բացահայտում, չնայած որ վարչապետը հեռուստաէկրաններից, լրագրողների հետ զրույցում  քննադատում է Վանեցյանին, բայց «տակից» մարդիկ է ուղարկում՝ խնդրելով որոշ ժամանակ լուռ մնալ։ Այսինքն՝ ցույց տվեց նրա կերպարի երկակիությունը․ հրապարակային քննադատել միաժամանակ՝ տակից փորձել սիրաշահել կամ լեզու գտնել»,- ասաց Բադալյանը։

Մյուս մեսիջը, ըստ քաղտեխնոլոգի, այն է, որ Վանեցյանը վերջակետ չդրեց այն հարցի վրա, թե ով կարող է հայտնվել «աղբանոցում»՝ հասկացնելով, որ կարող են ոչ թե ուսադիրները հայտնվել, այլ՝ հենց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ Վանեցյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կապ չունի նախկին կոռուպցիոն համակարգի հետ, որքան էլ փորձ է արվում անել դա, տվյալ դեպքում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։

«Միաժամանակ ցույց տվեց, որ վարչապետը չի տիրապետում Սահմանադրությանը։ Որովհետև համաձայն Սահմանադրության՝ պատերազմական վիճակներում է, որ վարչապետը երկրի գերագույն գլխավոր հրամանատար է դառնում, իսկ քանի որ Հանրապետությունը պատերազմական վիճակում չէ, հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է»,- նկատում է քաղաքագետը։

Հաջորդ մեսիջը, Բադալյանի խոսքով, երբ որ վարչապետը չդադարի անընդհատ, առանց հետևանքների մասին մտածելու անդրադառնալ Վանեցյանին, ապա վերջինս նույնպես կսկսի խոսել, և  սկսելու դեպքում կխոսի շատ բաների մասին․

«Ինչպե՞ս եղավ իշխանափոխությունը, որը կարող էր տեղի չունենալ, ի՞նչ պահմանավորվածություններ ունի վարչապետը նախկին կոռուպցիոն համակարգի որոշ թևերի հետ, ինչպե՞ս է ստացվում, որ շատ կոռուպցիոներներ հանգիստ հեռանում են Հայաստանից։ Ի՞նչ փողային հարաբերություններ են տիրում վարչապետի և նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ներկայացուցիչների միջև և այլն, և այլն։ Դրանից պարզ կդառնա, որ վարչապետի էկրանային կերպարը և իրական կերպարը որևէ առնչություն չունեն միմյանց հետ»։

Իսկ ամենակարևոր հաղորդագրությունը, ըստ քաղտեխնոլոգի, պատասխանի բուն էությունն էր, որով Վանեցյանը ցույց տվեց, որ հավասարապես կարող է խոսել՝ չնայած վարչապետը կառուցում է անձնիշխան համակարգ, ինչպես սիրում է ասել՝ «ինքը ժողովրդի վարչապետն է, ամենաբարձրն է, ամենալեգիտիմն է» և նա է միշտ ուզում վերջին խոսքն ասել։  

«Իր հետ կապված հարցերում վերջին խոսքը վարչապետինը չէ, իրենն է, այսպես ասած՝ «թող Նիկոլ Փաշինյանը հանկարծ դա չշփոթի էլի», «ինչքան դու խոսաս, պատասխանելու եմ»։ Իսկ սա զայրացնում է վարչապետին, որովհետև վերջինս փաստորեն ԱԱԾ տնօրենին սկսում է դիտարկել որպես այլընտրանքի»։ 

Ինչո՞ւ Փաշինյանը երեկ անդրադարձավ Վանեցյանի հրաժեշտի խոսքին և ինչո՞ւ հենց Լոս Անջելեսում։

Ըստ Բադալյանի՝ վարչապետը չի կարողանում հանդուրժել այն հանգամանքը, որ ԱԱԾ նախկին տնօրենը «դուռը շրխկացրել է» իր դեմքին։

«Փաշինյանը փորձում է իր միջոցներով, հրապարակախոսների, պաշտոնյաների միջոցով հասկացնել, որ հենց ինքն է Վանեցյանին ազատել աշխատանքից։ Չի կարողանում հանդուրժել այն փաստը, որ Վանեցյանն անգամ հրաժարականից հետո վարկանիշի անկում չի ունեցել, ու բարձր վարկանիշը պահպանվում է»,- շեշտեց նա։  

Քաղտեխնոլոգն անդրադարձավ ասուլիսի ժամանակ Փաշինյանի՝ հնչեցրած «Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի» մտքին։

«Խնդիրն այն է, որ Փաշինյանը մտածում է, որ ինքն այնքան թույլ է, որ իր «երեսին» շրխկացրել են։ Դրա համար էլ, կարծես թե, ցանկանում է ասել, «որ ոչ, ես եմ շրխկացրել, դրա համար էլ տարբեր տեղեր անդրադառնում է»։

Վանեցյանն ի՞նչ հնարավորություններ ունի՝ որպես քաղաքական գործիչ

Անդրադառանալով համացանցում տարածված նկարին, որտեղ որոշ մեկնաբանություններով  Վանեցյանն ու «Տաշիր» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարեպետյանը  հանդիպել են՝ Բադալյանն ասաց, որ որպես ՀՖՖ նախագահ, ոչ պետական պաշտոնյա, հասարակական կազմակերպության ղեկավար Վանեցյանը կարող է ցանկացածի հետ հանդիպել:  

Նշենք, սակայն, որ այսօր Irakanum.am լրատվականի հետ զրույցում Վանեցյանն ասել է, որ չի հանդիպել Կարապետյանի հետ։

Բադալյանի փոխանցմամբ՝ ՀՖՖ նախագահի հրաժեշտի խոսքից կարելի է եզրակացնել, որ նա փակեց կյանքի մի ժամանակահատվածի դուռը և բացեց մյուսը․

«Հիմա կզբաղվի քաղաքականությամբ, թե ոչ, չեմ կարող ասել։ Նա արդեն դրա մեջ է, որովհետև պատասխանում է վարչապետին։ Ուղղակի այս դրությամբ ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում»։

Հարցին, թե արդյո՞ք Վանեցյանը կարող է լինել առանձին ընդդիմադիր բևեռ, արդյո՞ք ունի այդպիսի հնարավորությունը, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ դրական պատասխան տվեց՝ հաշվի առնելով համապատասխան ռեսուրսները․ բարձր վարկանիշ (էական տարբերություն չկա Փաշինյանի վարկանիշի համեմատությամբ), հեղինակություն հանրության մի հատվածի մոտ, բավականին շատ տեղեկություններ, հարաբերություններ պետական ու վարչական ապարատի ներկայացուցիչների հետ, գործարարների ու քաղաքական գործիչների հետ։

«Ունի նաև մի ռեսուրս, որ չունի վարչապետը․ Փաշինյանը այս պահին չունի աշխարհաքաղաքական կենտրոնի ընդգծված, տեսանելի աջակցությունը։ ԱԱԾ նախկին տնօրենը, կարծես թե Ռուսաստանի անտեսանելի աջակցությունն ունի, որով գերազանցում է վարչապետին։ Միակ ռեսուրսը, որ չունի, տեսանելի խոշոր ֆինանսական ռեսուրսն է, որն անհրաժեշտ է կուսակցության կամ դաշինքի ստեղծման, քաղաքական գործունեություն ծավալելու համար»։

Ի պատասխան լրագրող, հրապարակախոս Լևոն Բարսեղյանի նամակին, թե ԱԱԾ-ն իրեն որպես կառույց համարո՞ւմ է Խորհրդային Միության Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կամ Պետական անվտանգության կոմիտեի իրավահաջորդ, ԱԱԾ-ից պատասխանել էին, որ Հայաստանի անվտանգությունն ապահովող իր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Իսկ  1918 թվականին, ըստ ԱԱԾ պատասխանի, ՀՀ-ում ստեղծվել է Ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքը, ինչն էլ այն առաջին հայկական պետական կառույցն է, որն ունեցել է հատուկ ծառայությունների և ազգային անվտանգությունն ապահովելու գործառույթներ հայոց պատմության նորագույն շրջանում, և որ այդ տարեթվից է հաշվվում ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրումը։

«Իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ»,- նշված է եղել պատասխանի մեջ։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել էր Բարսեղյանը։

Այս պատասխանի վերաբերյալ «Պրավդա» կայքի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան, իր հոդվածում անդրադառնալով ԱԱԾ-ի այս պատասխանին, նշել էր , թե «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։

Այս դիտարկման վերաբերյալ, Բադալյանն ասաց, որ սա էականորեն չի արտահայտում ռուսական իշխանությունների տեսակետը․

«Այնտեղ կան բազմաթիվ լրագրողներ, և դա չի ընկալվում որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում․ նրանք չեն որոշում պետական քաղաքականությունը։ Պետական քաղաքականությունը որոշվում է Կրեմլում, իսկ այլ լրատվամիջոցներ ազատ են որոշ չափով․ եթե դա էական վնաս չի հասցնում ռուսական իշխանություններին, տպվում է։ Իսկ եթե վնաս հասցնի, չի տպվի»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Ռոբերտ Քոչարյանին հետ համագործակցությունը, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ կախված է այն բանից, թե որքանով «ԲՀԿ»-ն կծառայի Վանեցյանի շահերին, որովհետև նրանք հավասարազոր ուժեր չեն, հավասազոր միավորներ չեն։

«Երբ որ «ԲՀԿ»-ն զգաց, որ խաղն ամբողջ թափով սկսված է և Վանեցյանի՝ վարչապետ դառնալու գործընթացն ամբողջովին ընթանում է առաջ, այդ պահին «ԲՀԿ»-ն ինքը կանցնի Վանեցյանի կողմը։ Այս պահին կարող ենք ասել, որ ինչ-որ գործընթաց սկսված է, բայց կոնկրետ բան չկա։ 100 քայլից տասն ենք տեսել, սակայն 11-ից հետո դեռևս որոշ հստակեցման կարիքներ կան»։

Վանեցյանը թե՛ իր հրաժեշտի խոսքում, թե՛ Փաշինյանին ուղղված այսօրվա պատասխանում նշել էր՝ «Կանգ ա՛ռ»։ Բադալյանն ասաց, որ դրանով Վանեցյանը նկատի է ունեցել՝ որոշակի գծեր ու սահմաններ, որ անցնել չի կարելի։

«Այդ արդեն իրենք կիմանան, թե ինչ սահմանների մասին է խոսքը»,- եզրափակեց նա։  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *