Հասարակություն

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան խախտել է աշխատանքային օրենսգիրքը և խտրականության հիմքով լուծել փորձառու բուժքրոջ պայմանագիրը

Ա. Ս.-ը  Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում որպես բուժքույր աշխատանքի է անցել 1975 թվականից: 2017 թվականին, կենսաթոշակային տարիքը  լրանալուն պես, 2006 թվականից անորոշ ժամկետով կնքված նրա աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են արվում: Պայմանագիրն անորոշից վերածվում է որոշակի ժամկետով կնքվածի և երկարաձգվում մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը: Ա. Ս.-ը  չէր էլ պատկերացնում, որ մեկը մյուսին հաջորդող աշխատանքային պայմանագրերի կնքումն, ի վերջո,  ստիպելու է իրեն խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել դատարան։ Մինչ հերթական աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2018-ի նոյեմբերին Ա. Ս.-ը  հասցնում է մասնակցել նաև Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից անցկացված «Բուժքրոջ աշխատանքն առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ»  թեմայով վերապատրաստման դասընթացին և ստանալում է վկայական: 2019-ի հունվարի 1-ին, Ա. Ս.-ի աշխատանքային պայմանագիրը երկարացվում է ևս 6 ամսով՝ մինչև  2019 թվականի հուլիսի 7-ը: 2019 թվականի հուլիսի 1-ին կնքվում է նոր համաձայնագիր՝ դարձյալ աշխատանքային պայմանագրի երկարացման վերաբերյալ, որով էլ Ա. Ս.-ի  աշխատանքային պարտականությունները շարունակվում են ևս 1 ամիս՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը: 2019 թվականի օգոստոսի  12-ին Ա. Ս.-ն ազատվում է աշխատանքից՝ համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 –րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը (…) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի 65 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով)  և 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ( Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 օր առաջ): Գործատուն, սակայն, բացի նրանից, որ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում Ա. Ս.-ի հանդեպ, խախտում է նաև Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածը, որով  նախատեսվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի լուծման, այդ թվում նաև՝ ծանուցման կարգը: Տվյալ դեպքում բուժքույրը նախապես չի ծանուցվում աշխատանքից ազատման  մասին: Սեփական իրավունքների պաշտպանության ու իրավական աջակցության խնդրանքով Ա. Ս.-ը դիմում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:  Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի խոսքով՝ իրենք դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել 2019 թվականի օգոստոսի 12-ի թիվ 63 հրամանը, պոլիկլինիկայի և Ա. Ս.-ի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված։ Մեջբերելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը՝ Արայիկ Զալյանը նկատում է, որ «Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, և որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում նշված է դրա գործողության ժամկետը: Անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում՝ բացառությամբ   95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 3-րդ մասի  7-րդ կետի համաձայն էլ՝ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և 63 տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և 65 տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա»: Փաստաբանի խոսքով՝ որոշակի ժամկետով պայմանագիր կնքվում է բացառիկ դեպքերում, եթե տվյալ աշխատանքը կրում է ժամանակավոր բնույթ կամ առկա են 95-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախապայմանները:  Տվյալ դեպքում  անորոշ ժամկետով կնքված պայմանագրի փոփոխությունն արվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտմամբ՝ առանց գործատուի կողմից բուժքրոջ մասնագիտական կարողությունների գնահատման:  Կենսաթոշակային տարիքը լրանալը դիտարկելով որպես հիմք՝ գործատուն աշխատողին ազատել է աշխատանքից՝ ցուցաբերելով խտրական մոտեցում:  

 Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *