Հասարակություն

Թոշակի գնացած զինծառայողների բնակարանների որոշումն ընդունվեց. նախկին զինծառայողների պահանջը չկատարվեց

Կառավարության նիստի օրակարգից այսօր չհանվեց թոշակառու զինվորականներին բնակարան հատկացնելու որոշումը, ինչպես որ այսօր կառավարության առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ պահանջում էին նախկին զինվորականները: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին ներկայացրեց նախագծի մանրամասները: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ գումարով կարո՞ղ են նրանք բնակարան գնել: Նախարարն ասաց՝ միանշանակ, քանի որ բնակարանների համար առկա շուկայական գները թույլ են տալիս, որպեսզի թոշակի գնացած զինվորականները բնակարան ձեռքբերեն: Փաշինյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեից մի քանի ամիս առաջ տեղեկանք է ուզել եւ համոզվել, որ մարզերում բնակվողների կարիքները այդ գումարով կարող են հարյուր տոկոսով բավարարել: Դավիթ Տոնոյանն ասաց, որ հնարավոր է ինչ-որ պահի գործընթացը կանգ առնի Երեւանում՝ գումարների հետ կապված: Վարչապետն ասաց, որ ուզում է մեկնաբանություն անել այս հարցի վերաբերյալ, քանի որ կան բողոքներ: Նրա խոսքով, մեր երկրում հետաքրքիր տրամաբանություն կա. «Երբ ինչ-որ հարց մեռյալ կետում է եւ տարիներով չի լուծվում, դրա մասին ոչ ոք ոչ հիշում է, ոչ մտածում է, ընդհանարապես չեն էլ ուզում հիշել, դա նորմալ է: Երբ կամք է ցուցաբերվում եւ շահառուների 80-90 կամ՝ թեկուզ կեսի խնդիրը լուծվում է, բողոքներ են ի հայտ գալիս՝ այս ինչ եք անում, ոչ ինձ, ոչ քեզ տարբերակը: Ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Մենք ասում ենք՝ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երեւանում էլ առաջարկում ենք տարբերակ, եթե տարբերակը ձեռնտու է, այդ տարբերակից օգտվեք, եթե ձեռնտու չէ, այդ ոնց է, տասը տարի սպասել եք, մեկ ամիս չեք ուզում սպասել: Ուրեմն որոշակի ժամանակ էլի սպասեք: Ինչն է այստեղ վատ. Ընդդիմությունով, հասարակական կազմակերպությունով պետք է լուծեք այս հարցը: Թող ոչ մեկի հարցը չլուծվի: Մարդկանց ընդունում ես, իրենց խնդիրը լսում ես, մեկ-երկու ամսվա ընթացքում միջոցներ ես ձեռնարկում, որ այդ խնդիրը լուծվի, մարդիկ բողոքում են»: Վարչապետի խոսքով, կարող է լինում են մարդիկ, որ չեն ուզում Երեւանում ապրեն եւ ուզում են իրենց գումարը վերցնել եւ գնալ Արթիկում ապրել կամ կարող է լինեն մարդիկ, որ ուզում են Հյուսիսային պողոտայում ապրեն եւ դա պետք է քննարկեն հասկանան՝ ինչ պահանջ է, ինչպես է հիմնավորվում: Տոնոյանն ի պատասխան ասաց, որ շահառուն կարող է ձեռք բերել, որտեղ ուզի, թեկուզ՝ Հյուսիսային պողոտայում, բայց նա ստանալու է ֆիքսված գումար, ինչը հասանելիքն է: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *