Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Բնապահպանն ահազանգում է ապօրինության մասին, շահագործողը պնդում՝ հանքը օրինական է.տուժում է Կամչատկան (տեսանյութ)

Կամչատկա թաղամասն այդ անունն ստացել է Ալավերդուց ու իրականությունից կտրված լինելու պատճառով: Բնակիչների խոսքով՝ առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներն են ճանապարհն ու շենքերի անվտանգությունը: Ալավերդու վարչական տարածքում է Կամչատկան 2 շենք՝ 16 ընտանիք: Կառուցվել է 60-ականներին՝ որպես երկաթգծի աշխատողների կացարան: Դեբեդի ափին 2 մոտ լինելը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել բնակիչների համար: Վարարելուն պես ջուրը վնասում է ափամերձ այգիներն ու աստիճանաբար թուլացնում հողաշերտը: "Տիտանյան եղբայրներ" ՍՊԸ բեռնատարների անցուդարձն էլ պակաս վնասաբեր չէ: Այս ամենի հետևանքները շենքերի վրա տարեցտարի զգացնել են տալիս,- ասում է Արտաշ Դավթյանը՝ շենքից քար հանելով. "Բոլորն էլ հանովի դնովի են": «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ ծանրաքարշ տեխնիկան թաղամասի միջով անցնելով դեպի ավազահանք, շարքից հանել են ճանապարհը: Ոչ ոքից ճանապարհի նորոգման հույս չունեն ու դեկտեմբերի վերջից թույլ չեն տալիս դեպի ավազի հանք ՍՊԸ մեքենաների մուտքը: «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Սանասար Տիտանյանն ասում է, որ ընկերությունը 30 տարով ավազահանքերի շահագործման թույլտվություն ունի: Ամեն ինչ օրինական է՝ փաստաթղթով: Ճանապարհը փակելը, նրա կարծիքով ելք չէ: Տիտանյանը չի կարծում, թե իրենք վնաս են հասցնում էկոհամակարգին ու թաղամասին, մինչդեռ բնապահպան, "Ռաֆթինգ Արմենիա" թիմի հիմնադիր Գևորգ Վարդանյանը, որ մարզում ջրային տուրիզմի ու հատկապես ռաֆթինգի մասսայականացմամբ է զբաղվում, ասում է, որ եթե զարտուղի ճանապարհներով ու պետական թողտվության մակարդակով Դեբեդի հունը վերածվել է ավազահանքի, գետը մաս-մաս սեփասկանաշնորհվել, առնվազն կասկածի տակ կարելի է առնել մարզում տուրիզմի զարգացման հեռանկարը: Նրա խոսքով այս ամենը տեղի է ունեցել հողերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում: Իր այս մտահոգության մասին Գևորգը նաև գրառում էր թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Արձագանքել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով եթե կա լիազոր մարմնի կողմից տրված թույլտվություն ու տնտեսվարողը թույլտվության պայմանների խախտում թույլ չի տվել, պետք է լիազոր մարմնից պահանջել թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել: Օրեր անց Գրիգորյանին ազատեցին աշխատանքից: Բնապահպանների թիմը դիմել է ԲՆ և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզային կառույցին: Սպասում են արձագանքի: Կապվեցինք տեսչական մարմնի Լոռու մարզային կառույցի ղեկավար Աղասի Հարությունյանի հետ, խնդրեցինք տրամադրել համապատասխան փաստաթղթեր: Վերջինս խորհուրդ տվեց կապվել տեսչական մարմնի ղեկավարի մամուլի հարցերով օգնական Վրույր Պեպանյանի հետ: Մեզ հետ հեռախոսազրուցում Պեպանյանն ասաց, որ տեղյակ չէ խնդրին: Կծանոթանա և տեղեկություններ կտրամադրի: Այդպես էլ որևէ տեղեկություն չստացանք: Տարօրինակն այս պատմության մեջ այն է, որ Կամչատկային հարակից Աղունակագյոլ կոչվող ավազահանքը գտնվում է Օձունի վարչական տարածքում, ինչի համար «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն ամսական 150.000 դրամ է վճարում Օձունի բյուջե, Կամչատկա թաղամասը՝ Ալավերդու վարչական տարածքում է: Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ասում է, որ «Տիտանյան եղբայրներ» ընկերությունն իրենց վճարում է 1 այլ՝ Դեբեդ թաղամասում գտնվող Փիրուզյան ավազահանքի համար 57.000 դրամ: Տուժում է Կամչատկան, շահում Օձունը: Թե ինչպես է Տիտանյանին հաջողվել Դեբեդում ավազահանք ունենալ, չի մանրամասնում: Կատակով ասում է, որ միակ ծանոթությունն այն է, որ Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հորեղբայրն է, ով 2000-2008թթ ընկերության Օձունի հանգստյան տան տնօրենն էր: Վստահեցնում է, որ չի ունեցել անգամ իշխանությունների հովանավորությունը, պարզապես ցանկացել է և ստացել շահագործման թույտվություն:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *