Հասարակություն

Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Հարգելի գործընկերներ,

Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը բոլորիցս՝ Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող լիցենզավորված և հեղինակազորված Հեռարձակողներից, ո՛չ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլև բարձր աստիճանի զսպվածություն և ինքնահսկողություն։ Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա և ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլև ապահովել դրանց դրսևորման նորմալ, բանական և քաղաքակիրթ ձևերը։ Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք և, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ և բանավեճեր։ Հայտնում է ՀՌՀ-ն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության և կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն, դա չի նշանակում , որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սևացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։

Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որևէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։

Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետևեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *