Հասարակություն

Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցելու է նրանց կարիքների անհատական ուսումնասիրության վրա հիմնված ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել: Պետության աջակցությունը չի սահմանափակվելու թոշակների և որոշակի արտոնյալ ծառայությունների տրամադրմամբ, նաև փոփոխվելու և հարմարեցվելու է միջավայրը:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Զարուհի Բաթոյանը:

«Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն և այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որևէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ և, իհարկե, առողջապահության ու կրթության ոլորտում որոշակի արտոնությունների  տրամադրմամբ: Սակայն, ցավոք, խոսք չի գնում հավասար հնարավորությունների ստեղծման մասին: Մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու արտոնություն ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ: Հիվանդանոցում չկան պայմաններ»,-նշեց Բաթոյանը:

Նախարարը բերեց նաև մեկ այլ օրինակ` բարձրագույն կրթությունն անվճար է հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող անձանց համար, սակայն բուհերը մատչելի չեն: Բաթոյանը կարևորեց, որ միջավայրը փոխվի, հարմարեցվի, որ մարդու կյանքում փոփոխություն լինի: Նա նկատեց` ընդամենը 25 000 դրամ կենսաթոշակն ուղղված չէ հաշմանդամություն ունեցողի կյանքի որակի փոփոխմանը, և դա չի կարող բավարար լինել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *