Քանի օր է՝ իշխողն այս քաղաքում անօրինակ ժպիտն է։ Տեւական ժպիտ կա ոչ միայն գունեղ ջրաղիթերի բարձրաթիռ ճախրին խառնված՝ կրծքից շատրվանող մանկանց ճիչերի եւ նրանց լուսե հայացքների մեջ։ Անսովոր բերկրությամբ են ճչում բոլորի հոգիները։ Ժպտում են այս օրերին մարդիկ, ծառերը, փողոցները, շենքերը։ Եվ ժպտալով իր լայնահուն գիրկն է բանում այս ժպտառատ աշխարհի առաջ Հայքի հրապարակը....
Եվ հիշում եմ։ Նախքան երկրաշարժը, թեեւ պարզուկ շատրվաններով, բայց նույն վեհությունն ուներ օտար անվանմամբ քաղաքիս այս նույն օտարանուն հրապարակը, որը շրջափակող կոթողային շենքերի կամարներին ու սյունաշարերին նաեւ Թամանյանի կնիքը կա։ Քաղաք էր՝ այդ տարիների սովորական հունով զարգացող, բազմամարդ, պաշտոնական տվյալներով՝ 180.000, ոչ պաշտոնականով (իրական)՝ 220.000 բնակչությամբ։ Ուներ այդ կարգի քաղաքներին հատուկ մշակութային օջախներ՝ մշակույթի պալատ—հուշարձան (երկրաշարժից հետո մեր Ազնավուրի սատարումով նորոգվեց եւ նրա անունն է կրում հիմա), թատրոն, վեց կինոթատրոն, պատկերասրահ, թանգարաններ, տասնյակ մանկապարտեզներ ու դպրոցներ, երեք հրաշալի զբոսայգի՝ կարուսելներով ու ճոճանակներով, իսկ կենտրոնական զբոսայգու «սատանի անիվն» ամենաբարձրն էր Հայաստանում։ Քաղաքն ուներ ճոպանուղի, որ հասնում էր Մայմեխ լեռան լանջն ի վեր եւ պիտի շարունակվեր մինչեւ լեռնագագաթ՝ միանալով ու ընդհանուր երթուղի ապահովելով Ծաղկաձորի ճոպանուղու հետ։ Քաղաքի Վանաձոր բարձրադիր թաղամասի ամենաբարձր կետերում զբոսաշրջիկների հանգստյան տունն էր, գրեթե տասնյակի հասնող ճամբարները՝ ողջ ամառ դպրոցականների ղողանջով ողողված, ու նաեւ բուսաբանական այգին։ Ամենից գողտրիկ վայրերից մեկը Շահումյանի հրապարակի հարեւանությամբ մի կողմում՝ մի լիճն էր՝ բարձր ու գեղանի ուռենիների շերտավարագույրներով եզրափակված, որտեղ լողափ էր, մեկ էլ՝ թիանավեր, մյուս կողմում՝ մեկից մյուսը թափվող ու լցվող երեք աննման լճեր, որոնցից մեկում եւս հանգստի գոտի էր՝ թինավերով եւ տարբեր պարագաներով ու հարմարություններով։ Բազմաթիվ էին սրճարանները, որոնցից ամենագրավիչն ու մարդաշատը բացօթյաներն էին։ Դե, իսկ քաղաքը բոլորափակող սարերն ու գանգրախիտ անտառները ժամանցի եւ սիրահարների հանդիպման տիրույթներ էին։
Երկրաշարժը, սակայն, ոչ միայն մարդկային կյանքեր խլեց, այլեւ փակեց քաղաքի բնականոն շնչառությունը։ Անտերության պայմաններում, ինչպես ժողովուրդն էր դառնորեն հեգնում, երկրաշարժը ոմանց համար եկամտաշարժի լայն դռներ բացեց։ Շատ արագ մետաղակույտի վերածվեցին ու որպես ջարդոն վաճառվեցին երբեմնի կարուսելները, տասնյակ ու տասնյակ գործարանների հարյուրավոր հաստոցներ...
Եվ երեսնամյա այս մղձավանջից հետո առաջին անգամ համընդհանուր բերկրանքի հնարավորություն ունեն վանաձորցիները, որովհետեւ կենսական վայելքի՝ իրենցից կողոպտված տարրական իրավունքին տեր դառնալու հուսո նշույլ է թրթռում հոգիներում, հանրությանը մարդկայնորեն միաձուլվելու տասնամյակների տանջված կարոտն է վերարթնանում ու մարմնավորվում նրանց ներսում։
Վայելե՛ք այս հրաշք հրապարակի երաժշտական գունաշիթերը, իմ տառապա՛ծ համաքաղաքացիներ։ Ձեր՝ անկեղծ մանկականությամբ զուլալված հոգիների հրճվանքը թող թվարկածս տեսարժան վայրերը վերադարձնելու բազմապատկված նոր հույս արթնացնի ձեր մեջ, բարությամբ ու վսեմով ապրել—արարելու անբեկանելի՛ հույս...
Շնորհավո՛ր տոնդ, նորոգման անկասելի ուղին բռնած մեր Վանաձո՛ր։
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
0 Մեկնաբանություն