Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Քիչ մնա ճիճու, օձ, գորտ դուրս կգա: Այս ջուրը խմում են 120 աշակերտ, այս ջրով ճաշ ենք եփում»: Պրիվոլնոյե (տեսանյութ)

«Թող կառավարությունն իմանա, որ սա սխալ էր»: Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում դժգոհ են խոշորացումից:

Վրաստանին սահմանակից Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղն, ի սկզբանե, դեմ է եղել խոշորացմանը: Բնակիչներն ասում են, որ չի եղել տեղական հանրաքվե, որով կարողանային իրենց կարծիքը ևս հաշվի առնվել: Գյուղը փնջի մյուս բնակավայրերից կտրված է: Միավորվել են Սարչապետ համայնքի մեջ ու այդ օրվանից իրենց ու համայնքի ղեկավարի ջրերը մի առվով չեն հոսում:Համայնքի ղեկավարին չենք տեսել,-ասում են, հազվադեպ է լինում այստեղ, ինչ հարցով էլ դիմում ենք՝ հարկերի մասին է հիշեցնում: «Իբր ջրագիծ է նորոգել, բայց նորմալ խմելու ջուր չունենք: Քիչ մնա ճիճու, օձ, գորտ դուրս կգա: Այս ջուրը խմում են 120 աշակերտ, այս ջրով ճաշ ենք եփում»,- ասում են բնակիչները: Թերեզա Հայրապետյանը հիշում է, որ 40 տարի առաջ, երբ գյուղ հարս եկավ, Պրիվոլնոյեն առաջադեմ գյուղ էր,- հիմա հայտնվել է ամենավատ վիճակում: Վերջին անգամ գյուղը մանկապարտեզ ունեցել է 1993-ին: Մանկահասակ երեխաները շատ են, նրանց փողոցից կտրել ու կրթել է հարկավոր, որպեսզի դպրոցին պատրաստ լինեն: ճանապարհների անմխիթար վիճակը նեղն է գցել նաև Պրիվոլնոյե- Ստեփանավան ավտոբուսի վարորդին: Ճանապարհ չկա,- ասում է, աշխատածովս էլ հազիվ հասցնում եմ ավտոբուս նորոգել: Գյուղի բնակիչները շատ բան չեն ուզում՝ դեպի գյուղ տանող ճանապարհները նորոգվեն ու կաթի գինը բարձրանա, որ գոնե հարկեր կարողանան վճարել: Թե չէ առավոտից երեկո աշխատում, սեփական չարչարանքի գինը չեն տեսնում: Կաթ մթերող ընկերություններն էլ օգտվելով առիթից, իրենց գինն են թելադրում: Ստիպված հանձնում են: Սարչապետ խոշորացված համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը պրիվոլնեցիների բողոքներին ու դժգոհություններին իր հակափաստարկներն է բերում՝ բյուջեն ավագանին է հաստատում, 2 անդամ էլ իրենք ունեն, թող ավագանուց պահանջեն: Տարիներով սովորել են հարկեր չվճարելուն: Այն, ինչ արվել է Պրիվոլնոյեյում արվել է մյուս համայնքների հավաքագրումների հաշվին, որքանո՞վ է դա ճիշտ: 2-րդ փուլի խոշորացումից Բարոյանն էլ է դժգոհ: Տարածքային առումով, այն ճիշտ չէր: Պրիվոլնոյե գնալ-գալն իր համար էլ է լրացուցիչ դժվարություններ ստեղծում, բացի հարկերի հետ կապված գլխացավանքը: 7 համայնքների ընդհանուր՝ 143 մլն դրամ բյուջեից 100 մլն-ը պետության դոտացիան է: Ֆինանսական այս զամբյուղում հավաքագրումների ամենաքիչ մասը Պրիվոլնոյեն է ապահովում: 2019-ին Բարոյանը ծրագրել է լուսավորել Պրիվոլնոյեն: Էներգախնայող 200 լամպերի տեղադրումը համայնքին կարժենա 3 մլն դրամ: Որոշել է նաև մանկապարտեզ կառուցել՝ 1 մլն դրամ համայնքային բյուջեից գումարած 1 տարվա աշխատավարձի վճարում, մնացածը՝ սուբվենցիոն ծրագրով: Իսկ ճանապարհների խնդիրն ավելի լուրջ է, համայնքը միայնակ ի զորու չէ լուծել խնդիրը:

 

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *