ՄԱՐԶ

«Փորձիր բացել հնարավորության դուռը». Հրանտ Այվազյան

Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանը ծնվել է Վանաձորում։ Հայրը Վահագնի գյուղից է։ Ասում է, որ այնտեղ չի ծնվել, բայց իրեն վահագնեցի է համարում։
Մանկության հուշերը կապված են գյուղական կյանքի հետ։ Դպրոցական արձակուրդներին միշտ լինում էր ծնողների գյուղում՝ Վահագնիում և Մղարթում:
Հրանտ Այվազյանը հաճախել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։
9-10-րդ դասարանները սովորել է նույն դպրոցի մաթեմատիկայի ուղղվածության դասարանում։
Այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ` «Մեխանիկա-մեքենաշինական» ֆակուլտետ։
Երկրորդ կուրսից զորակոչվել է Սովետական բանակ՝ Կուսուրիսկ-Խաբարովսկ Չինաստանի սահման։
<«Հետաքրքիր է՝ այդ ժամանակ երկու տարի էր զինվորական ծառայությունը. Գորբաչովը հրաման տվեց, որ ովքեր ուսանող են, դադարեցնեն ծառայությունը և վերադառնան, շարունակեն իրենց ուսումը։ Ստացվեց այնպես, որ ծառայեցի մեկ տարի։ Այդպիսի հրաման մեկ անգամ է եղել՝ 1989 թվականին»։
Հրանտ Այվազյանի մասնակցությունը հասարակական կյանքին սկսվել է ուսանողական տարիներից՝ 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ երկրորդ կուրսի ուսանող էր։
«Ակտիվ ուսանողներով նստացույց ենք արել Վանաձորի Արցախ պուրակում։ Ուսանողական տարիներից մտածում էի, որ պետք է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի առավել լավ ներկայացված։ Մտածում էի, որ պարզապես շարժմանը մասնակցելը բավարար էր, սակայն այդ ժամանակ ես չտեսա այն Հայաստանը, որը ցանկանում էի ունենալ և հասկացա, որ այդքանով ներդրում ունենալը և ետ քաշվելը բավարար չէ, ու որոշեցի զբաղվել ինքնակրթությամբ»։
1997-1998 թթ-ին ներգրավվել է հասարակական գործունեության մեջ, նպաստել՝ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը։
Այնուհետև, մասնակցելով <«Վանաձորի մարդու իրավունքների դպրոց»-ում տեղի ունեցող դասընթացներին և վերապատրաստվելով ՀՀ  Կրթության և Գիտության նախարարության կողմից, Հրանտ Այվազյանը մշակում է ծրագիր, որպեսզի «Մարդու իրավունքներ» և «ժողովրդավարություն» առարկան դասավանդվի դպրոցներում, որից հետո չորս տարի աշխատում է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով այդ առարկան։
Մասնակցելով տարբեր կոնֆերանսների և սեմինարների` գտել է իր հոբբին. «Սիրում եմ ստանդարտ թղթի վրա նկարներ խզբզել. դա օգնում է, որ ավելի լավ ընկալեմ այն դասընթացները, որոնց մասնակցում եմ։ Որպես կանոն, խզբզում եմ սեմինարների օրակարգերի վրա։ Յուրաքանչյուր նկարը մի սեմինար է»։
2011թ-ից դասավանդում է Վանաձորի Պոլիտեխնիկական համալսարանում՝
«Տրանսպորտի իրավունք», «Լոգիստիկա» և հարակից որոշ առարկաներ։
Նշում է, որ թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների հետ հեշտ է աշխատում, քանզի տեսնում է, որ կարող է ներդրում ունենալ երիտասարդների կրթության գործում։
Շուրջ տասը տարի ընդգրկված լինելով հասարակական գործունեության մեջ, մտածում է, որ պետք է ավելի լայն շրջանակներում գործունեություն ծավալել, ինչն էլ պատճառ է դառնում, որ 2003թ-ին հիմնադրեն Վանաձորի ԼԶԿ-ն  (Լոռու զարգացման կենտրոն), որի նպատակն էր բացահայտել համայնքային հիմնախնդիրներ, ուսումնասիրել ու լուծում տալ դրանց, իրականացնել կրթական ծրագրեր՝ այդ գործընթացում ներգրավվելով երիտասարդներին։
Հրանտ Այվազյանը նշում է, որ հասարակական գործունեության ճանապարհին եկավ մի ժամանակ, երբ միայն հասարակական ոլորտը բավարար չէր, որպեսզի ներդրում ունենար ի նպաստ համայնքի, երկրի զարգացմանը, ուստի որոշեց ներգրավվել կուսակցության մեջ։
 Պատգամավորը պատմում է, որ 2002թ-ին իրենց ծրագրերից մեկի ժամանակ (այն էր` Վանաձորի կիրճի տարածքը մաքրել աղբից), երբ փորձում էին խնդիրը վերացնել, իրենցից պահանջվեց մեկ տարի, որպեսզի փորձեին Վանաձորի ավագանուն համոզել, որ պահեստային ֆոնդից գումար հատկացնեն աղբահանության համար, սակայն լսեցին մի պատասխան` գործընթացը ժամանակավրեպ է։ Ցավով է նշում, որ այդ հարցը նույնիսկ օրակարգ։
«Մենք փորձեցինք ազդել որոշումներ կայացնողների վրա, այդպես էլ չստացվեց։ Այսինքն՝ երբ որ որոշումներ կայացնողները  լինեն հասարակայնորեն ակտիվ անհատներ` բանիմաց, գիտակից, այդ ժամանակ արդեն կհայացվեն այնպիսի որոշումներ, որոնք ավելի շահավետ կլինեն հանրության համար։ Երբ ուզում ես մի բան փոխել, որ ավագանին չի փոխում, ուրեմն պետք է դու լինես ավագանի ու  դու փոխես։
Սա դարձավ այն հենքը, որ Հրանտ Այվազյանը մուտք գործեց քաղաքականություն՝ դառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիրներից մեկը։
Նշում է, որ արդյունքի հասնելու համար պետք է նախաձեռնող լինել, պետք է փորձել սայլը տեղից շարժել ու պայքարել։ Ասում է, որ ընկերների առաջարկությամբ էլ մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին։
Հրանտ Այվազյանը ԱԺ ընտրություններին մասնակցել է երկու անգամ` և՛ 2017, և՛  2018 թթ-ին։
2017թ-ին առաջադրվելով «Ելք» դաշինքի կողմից` ձայների ոչ բավարար լինելու հետևանքով չի ընտրվել: Ապա 2018թ-ին «Լուսավոր Հայաստան»կուսակցության կողմից առաջադրվելով` ընտրվում է, և արդեն իսկ հանրության շահերը ներկայացնում ԱԺ-ում։
«Պատգամավոր դառնալուց հետո պատասխանատվությունս ավելի է մեծացել, միևնույն ժամանակ շրջապատի մարդկանց մոտ ավելացել է հավատը, վստահությունը, համոզմունքը, որ ամեն ինչ չէ, որ կորած է, ամեն ինչ չէ, որ ծանոթով է, որ հնարավորություն կա զրոյից հասնել արդյունքի»։
 Հրանտ Այվազյանը նշում է, որ այսպիսի զբաղվածության հետ մեկտեղ պետք չէ կտրվել ո՛չ ընտանիքից, ո՛չ բարեկամությունից, ո՛չ շրջապատից, միշտ լինել այնտեղ, որտեղ ավելի շատ կա քո կարիքը։
«Իմ ցանկացած  գործընթացի մեջ փորձում եմ աջակցել շրջապատիս  մարդկանց և բարձրանալով բարձրացնեմ մյուսներին, սովորելով  սովորեցնեմ, ձեռք մեկնեմ ու աջակցեմ, բայց միևնույն ժամանակ պահանջել, որ նրանք նույնպես հետևեն այդ սկզբունքին, աջակցեն հաջորդ սերունդներին»։
Հրանտ Այվազյանի խոսքով, կան հնարավորություններ, որ մարդը ինքը պետք է գտնի, տեսնի ու վերցնի։
«Պետք չէ անգործ նստել  և սպասել, որ Աստված մի դուռ կբացի․ պետք է փորձել բացել այդ դռները, այդ դռները կան, պարզապես պետք է բացել դրանք»։
Հրանտ Այվազյանը նշում է, որ շատերը, այդպես մտածելով, մնում են նույն տեղում` հույսը միշտ դնելով դիմացինի վրա, իրենց ձեռք մեկնողների վրա: «Շատերը նույնիսկ մեկնած ձեռքին հասնելու համար են ալարում։ Եթե քեզ ձեռք են մեկնել, պետք է միշտ հիշել, որ պետք է քո ձեռքն էլ մեկնես մեկ ուրիշին»։
Վստահ է` այս սկզբունքով մենք մեկ քայլ շուտ կունենանք այն երկիրը, որը ուզում ենք ունենալ, և որը արժանի է մեզ։
Այսպիսին է  Հրանտ Այվազյանը՝ իր սկզբունքներով, հայացքներով ու նորանոր գաղափարներով՝ միտված պետության ու հասարակության զարգացմանը։

Շուշանիկ Միսկարյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *