Լոռու մարզի Քարաբերդ գյուղի Քյոխվախլու կոչվող հատվածում դեռ խորհրդային տարիներից գործում է ոսկու բաց հանք, անկախության տարիներին էլ ընդմիջումներով է գործել: Հանքը շահագործել է «Ասսաթ» ընկերությունը, որի սեփականատեր է հանդիսանում «Մվի Իռլանդ» չեխական ընկերությունը, որն էլ փոխկապակցված է Պրահայի նույն հասցեում գրանցված մեկ այլ՝ «Միներալ Վենչուս ինվեսթ» ընկերության հետ: Այս ընկերության հետաքրքրությունը Լոռու մարզի հանքերի նկատմամբ նոր չէ: Անցած տարի էլ բնապահպանների ջանքերով տապալվել են Լոռու մարզի մի քանի համայնքերում նախատեսված լսումները և ընկերությունը զրկվել է նախատեսվող հանքի շահագործման հնարավորությունից:
Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գործող ոսկու բաց հանքի ընդլայնման նախաձեռնությունն էլ տապալվեց։ Բնակիչներն ու բնապահպաններն ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել Փամբակի համայնքապետարան, որտեղ հանրային լսումներ էին նախատեսված։
Հավաքված մի քանի անտեղյակ մարդիկ Փամբակ խոշորացված համայնքի բնակիչներ են, որոնց կանչել են համայնքապետարան, առանց տեղեկացնելու, թե ինչո՞ւ, ի՞նչ թեմայով պետք է ներկա գտնվեն: Րոպեներ անց, տեղեկանալով, թե իրենց ինչու են «հրավիրվել»՝ հստակ դիրքորոշում արտահայտեցին, ասելով, որ դեմ են հանքի ընդլայնամանը, որը իրենց տեղեկություններով վտանգավոր է:
Փաստորեն, բնակիչները իրազեկված են, տեղեկություններ ունեն հանքարդյունաբերության և նրա հասցրած վնասների մասին, ինչպես նաև իրենց թույլ տալու կամ թույլ չտալու իրավունքի մասին:
Համայնքապետարանի բակում ներկա գտնվողները, որոնք հիմնկանում Վանաձոր և Ալավերդու քաղհասարակության անդամներ են, փակել էին համայնքապետարանի դուռը և թույլ չէին տալիս, որպեսզի շահագործող ընկերության ներկայացուցիչը և լսումների սակավաթիվ մասնակիցները մտնեն ներս:
Նախկին համայնքապետ Սամսոն Ոլիխանյանը, որը ներկայիս համայնքապետի խորհրդականն է, դեմ չէ հանքի շահագործմանը, ասում է՝ լավ կլինի, որ շահագործվի հանքը, աշխատատեղեր կբացվեն, գործազրկությունը կնվազի: Բնապահպանական խնդիրների, ռիսկերի մասին էլ կարծիք ունի, բայց չի պնդում: Մի բնակիչ էլ մատնացույց անելով մթերային խանութը՝ ասում է, որ այսօր ոչ մի բան էլ մաքուր չէ, իսկ հանքի շահագործմանը ինքը կողմ է, աշխատատեղեր կբացվեն:
Մեզ չհաջողվեց անհանգիստ, այս ու այն կողմում հայտնվող, կատակասեր համայնքի ղեկավարից հարցազրույց վերցնել, ասում է՝ ուխտել է լրագրողներին հարցազրույց չտալ, հյուրասիրե՞լ՝ խնդրեմ: Փակ կառավարման կողմնակից է:
Հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչը ևս հրաժարվեց հարցազույց տալ, սակայն շատ ակտիվ էր սպառնալիքների, հրելու, հրմշտելու հարցում, իսկ երբ փորձում էր մտնել համայնքապետարան՝ հանդիպեց սակավաթիվ, բայց իրավատեր քաղաքացիների արգելքին:
Լսումներ չարեցին, բնակչության լայն զանգվածներին էլ չէին իրազեկել, արձանագրությունը կազմեցին ու հեռացան:
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գտնում է, որ Փամբակ և Քարաբերդ համայնքների բնակիչներին հավասար՝ հարկավոր էր իրազեկել և հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչներին, որովհետև հանքը ընդամենը մեկուկես կմ է հեռու Վանաձորից և ուղիղ, դեմ-հանդիման նայում է քաղաքին:
Վանաձորաբնակ բնապահպան, անտառային մասնագետ Վահան Մխիթարյանն էլ, ասում է, որ հանքի հասցրած բնապահպանական վնասները ակնհայտ են և տեսանելի Վանաձորի իրենց թաղամասում:
Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ չեխական երկու կազմակերպություններ՝ օրգանական և կեսաբանական ուսումնասիրություններ են կատարել Քարաբերդում: Նմուշառումներն այս պահին հետազոտվում են միջազգային լաբորատորիաներում և դեկտեմբերին կպարզվի, թե մինչև հիմա գործող հանքավայրը ինչ վնասներ է հասցրել շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն